Համբարձումյանին կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
Thu, 26 Nov 2026 13:35:32 +0400
Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը մտահոգություն է հայտնել, որ Վճռաբեկ դատարանը կարող է այնպիսի որոշում կայացնել, որի հետևանքով իր պաշտպանյալը չի կարողանա մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Ասուլիսի ժամանակ Պապոյանը նշել է, որ դատարանի որոշման հրապարակման ժամկետը՝ նոյեմբերի 27-ը, ինքնին մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ այն համընկնում է ընտրական գործընթացի վճռորոշ փուլի հետ։ Նրա խոսքով՝ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ հոկտեմբերի 19-ին և քննվել արտասովոր արագությամբ։
Փաստաբանը պարզաբանել է, որ Համբարձումյանի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանափակելու համար Վճռաբեկ դատարանը պետք է բավարարի գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Այդ դեպքում Համբարձումյանը կհամարվի դատապարտված և պատիժ կրող անձ։
Պապոյանի գնահատմամբ՝ եթե անձը կալանավորված է միայն խափանման միջոցի շրջանակում, դա ինքնին չի կարող հիմք հանդիսանալ նրա ընտրական իրավունքը սահմանափակելու համար։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Սակայն Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր պաշտպանության կողմի բողոքը և բեկանել դատական ակտը՝ չհամաձայնելով Համբարձումյանի արարքին տրված քրեաիրավական գնահատականին և արձանագրելով, որ համապատասխան ապացույցներ առկա չեն։
Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի իրավունքների խախտման վերաբերյալ որոշման դեպքում իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանի դատավորները պետք է գիտակցեն նման որոշման հնարավոր իրավական հետևանքները։