«Հրապարակ». Ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա

«Հրապարակ». Ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա

Thu, 26 Nov 2026 12:15:49 +0400


Հարցազրույց նկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի հետ

– Մեր ընթերցողին ներկայացրեք, խնդրեմ, Ձեր արվեստանոցի առօրյան, նկարում եք, նկարել եք սովորեցնում, կարծեմ` հենց այստեղ էլ ապրում եք:

– Այո, հենց այստեղ էլ ապրում եմ` արվեստանոցում: Ինձ միշտ թվացել է, որ ես արվեստանոցում եմ ծնվել, մեծացել: Արվեստանոցը տրամադրում է, որ դու անընդհատ արվեստի մեջ լինես: Նաեւ դասավանդում եմ Մանկավարժական համալսարանում՝ գեղարվեստական լուսանկարչություն, արդեն 12 տարի, եւ պրոֆեսորի կոչում ունեմ: Աշխատում եմ շատ լավ ու հետաքրքիր ուսանողների հետ, շրջում ենք ամբողջ Հայաստանով` դեռ Արցախից սկսած, լուսանկարում ենք, ցացահանդեսներ ենք բացում: Իսկ արվեստանոցում շատ աշակերտներ ունեմ, որոնց նկարել եմ սովորեցնում: Իրենց հետ շփվում եմ, մաքրագործվում եմ: Այսինքն, էն, ինչը որ իրենց տալիս եմ, վերադառնում է, իրենց մաքրությունն ու զուլալությունն էլ փոխանցվում են ինձ, եւ ավելի երջանիկ եմ զգում:

– Կպատմե՞ք Սամվել Սեւադայի նախասիրությունների մասին՝ արվեստանոցից դուրս:

– Արվեստանոցից դուրս հիմա շատ կյանք չունեմ: Բացի գեղանկարչությունից, սիրում եմ արվեստի տարբեր ոլորտներում շփումները, նկարահանվել եմ տարբեր ֆիլմերում, բանաստեղծություններ եմ գրում՝ շատ, գրքեր ունեմ՝ մի քանի, հիմա մոդա է, չէ՞, գիրք ունենալը, ես էլ ունեմ: Հետաքրքիր է այդ կյանքով ապրելը: Լավ ընկերներ ունեմ, շփվում եմ, դուրս եմ գալիս, երբեմն հանրապետությունից էլ եմ հեռանում՝ նոր բաներ տեսնելու` նոր ապրելաձեւ ու նոր արվեստ: Վերջերս Իտալիայում էի, հատկապես՝ Ֆլորենցիայում։ Գնացի, իմ սիրած նկարիչների կյանքն ուսումնասիրեցի նորից ու մոտիկից: Այցելեցի Սանդրո Բոտիչելլիի գերեզմանին: Գնացի այդ լեգենդների օրրանը եւ շատ երջանիկ եմ դրա համար:

– Իսկ ի՞նչ «թուլություններ» ունեք:

– Լավ ընկերական շրջապատ ունեմ: Երբ ուղիղ 20 տարի առաջ եկա Ամերիկայից, մի օր նստած էինք Սասուն Պասկեւիչյանի ամառանոցում, բոլորս էլ՝ արվեստագետներ, խորովածից հետո որ պիտի նարդի խաղայինք, հիշեցի` մեքենայիս մեջ պոկերի ճամպրուկ կա, բերեցի ու իրենց խաղալ սովորեցրի: Արդեն 20 տարի է այդ խումբը, որ ոչ մի հոգի չի փոխվել, եւ փակ ակումբ է, շաբաթը մեկ հավաքվում ենք: Մեծ փողեր չենք խաղում, շատ քիչ, ուղղակի պոկեր ենք խաղում: Հրաշալի խումբ է, երբ ժամանակդ անցկացնում ես իրենց հետ, կտրվում ես աշխարհից, քո բոլոր պրոբլեմները մոռանում ես, որից հետո նորից վերադառնում ես կյանք:

– Երբ Ամերիկայում էիք, ի՞նչ էիք անում, նկարո՞ւմ էիք, թե՞ անպտուղ ժամանակ էր:

– Չէ, Ամերիկայում անպտուղ ժամանակ չեմ ունեցել: Նկարչական մեծ դպրոց ունեի` 120 աշակերտ, գիշեր-ցերեկ լարված աշխատում էի, արվեստի ամսագրեր էի տպում, նկարում էի, շատ ցուցահանդեսներ եմ ունեցել, նկարներս վաճառվում էին: Ամերիկան ինձ շատ բան տվեց:

– Ինչո՞ւ գնացիք եւ ինչո՞ւ ետ եկաք:

– Գնացի աշխարհ տեսնելու, հասկանամ` ինչ է կատարվում դրսում: Դեռ սովետ էր, երբ ես գնացի, 1989 թիվն էր: Էդ ժամանակ էր, երբեք չեմ մոռանում, Գրողների միության նկուղում, որ «Նավզիկե» սրճարանն էր, գնալուց առաջ իջա, տեսնեմ` տղերքը հավաքվել են, Վանոն էլ էր նստած: Ինձ տեսավ, հեգնանքով մի ունքը հանեց դրեց ճակատին՝ իր նման, եւ ասաց` գնում ես, հա՞: Ասացի՝ հա, գնում եմ: Հետո տեսա, որ իր էդ հեգնանքին չեմ կարողանում պատասխանել, հարցրի` ի՞նչ ուղարկեմ քեզ համար: Ինքն էլ լրջին տվեց, ասաց` կարո՞ղ ես զենք ուղարկել:

– Բայց հետո եկաք եւ 1996-1998թթ. որպես Երեւանի գլխավոր նկարիչ աշխատեցիք, կարծեմ՝ Վանո Սիրադեղյանն էր Երեւանի քաղաքապետը:

– 1996թ. զանգ ստացա Ամերիկայում մեր դեսպանատնից, թե՝ պարոն Սեւադա, Ձեր անունով ֆաքս է եկել, հրավիրում են Երեւանի գլխավոր նկարիչ աշխատելու: Ես շատ ուրախացա: Արթուր Մեսչյանի անունով էլ էր եկել` քաղաքի գլխավոր ճարտարապետ աշխատելու հրավերով: Զանգեցի, գտա իրեն, ու մենք եկանք աշխատելու: Այդ երկու տարին էլ ինձ շատ բան տվեց՝ լավ իմաստով: Ես ինչ որ կարող էի քաղաքի համար, արեցի: Էլի բաներ եղան: Մենք որոշել էինք Գառզուին եւ Ժանսեմին բերել Երեւան: Ես գործուղվեցի Փարիզ, նկարահանող խումբ էլ եկավ: Եվ ես 10-15 օրվա ընթացքում մի քանի անգամ հանդիպեցի երկուսի հետ էլ: Երկուսն էլ մեծ ուրախությամբ համաձայնեցին գալ Երեւան: Որովհետեւ Վանոն ասել էր` ես երկուսին էլ տուն կտամ՝ առանձին-առանձին:

– Գային Երեւան՝ հիմնակա՞ն բնակվելու:

– Եթե ոչ հիմնական, գոնե գային՝ այստեղ նկարեին, հետո իրենց անունով թանգարան կբացեինք, առանձին տուն-թանգարաններ: Էդ ոգեւորությամբ գնացի Փարիզ, շատ մտերմացա իրենց հետ, շատ լավ ընդունեցին ինձ: Խոսեցինք, պայմանավորվեցինք, երկուսն էլ համաձայնեցին, եւ ես ուրախ-ուրախ վերադարձա Երեւան: Բայց դրանից կարճ ժամանակ անց` հայտնի ուժերի ազդեցության տակ, կառավարությունը հրաժարական տվեց: Էդ գործն էլ, բնականաբար, արդեն ոչ մեկին հետաքրքիր չէր, էդ խառը ժամանակներն էին: Հետո իրենք մահացան, երկուսն էլ գնացին, եւ էդ գործը գլուխ չեկավ: Իսկ հիմա Ժանսեմի գործերի գները սարսափելի բարձրացել են, ամենահասարակ գծանկարն անգամ 60 հազար դոլարից է սկսվում: Նրա բոլոր իրավունքները Հարավային Կորեայի կառավարությունն առել է եւ Սեուլում բացել է Ժանսեմի թանգարան:

– Ժամանակ գտնո՞ւմ եք հետաքրքրվելու հասարակական, քաղաքական կյանքով, թե ինչ իրականության մեջ ենք ապրում, ինչ է կատարվում մեր շուրջը:

– Իհարկե, ես անընդհատ էլ հետեւում եմ, թե ինչ է կատարվում, շատ ուշադիր եմ: Կատարվում է էն, ինչ որ միշտ էլ կատարվել է: Այսպես կոչված` քաղաքական ներքին պայքար: Բայց քաղաքական էլ չէ դա, ինչ-որ գոյատեւելու պայքար է: Ուղղակի էն աստիճանի են արդեն խառնվել, չգիտես՝ որ մեկի կողմը պահես, որ ճիշտ լինի: Չգիտես՝ ով է ճիշտ, ով է սխալ: Եվ էդ խառնիճաղանջի մեջ գլուխդ կորցնում ես, երբ ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա, որովհետեւ նրանք գիտեն, չէ՞, թե ինչ է կատարվում. տեսագրվում է, դուրս է գալիս եթեր այդ ամենը, եւ նրանք տեսնում են: Ծիծաղելի վիճակի մեջ ենք հայտնվել ազգովի: Էն աստիճանի է հասել, որ արվեստագետներն էլ են գզում իրար, անպատիվ բաներ են գրում մեկը մեկի հասցեին, որը շատ վատ է: Եվ մեկը մեկին մեղադրում է, թե դու ինչ մտավորական ես, մտավորական էր, ասենք, էնինչը: Ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ դասակարգերի են բաժանել: Հիմա, պարզվում է, բոլորն են մտավորական, ազատ է, ամեն արժող ու չարժող մտնում է Ֆեյսբուք կամ որտեղ ասես, եւ անգրագետ-անգրագետ գրում են, խոսում են՝ ինչ ուզեն: Նույնիսկ տհաճ է կարդալը: Մեզ էլ` ինձ ու քեզ էլ են կպնում, մեկ էլ տեսնում ես՝ մեկը գրում է` իրեն մտավորական է կոչում, էլ չգիտեմ թե ինչ: Այդպես հնարավոր չէ, պետք է հանգստանա մեր երկիրը:
Մեր քաղաքական գործիչներից է շատ բան կախված: Իրենք, անկախ իրենցից, սրում են իրավիճակը, ժողովուրդն էլ թշնամացել է: Հանկարծ տեսնում ես, որ արտասահմանում նստած հայերն ինչ ասես գրում են, նրանք էլ իրենց կողմից են իբր հայրենասեր, ոչ բարով: Հայրենասե՞ր եք` եկեք այստեղ, գնացեք կռվեք, թե շատ եք ուզում, կամ ինչ-որ բան: Իրենց թվում է, թե մի քանի դոլար փող են ուղարկում կամ մի քիչ ինչ-որ օգնություն են ցույց տալիս, փրկեցին, իրավունք ունեն: Հիմա, կարծեմ, Հայաստանում օգնության կարիք ունեցող մարդիկ շատ չեն, ինչքան էլ որ գրում են, թե աղքատ է Հայաստանի ժողովուրդը: Ո՞նց է աղքատ, երբ նայում եմ` խանութներում ասեղ գցելու տեղ չկա: Սովետի ժամանակ, հիշում եմ, Երեւանում մի 10 հատ ռեստորան կար, հիմա հազարավոր ռեստորաններ կան եւ այն էլ ի՜նչ չափերի: Անգամ մոտենալ հնարավոր չէ, տեղուդադար չկա: Իսկ մեքենաները արդեն գիտեք, թե ինչ է կատարվում, ամբողջ հանրապետությունում ուղղակի շարժվելու տեղ չկա, էլ չեմ խոսում` մայրաքաղաքում: Էսքան շենքեր են սարքում՝ առանց հաշվարկի, չգիտես` որին ինչ ասես: Ու սրա վերջը չի երեւում: Արդեն մեզ ձայն էլ չի հասնում, որ բողոքենք, խոսենք, ո՞վ է լսում:

– Եղել եք Երեւանի գլխավոր նկարիչը, ի՞նչ կասեք այսօրվա Երեւանի արտաքին տեսքի մասին:

– Չե՞ք տեսնում, թե Երեւանում ինչ է կատարվում, ահավոր է: Երեւանն այլեւս մերը չէ, իմը չէ էս Երեւանը: Հա, կենտրոնը պուպուշ է, սարքել են, լույսեր են դրել, բայց ուրիշ մարդիկ են քայլում, օտար դեմքեր են, եւ մերը չէ այլեւս Երեւանը։ Ռեստորանները` թանկ, ամեն ինչը` թանկ, կենտրոն իջնել հնարավոր չէ, սարսափելի վիճակ է, եւ ես շատ դժգոհ եմ այդ իմաստով: Ինձ համար շատ քիչ է, որ Երեւանի կենտրոնը սիրուն է, դրանից որեւէ բան չի փոխվում: Մենք գիտեինք վարդագույն Երեւանը, սիրում էինք, աշխարհում միակ քաղաքն էր: Կարելի էր այդ վարդագույն պատերը մաքրել, բացել, եւ դառնում է հրաշք: Ինձ ասում են` ինչի՞դ է պետք էդ վարդագույն տուֆը: Քաղաքը սիրուն էր, նուրբ էր, մարդամոտ էր: Էդ բարձրահարկերը սարքել են, խեղճանում ես դրանց շուքի ներքո՝ անկախ քեզնից: Մեքենաներն էլ բորենիների նման վրադ են քշում, եւ դրա վերջը չկա:

– Խոսենք մի մեծադիր կտավի մասին, որ հիմա այստեղ` արվեստանոցում, Ձեր թիկունքում է դրված: Ի՞նչ եք նկարել:

– Էս նկարը վերջերս եմ նկարել, կոչվում է «Զանգեզուրյան զանգեր»: Էս վերջին դեպքերի հետ է կապված, թե` մեր Սյունիքը, Մեղրին, Գորիսը կամ, չգիտեմ, Թրիփփը, ճանապարհները… Դրա համար էլ ես այդտեղ զանգեր եմ նկարել, այսինքն` իմ հաշվով, զանգեր եմ հնչեցնում: Տագնապի զանգեր են:

– Դուք ապրել, ստեղծագործել եք ե՛ւ Ամերիկայում, ե՛ւ Հայաստանում: Ի՞նչ պայմաններում է ապրում արվեստագետն այսօր մեր երկրում: Ի՞նչ է նրան պետք, ինչ-որ պակաս բան ունի՞, թե՞ ամեն ինչ լավ է:

– Նկարչին լավ հայրենիք է պետք, մնացածը հեշտ է: Տագնապ կա օդում կանգնած: Արվեստագետները շատ շուտ են զգում էդ տագնապը, ժամանակից շուտ են զգում: Մենք կատվի նման ենք, երկրաշարժը դեռ չեղած` կատուները, ձկները շուտ են զգում: Էդ տագնապը մեր մեջ կա, մենք հանգիստ չենք ապրում, անընդհատ տրոփում ենք, որովհետեւ էդ ցավը, էդ դարդը մեզ էլ են պատել, բնականաբար: Անհանգստություն կա օդում: Իսկ, ընդհանրապես, նկարիչները, արվեստագետները ո՞նց են ապրում: Շատ բարդ է ապրել հիմա այստեղ, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է, արվեստագետը չի կարող միայն նստել արվեստանոցում: Լավ-լավ նկարիչներ կան, ընտիր, որ Սարյանի արձանի մոտ նկարները դրած՝ նստած են: Արդեն մեկ-մեկ էլ իրենց խմելու են տալիս, բնականաբար, բա ի՞նչ պիտի անեն: Էդպես ապրում ենք, էլի: Բայց ամբողջ աշխարհում էլ այդ բանը կա: Փարիզում քայլում էի Սենայի ափով, նկարիչները` հարյուրավոր, էլ չեմ ասում` հազարավոր, նստած նկարում էին: Չգիտես` դրանցից ով ինչ է դառնալու, որի ապագան ինչ է լինելու: Այնպես որ, մենք էլ ապրում ենք մեր կյանքով՝ մեր սիրելի երկրում, ինչ էլ լինի` մեր երկիրն է, մենք շատ սիրում ենք, նվիրված ենք էս երկրին: Ես անձամբ աշխատում եմ երեխաների հետ, շատ երջանիկ եմ, որ վերադարձել եմ Ամերիկայից եւ ինչ սովորել եմ, ինչ գիտեմ, փոխանցում եմ հաջորդ սերունդներին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը կարող է միանալ ԱՊՀ-ին

Իրանը կարող է միանալ ԱՊՀ-ին Thu, 26 Nov 2026 12:00:04 +0400 Ներկայումս որոշվում է Իրանի՝…

24 րոպե ago

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը Thu, 26 Nov 2026 11:52:31 +0400 Ստանձնել եմ Երևանի…

32 րոպե ago

«Հրապարակ». Մեր հասարակությունն իրավունք ունի լուրջ վերաբերմունք պահանջելու իր ղեկավարից

«Հրապարակ». Մեր հասարակությունն իրավունք ունի լուրջ վերաբերմունք պահանջելու իր ղեկավարից Thu, 26 Nov 2026 11:45:57…

38 րոպե ago

Հհանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները

Հհանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները Thu, 26 Nov 2026 11:39:53 +0400 «Հայկական խորհուրդ»…

44 րոպե ago

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում Thu, 26 Nov 2026 11:35:55 +0400 ՀՀ պաշտպանության նախկին…

48 րոպե ago

Իրականում` ինչու՞ են համատարած քանդում «ինքնակամ» շինությունները

Իրականում` ինչու՞ են համատարած քանդում «ինքնակամ» շինությունները Thu, 26 Nov 2026 11:31:14 +0400 Կարեն Հեքիմյանը…

53 րոպե ago