«Հրապարակ»․ Այդ փողը եթե Դեբեդի մեջ լցնեին, լիճ կգոյանար, գոնե ձուկ կբռնեինք
Wed, 04 Mar 2026 12:15:38 +0400

Լոռու մայր գետը՝ Դեբեդը, որի երկարությունը 176 կմ է, Չիչխան, Փամբակ, Տանձուտ, Տաշիր, Չքնաղ, Գարգառ, Սեւաբերդ, Ուռուտ՝ 2 տասնյակից ավելի վտակներով, մեծ դեր ունի մարզի կյանքում։ Այն միայն ջրի աղբյուր չէ, այլեւ Լոռվա բնաշխարհի ողնաշարը, հենասյունը, կյանքի աղբյուրը։ Սակայն Դեբեդի շուրջ ցավոտ խնդիրներ են կուտակված, եւ վերջին 7-8 տարիներին դրանց լուծման ուղղությամբ որեւէ ծրագիր չի նախաձեռնվել եւ չի իրականացվել։ Տեսնենք, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, եւ ինչ է արվել մինչեւ 2018 թվականը։
Լոռիում շատերը հիշում են ՏԱՍԻՍ անվամբ ծրագիրը՝ TACIS (Technical Assistance to the Commonwealth of Independent States)՝ Եվրոպական Միության աջակցությամբ, որը գործեց մինչեւ 2006 թվականը։ Նպատակն էր՝ աջակցել հետխորհրդային երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, ինստիտուցիոնալ բարեփոխումների, շուկայի, տնտեսության եւ պետական կառավարման ոլորտներում։ 2007-ից այն փոխարինվեց European Neighbourhood and Partnership Instrument-ով։ Երկու ծրագրում էլ ջրային ոլորտը համարվում էր առաջնահերթ ուղղություն։ Խոսվում էր ինտեգրված ջրային ռեսուրսների կառավարման մասին, ավազանային կառավարման սկզբունքների ներդրման, ջրի որակի մոնիթորինգի բարելավման, ազգային օրենսդրության՝ եվրոպական մոտեցումներին համապատասխանեցման մասին։ Նշվում էր սահմանամերձ գետերի համատեղ կառավարման փորձագիտական աջակցությունը, Քուռ եւ Արաքս գետերի ավազանների միասնական կառավարման անհրաժեշտությունը, տվյալների հավաքագրման մեթոդաբանության միասնականացումը, երեք երկրների մասնագետների սեմինարները։
Ես անձամբ ներկա եմ եղել այդ ծրագրերի քննարկմանը։ Եվրոպացի փորձագետները փառահեղ մտքեր էին հնչեցնում, մեր պաշտոնյաները հետ չէին մնում։ Իսկ ի՞նչ իրական ազդեցություն ունեցան այդ ծրագրերը Դեբեդի վրա՝ չնչին։ Դեռ այն ժամանակ քննարկումներին մասնակցող մարզպետարանի մասնագետին հարցրի՝ արդյո՞ք այս ծրագրերը կհանգեցնեն լիարժեք ջրային կառավարման համակարգի ստեղծմանը։ Պատասխանեց․ «Շատ ոգեւորվելու հարկ չկա։ Լավագույնը, որ ստացվում է, երեք երկրների մասնագետների համար սեմինարներ ու լրագրողների համար բրիֆինգներ կազմակերպելն է։ Ծրագիրը աղմուկ է, ուրիշ ոչինչ։ Չի հանգեցնելու լիարժեք համակարգի ստեղծմանը։ Իսկ այն գումարը, որ ծախսվում է ծրագրերի վրա, եթե Դեբեդի առաջ լցնեին, հոսքը կկանգներ, մեծ լիճ կառաջանար, ու մեր քաղաքացիները գոնե ձուկ բռնելու հնարավորություն կունենային»։ Տարիները ցույց տվեցին, որ այս կանխատեսումն իրականությունից հեռու չէր։
Դեբեդի հիմնախնդիրների մասին զրուցեցի Լոռու մարզպետարանի աշխատակազմի նախկին աշխատակից, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Վարդան Մալաքյանի հետ: Նա պատմեց, որ հետագայում գործարկվել է եւս մեկ տարածաշրջանային նախաձեռնություն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ United States Agency for International Development (USAID) եւ ամերիկյան Development Alternatives Inc. (DAI) կազմակերպության համագործակցությամբ։ «Ջրային ռեսուրսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում ընտրվել էր Հարավային Կովկասի ամենախոշոր Քուռ գետը, որի ավազանում ապրում է շուրջ 6,8 միլիոն մարդ։ Հասկանալի էր հետաքրքրվածությունը․ Քուռ-Արաքս գետերի ջրային ռեսուրսները կենսական նշանակություն ունեն 3 հանրապետությունների զարգացման համար։ Եվ էկոհամակարգի պահպանության համար անհրաժեշտ են միասնական մոտեցումներ՝ ջրի օգտագործման, պաշտպանության, մոնիթորինգի եւ տեղեկատվության փոխանակման ոլորտներում։ Ծրագիրը ներառում էր 5 գործողություն։
