Նիկոլի սահմանադրությունը խոտան է, «բրակ»
Thu, 26 Nov 2026 13:45:59 +0400

Նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալու համար կարևոր է մասնագետի խոսքը։ Երեկ լսում էի սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հիմնավորումները, որով նախագիծը բնութագրում էր որպես խոտան։
Սովետական տարիներին «խոտան» (բրակ) էին անվանում գործարանից դուրս եկած այն ապրանքը, որն իր թերությունների պատճառով պիտանի չէր օգտագործման, ենթակա չէր վերանորոգման և պետք է ուղարկվեր թափոնի։ Վարդան Պողոսյանն այս բառն օգտագործել է ուղիղ իմաստով՝ ասելով, որ նոր Սահմանադրության նախագիծն այնքան խորքային արատներ ունի, որ այն պարզապես «շտկելով» հնարավոր չէ փրկել։ Պետք է դեն նետել։
Դա ոչ թե պետության, այլ կադրային դարբնոց չունեցող մի խմբի առաջնորդի փաստաթուղթ է։ Դա «գրպանային սահմանադրություն» է, որը գրվել է գործող իշխանության վերարտադրության համար։
Նման Սահմանադրության նախագիծ ներկայացնել ժողովրդին՝ նշանակում է տարրական հարգանք չունենալ ժողովրդի և պետության հանդեպ։
Մասնագետի գնահատականը մի կողմ դնեմ ու մի ոչ մասնագիտական դիտարկում անեմ։ Ի դեպ, նախագիծն այնքան խոտան է, որ պարտադիր չէ մասնագետ լինել՝ թերությունները տեսնելու համար։
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գործող Սահմանադրությամբ, որպես վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրվեց, մեր ռազմատեխնիկան մնաց թշնամուն։ Հետո հանձնվեց Արցախը, Հայաստանի սուվերեն տարածքները մաս-մաս դարձան, երկիրը կանգնեց պետականությունը կորցնելու վտանգի առաջ։
Ու հիմա նոր Սահմանադրության նախագիծ է ներկայացնում, որով ոչ միայն պատերազմի ժամանակ է իրեն վերապահում գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը, այլև խաղաղ ժամանակ։ Պատերազմի ծանր հետևանքներից հետո հրաժարական տալու և պատասխանատվություն կրելու փոխարեն՝ նոր Սահմանադրություն է առաջարկում, որով ուզում է իր իշխանությունը պահել, և երկիրը վերջնականապես լուծարել։ Պատերազմի ժամանակ երկիրը պարտության մատնեց, հիմա խաղաղ ժամանակ է ուզում առաջնորդել՝ նույն արդյունքը կրկնելո՞ւ համար։ Եթե պատերազմի ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարի գործունեության արդյունքը պարտությունն էր, ապա ինչո՞ւ պետք է խաղաղ ժամանակ նրան ավելի մեծ լիազորություններ վստահենք։ Պետությունը մեկ մարդու փորձադաշտ չէ։
Սա՞ է նոր Սահմանադրության նպատակը։ Պետությունն ավելի ամո՞ւր դարձնել, թե՞ մեկ մարդու իշխանությունն անխոցելի դարձնել։
Սահմանադրությունը մեկ մարդու համար գրված փաստաթուղթ չէ։ Այն պետության հիմքն է, ոչ թե իշխանության աթոռը պահելու միջոցը։ Եթե նախագիծը գրվում է ոչ թե երկրի վաղվա, այլ մեկ մարդու վաղվա օրվա համար, ուրեմն այստեղ ոչ թե նոր Սահմանադրության, այլ հին իշխանությունը նոր փաթեթավորմամբ պահպանելու փորձ է։ Երկիրը պարտության հասցնելուց հետո պետության հիմնական օրենքը սեփական իշխանությունը պահելու միջոց դարձնելը սահմանադրական բարեփոխում չէ։ Դա իշխանության սեփական շահը պետության շահից վեր դասելու փորձ է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր