«Հրապարակ». Ինչո՞ւ են դատի տալիս Փաշինյանին. նյարդեր ու «կոնֆուզներ»
Thu, 26 Nov 2026 10:45:24 +0400
Հայաստանի առաջին երեք նախագահների պաշտոնավարման տարիներին նրանց անձամբ դատարան տանելու, նրանց դեմ զրպարտության կամ վիրավորանքի հայց ներկայացնելու պրակտիկա չկար: Հակառակն էլ չկար՝ նախկին նախագահները երբեք որեւէ մեկի դեմ դատական հայց չեն ներկայացրել։
Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի օրոք էլ քաղաքական սուր բախումներ լինում էին, երբեք իրեն թույլ չէր տալիս անձնական վիրավորանքներ հնչեցնել ընդդիմախոսների հասցեին, ինչը դատարան դիմելու հիմք կտար։ Քոչարյանին դատի տալու դեպքեր եւս չեն եղել: Իսկ պաշտոնաթողությունից հետո ինքն ու իր ընտանիքն էին դատարան դիմում՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, «Հրապարակ» օրաթերթի դեմ: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին եւս երկրի ղեկավարին դատի տալն անհավանական մի բան էր: Իհարկե, նման դատը չէին էլ շահի, բայց, միեւնույն է՝ նա կոռեկտ էր արտահայտվում հակառակորդների հասցեին, անկախ նրանց նկատմամբ իր երբեմն նենգ վերաբերմունքից:
Փաշինյանի օրոք երկրի ղեկավարին դատարան տանելը սովորական երեւույթ է դարձել, ինչպեսեւ հակառակը՝ երկրի ղեկավարն է աջուձախ դատի տալիս: Հայցվորներից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «ավանդույթը» կատարելագործեց՝ նոյեմբերի 23-ին միջնորդեց, որ դատարան ներկայանա անձամբ Նիկոլ Փաշինյանը, եւ դատարանը բավարարեց միջնորդությունը։ Վարչապետը, հիշեցնենք, հուլիսին հայց էր ներկայացրել դատարան, քանի որ վիրավորվել էր Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչած այն ձեւակերպումից, թե ինքը «տարրական պուճուր ընտրակեղծարար» է։ Վարչապետը պահանջել էր հերքում, սակայն նոյեմբերի 23-ի դատական նիստում Մարուքյանն ու նրա պաշտպանները շրջեցին խաղն ընդդեմ վարչապետի: Նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայությունն ու հարցաքննությունը՝ որպես վկայի։ «Թող գա այստեղ, կանգնի ու ասի՝ ինչից է վիրավորվել»,- պնդեց Մարուքյանը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, եւ հիմա Նիկոլը ստիպված է լինելու առերեսվել «կլասիկ» քաղաքական գործչի հետ:
Մարուքյանի «պուճուր ընտրակեղծարարը» ոչինչ է Նիկոլի «եղկելիի» համեմատ: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ուղղված «եղկելի» բառը Փաշինյանը կրկնել է մի քանի անգամ, շեշտելով՝ «Դուք, անձամբ Դուք եղկելի եք»: Իրականում, «եղկելին» վարչապետի համար այն վիճակն էր, որում ինքը հայտնվեց Հռիփսիմեի հարցից հետո: «Ասենք՝ Դուք Դուբլին որ գնացել էիք, Ալիեւին հարցրե՞լ եք, ասե՞լ եք՝ բա դու հորդ հետ խի՞ չես մեռել։ Հարցրե՞լ եք իրան։ Ինչո՞ւ եք անընդհատ հայերին գալիս հարցնում, ու ընդհանրապես, կներեք արտահայտությանս համար, բա Դուք ինչի՞ եք սաղ, Ձեր, չգիտեմ` Կոնջորյանը, Խանդանյանը, Արայիկ Հարությունյանը, Վահան Կոստանյանը, չծառայածներով եւ ընդհանրապես ձեր թիմով դուք ինչի՞ եք սաղ մնացել»,- ասել էր Հռիփսիմեն: Ոճը գնահատողական էր, բայց հարցը շատերի սրտով էր: Վարչապետի «կոնֆուզը» տեսանք` նրա ինքնատիրապետումը կորցնելը մխիթարանք էր շատերի համար, դառը սրտի մխիթարանք: Այժմ Հռիփսիմեն դատի է տալիս Փաշինյանին, պահանջում է հրապարակային ներողություն եւ վիրավորանքի հերքում նույն հարթակում՝ իր պատվի, արժանապատվության ու մասնագիտական համբավի պաշտպանության շրջանակներում, նաեւ՝ փոխհատուցում: Հռիփսիմեին աջակցում են Հայաստանի ժուռնալիստների միությունը, մեծ թվով լրագրողներ ու հանրային գործիչներ, նաեւ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա «մեծ գոհունակությամբ» է կարդացել միության տարածած դատապարտող հայտարարությունը եւ այս արձանագրումը ծանր ապտակ է համարում գործող վարչապետի քաղաքական իմիջին:
Փաշինյանի հայտարարությունները հիմք են ծառայել նաեւ, որ նրա նախկին թիմակից, նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայց ներկայացնի նրա դեմ: Նախկինների օրոք Սոֆյա Հովսեփյանն ամենահայտնի ակտիվիստներից էր, բազմաթիվ բողոքի շարժումների, այդ թվում՝ «Էլեկտրիկ Երեւանի» մասնակից: 2021-ին նա դուրս եկավ ՔՊ-ից ու սկսեց քննադատել իշխանություններին: Իսկ երբ 26-ի ընտրություններից հետո Փաշինյանն ասել էր, որ ընդդիմությանն ընտրողները 100 տոկոսով ընտրակաշառքով են ընտրել, Հովսեփյանը քննադատել էր նրան «Հրապարակին» տված հարցազրույցում եւ տականքներ անվանել: Այս հարցազրույցի համար Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան: Վիրավորանքի համար հայց է ներկայացրել նաեւ Սոֆյան: «Այսինքն՝ ստացվում է, որ ցանկացած ոք, ով ընտրել է ընդդիմությանը, ընտրակաշառք է վերցրել»,- ասում է Հովսեփյանը: Նա դատարան է դիմել՝ պահանջելով հերքել նաեւ իր հասցեին հնչեցրած զրպարտությունն ու ներողություն խնդրել: Այս գործով առաջին նիստը նոյեմբերի 24-ին էր: «Դեռ նախնական դատերն են: Արդեն չորրորդ նիստն է: Չէի ասի, որ դանդաղ է գնում: Բագրատ սրբազանն ավելի շուտ է նրան դատի տվել, բայց դեռ նորություն չկա: Իմն արդեն 4 նիստ է եղել»:
Սոֆյա Հովսեփյանին հարցրինք, թե ինչու նախկին ղեկավարների դեմ մարդիկ հայցեր չէին ներկայացնում: «Որովհետեւ ոչ մի ղեկավար սանձարձակ պահվածք չի ունեցել, չի վիրավորել, զրպարտել, բամբասանք արել ԱԺ-ում, ոչ կոռեկտ եղել: Ում ինչ ուզում է` ասում է, ու երբ նրան հարցնում են, թե ինչու է վիրավորում մարդկանց, ասում է՝ հետո՞ ինչ, որ վիրավորում եմ: Ոչ մի նախագահ ու վարչապետ չի ունեցել նման խոսույթ»,- ասում է Սոֆյա Հովսեփյանը:
Բագրատ սրբազանից բացի, քաղաքական ֆիգուրներից դատարան է դիմել նաեւ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը 6 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել Փաշինյանին, «Միասնության թեւեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը, ՀՀ երկրորդ նախագահը, որը դեռ 2021-ին էր զրպարտության հերքման ու 4 մլն դրամի պահանջ ներկայացրել վարչապետին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ որդիները, որոնց վարչապետի խոսնակը մեղադրել էր կոռուպցիոն համակարգ ղեկավարելու մեջ:
«Դա վիրավորանք չէ, այլ՝ քաղաքական գնահատական», «Իսկ իրենք ինչե՞ր են ասում իմ հասցեին», «Ես ժողովրդի մանդատով եմ խոսում»․ ահա վարչապետի հակադարձումները մարդկանց վիրավորելու համար իրեն մեղադրողներին: Զարմանալի չէ, որ երկրի ղեկավարին պատասխանատվության կանչողների ցուցակը գնալով երկարում է։