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ցուցադրական տարածքներ ընտրվեցին Դեբեդ եւ Խրամի գետերի ավազանները։ Ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում հայկական կողմից հաղթող ճանաչվեցին «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերությունը եւ «Շրջակա միջավայրի պահպանության իրավաբանական կենտրոն» ՀԿ-ն, վրացական կողմից՝ «ՕՐԻԳՈ» խորհրդատվական ընկերությունը եւ «Փոքր քաղաք» ՀԿ-ն։
Թբիլիսիում հանդիպում եղավ՝ 3 երկրների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնադրեցին «Քուռ-Արաքս» կոալիցիան, որի նախաձեռնությամբ հունիսի 2-ը հայտարարվեց եւ նշվում էր որպես Քուռ-Արաքս գետերի պաշտպանության օր։ Փաստաթղթեր կազմվեցին, համապարփակ պլան մշակվեց։ Քննարկումներ ու հանրային լսումներ անցկացվեցին։ Գինեձոներ, կոֆե-բրիֆինգներ, լրագրողներին նվերներ՝ գրիչ, թղթապանակ, տպագիր նյութեր։ Ծախսված գումարով մի երկրորդ լիճը կստեղծեին Դեբեդի մեջ, որտեղ լող կտային ոսկեփորիկ ձկները:
Մինչդեռ խորհրդային տարիներին Դեբեդի ավազանը զարգացած արդյունաբերական եւ գյուղատնտեսական տարածք էր։ Արտադրական կեղտաջրերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները տարիներ շարունակ աղտոտել են գետի ջրերը՝ հարվածելով կենսաբազմազանությանը։ Այսօր Ալավերդու «Էյ Սի Փի» ձեռնարկությունը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ, բայց նաեւ չունեն կեղտաջրերի լիարժեք մաքրման կայաններ։ Արտադրական թափոնները շարունակվում են թափվել Դեբեդ։ Բնապահպանական մոնիտորինգի տվյալներով՝ կախված մասնիկների, հիդրոկարբոնատի, քլորի, կալցիումի, սուլֆատների, նատրիումի եւ կալիումի պարունակությունը զգալիորեն աճել է։ Թեեւ ծանր մետաղների կոնցենտրացիան էական փոփոխության չի ենթարկվել։ Գետավազանի գրեթե բոլոր քաղաքներում ժամանակին կային կոյուղու մաքրման կայաններ։ Այսօր դրանք քայքայված են կամ չեն գործում։ Կենցաղային կեղտաջրերն առանց մաքրման թափվում են բաց ջրային համակարգեր՝ ստեղծելով ոչ միայն բնապահպանական, այլեւ համաճարակային ռիսկեր։
Վանաձորի մեծ մաքրման կայանը, որը երկրաշարժից հետո մոտ 80 տոկոսով պատրաստ էր, կարող էր լուծել այդ հարցը, սակայն ավարտին չհասցվեց, տարիների ընթացքում լքվեց, թալանվեց ու քանդվեց։ Դա պարզապես կորցրած հնարավորություն էր։ Չնայած Լոռին Հայաստանի ամենաջրառատ մարզերից է, բայց գյուղական համայնքներում ջուրը հասանելի է օրական մի քանի ժամով։ Ցանցերը մաշված են, վթարները՝ հաճախակի, ջրի կորուստները՝ մեծ։ Ոռոգման համակարգերը ձեւական են գործում։ Ծաթեր գյուղում իմ մի մոտիկ ընկեր անցյալ ջրոռոգման շրջանում ինձ բողոքում էր․ «Գյուղացին հաճախ չի կարողանում լիարժեք ոռոգել իր հողը։ Սակագները բարձր են, ծառայության որակը՝ կասկածելի»։ Լոռու մայր ջրատարը հաճախ ջրերը չի հասցնում կամ մասամբ է հասցնում «վերջնագծի» գյուղեր՝ Այգեհատ, Օձուն: Փոքր ՀԷԿ-երի կառուցումը չի ուղեկցվել բնապահպանական հաշվարկներով։ Դեբեդի վրա գործող ՀԷԿ-երից են՝ Ձորագետ ՀԷԿ-ը, Շնող ՀԷԿ-ը, Թումանյան ՀԷԿ-ը, Դեբեդ-1 եւ Դեբեդ-2 ՀԷԿ-երը: Դեբեդի խոշոր վտակների՝ Ձորագետի, Փամբակի, Մարցի վրա նույնպես մի քանի փոքր ՀԷԿ կա:
Դեբեդի գետավազանը նաեւ սելավավտանգ տարածք է։ Վերջին վարարումները մեծ վնաս հասցրին բնակավայրերին, գյուղատնտեսությանը, ճանապարհներին։ Համատարած ծառահատումները նոր սելավների, էրոզիայի եւ սողանքների պատճառ են դարձել։ Նախանցյալ տարի ափերից ելած գետը մեծ ավերածություններ գործեց՝ Փամբակ գյուղից սկսած, Ալավերդուց մինչեւ Բագրատաշեն: Գետերի հուները, կամուրջների անցումները լցված են սելավի բերածով ու կենցաղային թափոններով։ Հակասելավային աշխատանքներ վերջին տարիներին գրեթե չեն կատարվել։ Աղբավայրերը դուրս են մնացել վերահսկողությունից։ Ֆիլտրացիոն կեղտաջրերն աղտոտում են ստորերկրյա եւ մակերեւութային ջրերը։ Գետավազանի համապարփակ պլան կազմվել է, քննարկվել ու համաձայնեցվել է, բայց թղթի վրա կարող է մնալ, քանի որ բացակայում է քաղաքական կամքը։ Ջրի կառավարումը միայն տեխնիկական խնդիր չէ՝ պատասխանատվության, ռազմավարության, պետական մտածողության հարց է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր