Հայաստանի ԱԺ առաջիկա ընտրություններն ու Հայկական Սփյուռքը
Sat, 18 Apr 2026 15:15:16 +0400

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված քննարկումները հիմնականում երկու հարթության վրա են տեղի ունենում։ Առաջինը ներքաղաքական հարթությունն է, որպես հնգամյակի կարեւորագույն իրադարձություն ներհայաստանյան կյանքում, որը կարեւոր դեր է խաղալու երկրի կյանքում, եւ այդ կարեւորությունը բոլորն են հասկանում։ Երկրորդը Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության հարթությունն է, որտեղ առանցքայինը «ԵՄ, թե ԵԱՏՄ» դիլեման է, դրանից բխող` «Թրամփի ուղին», Երեւանի եւ Մոսկվայի միջեւ գործող կոնցեսիոն համաձայնությունների ճակատագիրը։ Սակայն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, կան նաեւ այլ հարթություններ, որոնց մասին հազվադեպ է խոսվում, քանի որ դրանք նվազ հետաքրքրություն են ներկայացնում։
Առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով հետաքրքիր է նաեւ հայկական սփյուռքի մասնակցությունն ու ունեցած ազդեցությունն ընտրությունների վրա։ Սփյուռքն այս առումով հստակ զանազանված է։ Ռուսաստանաբնակ հայերի քաղաքական համակրանքը կարծես թե ռուսամետ կուսակցությունների կողմն է, որոնք գործում են Հայաստանում՝ կարծում է ռուս քաղաքագետը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, հաշվի առնելով Ռուսաստան պետության առանձնահատկությունները։ Մյուս երկրներում ամեն բան մի փոքր այլ է։ Այսպես․ ապրիլի 11-12-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած Սփյուռքի հայության մոբիլիզացիոն հավաքը` Սփյուռքի զորաշարժի համաժողովը նույնպես այս համատեքստում է դիտում Մարկեդոնովը։ Ֆրանսիայում, մոտավոր հաշվարկներով, ապրում է 350-500 հազար հայ։ Առավել խոշորը Փարիզի, Լիոնի եւ Մարսելի հայկական համայնքներն են։
Հայազգի գործիչները կարեւոր տեղ են զբաղեցնում ֆրանսիական կյանքի շատ ասպարեզներում` քաղաքականությունից մինչեւ բիզնես։ Մոբիլիզացիոն հավաքը կամ համաժողովը, որը կայացավ Փարիզում, հյուրընկալել էր 150 ներկայացուցչի՝ Հայաստանից եւ աշխարհի 26 երկրից։ Կազմակերպիչը EAFJD-ն` Արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան։ Զգալի էին նաեւ ՀՅԴ աջակցությունն ու ներկայությունը կոնգրեսին։ Ըստ Մարկեդոնովի, միջոցառումն արձանագրեց Հայաստանում ներկայում տիրող քաղաքական իրավիճակի լրջությունը, որը կարելի է համարել որպես սփյուռքյան մեկնաբանություն կամ արձագանք։ Խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանի կառավարության որդեգրած կուրսը հատկապես Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Շատ քննադատություններ հնչեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Հայոց ցեղասպանության հանդեպ որդեգրած անընդունելի կեցվածքի համար։ Ղարաբաղը եւս այն տրավմատիկ հարցերից է, որը հուզում է հայությանը։
Ըստ էության փաստվեց, որ հայկական միջավայրում գոյություն ունի երկու օրակարգ՝ սփյուռքի օրակարգ եւ Հայաստանի կառավարության օրակարգ։ Ի՞նչ է սա նշանակում։ Թերեւս այն, որ արեւմտյան ճակատում եղած հայության մեջ կարծիքները միատարր չեն, եւ զուտ հայկական հարցերի հետ կապված՝ Փաշինյանի կաբինետի հետ լուրջ տարաձայնություններ կան։ Իսկ սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ դա հասկանալը եւ նկատի ունենալը շատ կարեւոր են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր