Հայտարարություն է սպասվում
Tue, 03 Mar 2026 12:13:55 +0400

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ իմպիչմենթի հարցը երբեք դուրս չի եկել իրենց քաղաքական օրակարգից։ Նրա խոսքով՝ այդ թեման մշտապես եղել է առաջնային, ուստի խոսել այն «վերակենդանացնելու» մասին ճիշտ չէ։
Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը առաջիկայում կհրավիրի գործադիր մարմնի նիստ և հանդես կգա պաշտոնական դիրքորոշմամբ։
Իմպիչմենթի միասնական թեկնածու է դիտարկվում Մասիսի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը, որը օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ դիմելով ՀՀԿ գործադիր մարմնին։ Մամիջանյանի խոսքով՝ այդ ուղերձում շեշտադրված էր պետական մտածողության կարևորությունը, իշխանափոխությունը որպես համընդհանուր նպատակ ընկալելու անհրաժեշտությունը, ինչպես նաև անձնական հավակնությունները երկրորդ պլան մղելու գաղափարը։ Նրա համոզմամբ՝ այս մոտեցումները հասկանալի են քաղաքացիների համար։
Խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ Համբարձումյանի նամակում ոչ թե անուղղակի ակնարկ, այլ բացահայտ հղում կար փողոցային պայքարին։ Մամիջանյանի կարծիքով՝ իմպիչմենթին դեմ լինելը փաստացի նշանակում է դեմ արտահայտվել նաև փողոցային պայքարին, որը, ըստ նրա, ընդդիմության համար ընդունելի և կիրառելի պայքարի ձև է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր