Ադրբեջանցիները հարցեր ունեն հայ պաշտոնյաներին, հայերն ադրբեջանցիներին հարցեր չունեն
Fri, 27 Nov 2026 20:45:23 +0400
Հայաստանում նոյեմբերի 26-27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Դիլիջանում անցկացված երկկողմ քննարկմանը մասնակցել է շուրջ 60 մարդ՝ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, վերլուծական և փորձագիտական շրջանակներից։ Հանդիպման մասին հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում ընդամենը քննարկված թեմաներն են թվարկված։ Մասնավորապես, նշվել է, որ կողմերը խոսել են խաղաղության գործընթացի ամրապնդման, փոխվստահության, տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների, հումանիտար խնդիրների, կրթության և երիտասարդության ներգրավվածության մասին։ Սակայն հայկական պաշտոնական հաղորդագրություններում ներկայացված չեն քննարկումների ընթացքում հնչած հարցերը, մասնակիցների բարձրացրած մտահոգությունները և ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները։ Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներն ու պատվիրակության ներկայացուցիչները հանդիպման վերաբերյալ մանրամասներ են հրապարակել։
Մասնավորապես, ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ, «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» խորհրդի փոխնախագահ Ֆարհադ Մամեդովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանդիպման մասնակիցները երկու ժամ շարունակ հարցեր են ուղղել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Մամեդովի խոսքով՝ նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն անմիջականորեն շփվելու հայ պետական պաշտոնյաների հետ և բարձրացնելու նաև զգայուն հարցեր։ Թե որոնք են այդ զգայուն հարցերը, հայտնի չէ: Թվում էր` հայ մասնակիցները պետք է զգայուն հարցեր բարձրացնեն` ուղղված ադրբեջանցի հյուրերին. Մեր գերիների, Արցախում ոչնչացվող մշակույթի, ատելության քարոզի եւ այլնի մասին: Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ չի խոսվում հայ ռազմագերիների հայրենադարձման մասին, այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան ու սուվերեն տարածքից պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը:
«Մեր երկխոսությունը անկեղծ զրույց է, քննարկում ենք նաև տարբեր հարցեր։ Մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ փակ թեմաներ չկան։ Կարող ենք միմյանց հարցեր տալ և պատասխաններ ստանալ»,- նշել է ադրբեջանցի ներկայացուցիչը։ Նա հայտնել է, որ այս հանդիպումն առանձնանում է նախորդներից նրանով, որ ընդհանուր քննարկումներին զուգահեռ գործելու են թեմատիկ հանձնաժողովներ։ Դրանք զբաղվելու են բնապահպանական, տնտեսական, ենթակառուցվածքային, հումանիտար և լրատվամիջոցների ոլորտների հարցերով։ Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում առաջարկություններ կներկայացվեն երկու երկրների պետական կառույցներին՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու և խաղաղության օրակարգն ընդլայնելու նպատակով։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև այն հարցին, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել հաջորդ փուլում և ինչպես կարելի է ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը զրուցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։ Հայաստանի պաշտոնական լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ ադրբեջանցի մասնակիցները նրան հարցեր են ուղղել Հայաստանի արտաքին քաղաքականության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա դինամիկայի վերաբերյալ։ Կոստանյանը հայտնել է, որ քննարկվել է նաև TRIPP նախագիծը։