«Արցախցուն ՀՀ անձնագիր տալիս չպետք է ներսում գրվի Ադրբեջան». բողոքի ակցիա
Thu, 26 Nov 2026 14:05:30 +0400

ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների որոշումը՝ նոր կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայրը Ադրբեջան նշելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերում Արցախի բնակիչների ծննդավայրի փոխարեն նշվելու է Ադրբեջան։ Հարցին անդրադարձել էր նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ նոյեմբերի 24-ին պարզաբանելով, որ թեև հնարավոր էր ծննդավայրի դաշտում նշել կոնկրետ բնակավայր կամ քաղաք, կառավարությունը նախապատվությունը տվել է երկիր նշելու տարբերակին։
Անաստաս Իսրայելյանի խոսքով՝ նման գրառումն անընդունելի է, և արցախցիների անձնագրերում Ադրբեջան նշելը ոչ միայն խեղաթյուրում է իրականությունը, այլև հակասում նրանց ինքնությանը։
«Մարդասպանի, ցեղասպանի անունը չպետք է հայտնվի մեր անձնագրերում։ Սա պահանջ է, ոչ թե խնդրանք։ Երբ արցախցուն Հայաստանի Հանրապետության անձնագիր են տրամադրում, այնտեղ չպետք է որպես ծննդավայր Ադրբեջան գրված լինի։ Դա Ալիևի վարած քաղաքականության շարունակությունն է։ Նրանք իրենց քաղաքացիների ծննդավայրերը նշում են քաղաքների անուններով, թեկուզ հորինված, իսկ իրականում գոյություն ունեցող Արցախը ներկայացնում են որպես Ադրբեջան։ Սա մտածված ծրագիր է։ Արցախցին Ադրբեջանում չի ծնվել, որպեսզի նրա անձնագրում ծննդավայր նշվի Ադրբեջան»,– հայտարարել է նա։
Հասարակական գործիչը նաև մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ նրանց մեղադրելով երկրի և հայրենի հողի շահերը պաշտպանելու հարցում անգործության մեջ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունների նման վարքագծի պատճառը վախկոտությունն է և ազգային սկզբունքներով առաջնորդվելու անկարողությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր