Ինչ են խոսում ՔՊ շտաբում
Thu, 26 Nov 2026 13:38:20 +0400
Մասիսի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանի փոխանցմամբ՝ համայնքում լուրեր են շրջանառվում, թե դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Կառուցող» դաշինքի ղեկավարի մասնակցությունը կարող է կանխվել դատական որոշման միջոցով։
Ասուլիսի ժամանակ Պապոյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հակոբյանի նախընտրական շտաբում արդեն որոշ ժամանակ խոսում են, թե Համբարձումյանը կազատազրկվի, ինչի արդյունքում Հակոբյանը կանցնի ընտրություններում։
«Մենք լուրջ չէինք վերաբերվում այս խոսակցություններին, քանի որ չէինք մտածել, որ Վճռաբեկ դատարանը հնարավոր է այդքան արագ քաղաքական շահի սպասարկմամբ մտնի այդ պրոցեսի մեջ»,- նշել է փաստաբանը։
Գայանե Պապոյանը միաժամանակ ընդգծել է, որ անկախ Վճռաբեկ դատարանի առաջիկա որոշումից՝ Դավիթ Համբարձումյանի գլխավորած «Կառուցող» դաշինքը մասնակցելու է Մասիսի ավագանու ընտրություններին։
Նրա խոսքով՝ Համբարձումյանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ բնակիչներ։ Փաստաբանը պատմել է, որ մասիսցիները զանգահարել են իրենց, այցելել նախընտրական շտաբ և առաջարկել հաջորդ օրը հավաքվել դատարանի շենքի մոտ՝ իրենց աջակցությունը ցույց տալու նպատակով։
Պապոյանը պնդել է, որ Դավիթ Համբարձումյանը համայնքում ունի զգալի աջակցություն, և շատ բնակիչներ պատրաստ են կանգնել նրա կողքին։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ին հրապարակելու է Դավիթ Համբարձումյանի գործով գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքները։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ։