Կոնյակի գործ կա
Sat, 28 Nov 2026 18:45:31 +0400
Փաշինյանի մոսկովյան այցերից ոչ մի լավ բան չեմ ակնկալում, բայց դա, ինչ խոսք, պատճառ չէ, որ ես նրան հաջողություն չմաղթեմ: Հավանաբար, մի փեշ էլ փող են ծախսելու այդ այցերի վրա… Հա, ի՞նչ անենք, էնքան աննպատակ փող են ծախսել, զվռնել աշխարհով մեկ, որ էդ գումարն աչքիս չի էլ երեւում: Պարոն Փաշինյան, էլ կոպեկների հետեւից չընկնես… Քանի՞ շիշ կոնյակ ես տանում: Տասներկո՞ւ… Քիչ է, քսանչորսը վերցրու: Ես ռուսների մեջ ապրած մարդ եմ, գիտեմ, թե ինչ եմ ասում: Էն հարցը որ մեկ շշով չի լուծվում, լուծվում է երկուսով: Իսկ ես Պեսկովի խոսքերից հասկացա, որ Մոսկվայում բավականին զայրացած են քո պահվածքից: Ասում էր, իբր, Փաշինյանը դեկտեմբերի 3-ին պետք է նայի Պուտինի աչքերի մեջ ու ասի՝ դեկտեմբերի վերջին մասնակցելո՞ւ է ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե՞ չի մասնակցելու: Եթե Պեսկովը սա իրենից չի հորինել եւ Պուտինի ասածն է մեզ փոխանցում, ապա մեր (ավելի ճիշտ՝ քո) վիճակն այնքան էլ վատ չէ: Հիշո՞ւմ ես, ավելի վաղ Պուտինը քեզ ասել էր՝ Մոսկվա կգաս ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեի օրը նշանակած: Ռուսիո նախագահը, փաստորեն, հետքայլ է արել այս հարցում, եւ նրան այլեւս քո խոսքն էլ է բավական: Տես որ՝ արդարացնես նրա այդ բարձր վստահությունը: Կասես, որ ԵՄ-ից ձեռ ես քաշել, ստախոս, անպետք մարդիկ են այդ եվրոպացիները… Վիզա չեն տալիս, շուկաները չեն բացում, էն նախընտրական 18 միլիոնն էլ մինչ օրս չեն փոխանցել: Այնպես որ, ասա, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, որոշել եմ մնալ ԵԱՏՄ-ում: Այդ խոսքերը, վստահեցնում եմ, լուրջ սպեղանի կլինեն Ռուսիո առաջնորդի ուկրաինական վերքերին:
Էն էլ ասեմ, պարոն Փաշինյան, որ քո մոսկովյան այցին ընդառաջ՝ Մարիա Զախարովան խոսել էր ԹՐԻՓՓ-ի մասին եւ այդ ծրագիրը, ոչ ավել, ոչ պակաս, «բաժանարար» գիծ էր որակել: Թե բա՝ ԹՐԻՓՓ-ը ոնց որ չի համապատասխանում Ռուսաստանի եւ նրա դաշնակից Իրանի շահերին: Եթե քեզ հաջողվի ցրել այս թեման, դու մեծ բան արած կլինես Ալիեւի եւ Էրդողանի համար: Բայց ես խիստ կասկածում եմ, որ ԹՐԻՓՓ-ի թեման Զախարովան սեփական նախաձեռնությամբ է «շոշափել»: Հաստատ, Պուտինն ու Լավրովն են բզբզում ԹՐԻՓՓ-ը, ուզում են վերահսկողություն ունենալ «Զանգեզուրի կորիդորում»: Հանկարծ չորով չմերժես: Էդ մարդիկ այստեղ երկաթուղի ունեն, ատոմակայան ունեն, ՀԷՑ ունեն, լիքը ուրիշ բաներ: Ի վերջո, ռուսներն այստեղ հզոր դաշնակից ունեն՝ ի դեմս Իրանի, որի համար Մեղրին ռազմաստրատեգիական առումով ավելի կարեւոր է, քան նույնիսկ Թավրիզը: Մի խոսքով, պարոն Փաշինյան, քեզնից մեծ դիվանագիտություն է պահանջվելու այս հարցի քննարկման ժամանակ:
Քեզ Մոսկվայում շատ կողմնակի հարցեր էլ կտան: Օրինակ՝ կարող են հետաքրքրվել, թե ինչու չի ստորագրվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը: Իրենք՝ ռուսները, այս հարցի պատասխանը շատ լավ գիտեն, հանկարծ չփորձես փիլիսոփայել, թե այսպես ու այսպես, ես ու Ալիեւը որոշել ենք… Պուտինն իսկույն կհակադարձի՝ դու եւ Ալիեւը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեք, որ կարողանաք երկուսով բան որոշել: Դուք դեռ գնացեք երկու էշի գարի իրարից ջոկել սովորեք, հետո կգաք, կխոսենք խաղաղության պայմանագրի ստորագրման օրվա եւ վայրի մասին: Քեզ կասի՝ Նիկոլ Վովաեւիչ, դու Ցարական Ռուսաստանի 12 հազար քառակուսի կմ հող ես հայտարարել ադրբեջանական ու դեռ խաղաղության պայմանագի՞ր ես երազում… Էն էլ ում հետ՝ Լենինի անվան Ադրբեջանի՞…
Չկզես, պարոն Փաշինյան, չվախենաս Պուտինի այս խոսքերից, կասես՝ մենք ազատագրեցինք Արցախը, 35 տարի տիրություն արեցինք այդ հողերին, բայց պատերազմ եղավ, ձեռքներիցս բաց թողեցինք, ՀԱՊԿ-ը չհասավ, «Իսկանդերը» չկրակեց, 15 հազար զորք դասալքեց, ես ի՞նչ մեղավոր եմ: Ինչ ուզում ես, ասա` ինքնարդարացման համար… Թուրքիան էր մեղավոր, Իսրայելը, Անգլիան, Դանիել Իոաննիսյանը, Արման Բաբաջանյանը, Գերմանիան…
Հա, Գերմանիայի անունը շատ կտաս: Պուտինն էդ հիտլերներին չի սիրում: Օրերս Մարիա Զախարովան, հայերեն ասած, կատոկել էր դրանց արտգործնախարարին, երբ սա քիթը խոթել էր Հայաստանի ներքին գործերի մեջ: Ասել էր՝ դու ո՞վ ես, որ որոշես՝ Հայաստանին նոր սահմանադրություն պետք է, թե ոչ: Կառչիր Զախարովայի այդ խոսքերից եւ եթե կարող ես, Պուտինին համոզիր, որ սահմանադրության փոփոխությունը քո նախաձեռնությունն է եւ ուզածդ պահին կարող ես կանգնեցնել այդ գործընթացը:
Դժվար է, պարոն Փաշինյան, բան չունեմ ասելու, բայց պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները վերականգնվեն: Մեր բոլոր անհաջողությունները, դու շատ լավ գիտես, սկսվեցին այն պահից, երբ խելքդ տվեցիր հայաստանյան արեւմտամեռ սորոսականներին ու սկսեցիր անկապ «կրակել» Ռուսաստանի ուղղությամբ: Դու այդ ե՞րբ էիր Ալիեւի հետ դիվան քշել, որ ծանր տեղդ թեթեւացրիր ու ընկար նրա անմաքուր ջրերը: Հիմա, քանի դեռ դոշիդ քարտեզն էլ չի կիսվել, այդ ջրերից դուրս գալու ժամանակն է:
ՀԳ. Կոնյակի մասին ասածս մտահան չանես: