Ալիևյան սահմանադրությունը ստացե՞լ է ընդդիմության աջակցությունը, գնու՞մ ենք հանրաքվեի
Sun, 29 Nov 2026 11:45:29 +0400
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հ1-ին, որտեղ վստահեցնում է, որ ընդդիմությունը տալու է իր քվեն՝ իր կողմից համակարգված, Ալիևի պահանջներին համապատասխանեցված սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար։
Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց մի զգալի մասը, լսելով Փաշինյանի այդքան վստահ հայտարարությունը, մտածում է՝ Նիկոլը մի բան գիտի, որ նման համոզմունքով է խոսում։ Բայց եկեք չմոռանանք, թե այս տարիների ընթացքում նույն վստահությամբ ինչեր է հայտարարել Նիկոլը, և հետո նույն հարցերի շուրջ ինչ հակառակ պատասխաններ է տվել։ Հեռու չգնանք, հիշենք, թե ինչպես էր նույն վստահությամբ հայտարարում, որ հասնելու է Կաթողիկոսի հրաժարականին։ Եթե հավատայինք նրա այն ժամանակվա ելույթներին, հաշված օրերի ընթացքում այդ ամենը տեղի պիտի ունենար։ Բայց այսօր Կաթողիկոսը Վեհարանում է, հյուրեր է ընդունում, քահանաներ է ձեռնադրում, իր իրավասությունների շրջանակներում որոշումներ է կայացնում, իսկ Փաշինյանի նպատակը դեռևս օդում կախված է, աթոռն էլ շատ խախուտ:
Կաթողիկոսի փոփոխության պահանջն էլ էր, ըստ էության, գալիս Ադրբեջանից։ Եվ ինչպես ժամանակն է ցույց տալիս, ընդդիմադիր զանգվածների տրամադրությունների ու օրեցօր ավելացող աջակիցների հաշվին Փաշինյան–Ալիև զույգի ցանկությունները գնալով սառույցին են գրվում։
Այնպես որ, մի՛ շտապեք և մի՛ կարծեք, թե Նիկոլն արդեն իր գրպանում ունի այդ վեց ձայնը։ Նա իր ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմն օգտագործել է՝ մինչև այս պահը նպատակին հասնելու համար. կալանավորել է ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի ղեկավարներին, որոնցից երկուսի թիմերը ներկայացված են Ազգային ժողովում։ Եվ հիմա, երբ այդ ճանապարհով իր ուզած արդյունքը չի ստացել, Նիկոլին մնում է ընդդիմության ներսում կռիվ գցել, հանրության մեջ կասկած գցել, որպեսզի որոշ ընդդիմադիրներ իր խայծը կուլ տան, իսկ ինքը ձեռքի հետ իր սև գործն ավարտին հասցնի։
Հանգստացե՛ք, մի՛ տրվեք սադրանքներին և մութ սենյակում կատու մի՛ փնտրեք։ Նիկոլի վստահ հայտարարությունը դեռ փաստ չէ, հերթական մուտիտն է, իսկ ընդդիմության ներսում կռիվն այն նվերն է, որին նա սպասում է։