Նիկոլի սահմանադրությունը խոտան է, «բրակ»

Նիկոլի սահմանադրությունը խոտան է, «բրակ»

Thu, 26 Nov 2026 13:45:59 +0400


Նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալու համար կարևոր է մասնագետի խոսքը։ Երեկ լսում էի սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հիմնավորումները, որով նախագիծը բնութագրում էր որպես խոտան։

Սովետական տարիներին «խոտան» (բրակ) էին անվանում գործարանից դուրս եկած այն ապրանքը, որն իր թերությունների պատճառով պիտանի չէր օգտագործման, ենթակա չէր վերանորոգման և պետք է ուղարկվեր թափոնի։ Վարդան Պողոսյանն այս բառն օգտագործել է ուղիղ իմաստով՝ ասելով, որ նոր Սահմանադրության նախագիծն այնքան խորքային արատներ ունի, որ այն պարզապես «շտկելով» հնարավոր չէ փրկել։ Պետք է դեն նետել։

Դա ոչ թե պետության, այլ կադրային դարբնոց չունեցող մի խմբի առաջնորդի փաստաթուղթ է։ Դա «գրպանային սահմանադրություն» է, որը գրվել է գործող իշխանության վերարտադրության համար։
Նման Սահմանադրության նախագիծ ներկայացնել ժողովրդին՝ նշանակում է տարրական հարգանք չունենալ ժողովրդի և պետության հանդեպ։

Մասնագետի գնահատականը մի կողմ դնեմ ու մի ոչ մասնագիտական դիտարկում անեմ։ Ի դեպ, նախագիծն այնքան խոտան է, որ պարտադիր չէ մասնագետ լինել՝ թերությունները տեսնելու համար։

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գործող Սահմանադրությամբ, որպես վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրվեց, մեր ռազմատեխնիկան մնաց թշնամուն։ Հետո հանձնվեց Արցախը, Հայաստանի սուվերեն տարածքները մաս-մաս դարձան, երկիրը կանգնեց պետականությունը կորցնելու վտանգի առաջ։

Ու հիմա նոր Սահմանադրության նախագիծ է ներկայացնում, որով ոչ միայն պատերազմի ժամանակ է իրեն վերապահում գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը, այլև խաղաղ ժամանակ։ Պատերազմի ծանր հետևանքներից հետո հրաժարական տալու և պատասխանատվություն կրելու փոխարեն՝ նոր Սահմանադրություն է առաջարկում, որով ուզում է իր իշխանությունը պահել, և երկիրը վերջնականապես լուծարել։ Պատերազմի ժամանակ երկիրը պարտության մատնեց, հիմա խաղաղ ժամանակ է ուզում առաջնորդել՝ նույն արդյունքը կրկնելո՞ւ համար։ Եթե պատերազմի ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարի գործունեության արդյունքը պարտությունն էր, ապա ինչո՞ւ պետք է խաղաղ ժամանակ նրան ավելի մեծ լիազորություններ վստահենք։ Պետությունը մեկ մարդու փորձադաշտ չէ։

Սա՞ է նոր Սահմանադրության նպատակը։ Պետությունն ավելի ամո՞ւր դարձնել, թե՞ մեկ մարդու իշխանությունն անխոցելի դարձնել։
Սահմանադրությունը մեկ մարդու համար գրված փաստաթուղթ չէ։ Այն պետության հիմքն է, ոչ թե իշխանության աթոռը պահելու միջոցը։ Եթե նախագիծը գրվում է ոչ թե երկրի վաղվա, այլ մեկ մարդու վաղվա օրվա համար, ուրեմն այստեղ ոչ թե նոր Սահմանադրության, այլ հին իշխանությունը նոր փաթեթավորմամբ պահպանելու փորձ է։ Երկիրը պարտության հասցնելուց հետո պետության հիմնական օրենքը սեփական իշխանությունը պահելու միջոց դարձնելը սահմանադրական բարեփոխում չէ։ Դա իշխանության սեփական շահը պետության շահից վեր դասելու փորձ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատարանում երևում է, թե ով է թալանչի. Սերժ Սարգսյան

Դատարանում երևում է, թե ով է թալանչի. Սերժ Սարգսյան Fri, 27 Nov 2026 15:08:32 +0400…

5 րոպե ago

Թե ով է թալանչին, դա դեռ կերևա

Թե ով է թալանչին, դա դեռ կերևա Fri, 27 Nov 2026 15:04:06 +0400 Լրագրողների հետ…

9 րոպե ago

Ինչ պիտի անի ընդդիմությունն ըստ Սերժ Սարգսյանի

Ինչ պիտի անի ընդդիմությունն ըստ Սերժ Սարգսյանի Fri, 27 Nov 2026 15:01:35 +0400 ՀՀ երրորդ…

12 րոպե ago

Վերջին անգամ կռիշում ենք տեսել՝ Սարգիս Կառլսոն

Վերջին անգամ կռիշում ենք տեսել՝ Սարգիս Կառլսոն Fri, 27 Nov 2026 14:39:15 +0400 Խորհրդարանական ընդդիմության…

34 րոպե ago

Արցախի վերջը տվեց, հիմա էլ ընկել է ՀՀ-ի հետևից. Մկրտչյան

Արցախի վերջը տվեց, հիմա էլ ընկել է ՀՀ-ի հետևից. Մկրտչյան Fri, 27 Nov 2026 14:32:58…

41 րոպե ago

Ուր է մեկնելու

Ուր է մեկնելու Fri, 27 Nov 2026 14:30:40 +0400 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար…

43 րոպե ago