«Հրապարակը» նպաստե՞ց ամուսնալուծությանը, թե՞ ակամայից իրականությունը բացահայտեց
Fri, 27 Feb 2026 17:15:39 +0400

Անցյալ տարի հունիսի 6-ին «Հրապարակը» նյութ էր հրապարակել. «Դավաճանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կնոջը» վերնագրով: Նյութը հարցադրումների շարք էր և մեր հեղինակը շեշտադրում էր, որ այս իրավիճակում, երբ եկեղեցու դեմ նման անբարո արշավ է իրականացվում երկրի առաջին դեմքի կողմից, հասարակությունը ցանկանում է իմանալ, թե ո՞վ է դատավորը, ի՞նչ բարոյական արժեքների կրող է, այդ իսկ պատճառով հանրության կողմից քնննարկվող մի շարք լուրերի մասին պատասխաններ է ակնկալում: Մի քիչ հեգնանք կար նյութում, մի քիչ նմանակում` իր իսկ գրած ստատուսներին, մի քիչ լրագրողական սադրանք:
Սակայն, պարզվեց, Փաշինյանը շատ լուրջ է վերաբերվել այդ հրապարակմանը եւ նյութը հրապարակվելուց րոպեներ չանցած նա գրառում արեց իր էջում, թե դատի եմ տալու «Հրապարակին». ««Հրապարակ» թերթին անպայման դատի եմ տալու, որպեսզի ապացուցվի՝ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են, ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց»։ Իմաստն այն էր, որ` ո՞նց եք համարձակվել իմ ու ընտանիքիս բարի համբավը արատավորել, մեր ամուր հայկական ընտանիքի վերաբերյալ նման կասկածներ հայտնել, ինձնից անբասիր ընտանիքի հայր չկա ու չի էլ կարող լինել, եւ ինչպես սպառնացել էր` իրոք դատի տվեց «Հրապարակին», որ վերականգնի իրենց ընտանիքի անարատ համբավն ու ապացուցի` ոչ մեկը ոչ մեկին չի դավաճանում, մենք իրար սիրում ենք, հավատարիմ ենք, իսկ դուք ստոր բանսարկուներ եք` մեզ մեղադրում եք:
Ամիսներ շարունակ դատական պրոցես ծավալվեց, դատարանում ամենայն մանրամասներով քննարկեցինք «Դավաճանո՞ւմ է արդյոք Փաշինյանը կնոջը», թե` ոչ, այդ հրապարակումն ինչով է արատավորել Փաշինյանների անարատ ընտանիքը եւ արդյո՞ք առհասարակ որեւէ լրագրող ու լրատվամիջոց ունի նման իրավունք` այդպիսի հարցեր տալու: Մենք պնդում էինք, որ հոդվածի հենց վերնագրում դրված հարցական նշանը խոսում է այն մասին, որ ընդամենը հարցադրում ենք արել` տեղեկություն չենք հրապարակել, Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբանը պնդում էր, որ հարցով էլ են զրպարտել իրենց վստահորդին` լրագրողն անգամ նման հարց տալու իրավունք չունի, նման կասկածն արդեն վիրավորում է Փաշինյանին եւ նրա ընտանիքը:
Նախօրեին դատարանն ավարտեց ոտքից գլուխ զավեշտալի այս հայցի քննությունը եւ մտավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու, որը հրապարակվելու է մարտի 18-ին:
Մեկ էլ հանկարծ` այսօր առավոտյան մի ողբերգական բոթ տարածվեց. Աննան ու Նիկոլը բաժանվում են, Նիկոլն էլ կնոջը չի մեղադրում` այս ծանր փուլում իրեն մենակ թողնելու համար, այլ «հարգանքով է վերաբերվում» Աննայի որոշմանը եւ անգամ ներողություն է խնդրում նրանից:
Հիմա մենք չենք` դուք եք, ի՞նչ կմտածեք: Կարո՞ղ ենք մի քանի նոր հարցեր հնչեցնել` թեկուզ հռետորական. Իսկ կարո՞ղ է «Հրապարակը» ոչ միայն անմեղ հարցադրում էր արել դատարանում վիճարկվող մեկ տարի առաջվա հրապարակմամբ, այլեւ տիկին Հակոբյանին ինչ որ բան էր գլխի գցել, դրա համար էր Փաշինյանը փորձում դատարանով հերքում կորզել մեզանից, ու նաեւ դրա համար է այսօր ներողություն խնդրում կնոջից: Իսկ կարո՞ղ է մեր հրապարակումից հետ նոր «փաստեր» են ի հայտ եկել եւ դրանք նաեւ ակամայից հաստատում են մեր հրապարակումը, որտեղ ճիշտ է` հարցեր են հնչել միայն, բայց նաեւ կարող էին պնդումներ լինել ու փաստորեն` շատ էլ հեռու չէին լինի իրականությունից: Մի բան բաց թողեցինք` Աննա Հակոբյանին պետք է հրավիրեինք դատարան, մեր հրապարակման հետ կապված ցուցմունք տալու:
Այսօրվա իրադարձությունների լույսի ներքով Փաշինյանը մի բան պետք է անի` հայցը հետ վերցնի դատարանից, իսկ դատարանը մի բան ունի անելու` մերժի հայցն ամբողջությամբ, նոր երեւան եկած հանգամանքների բերումով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր