Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը

Իրանական նոր հակամարտությունն ու Հարավային Կովկասը

Wed, 04 Mar 2026 13:45:45 +0400


Ամերիկա-իսրայելա-իրանական ռազմական նոր բախումը, Ռահբար Ալի Խամենեիի եւ մի շարք բարձրաստիճան իրանցի զինվորականների ու քաղաքական գործիչների նահատակումն Իսլամական Հանրապետությունը դարձրել են գլոբալ քաղաքականության կենտրոն։ Ինչպես գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, «իրանական հարցը» ներկայիս փուլում ունի մի շարք շերտեր։ Առաջին հերթին ներկա բախումը կապված է Վաշինգտոնի գլոբալ հավակնությունների հետ։ Միացյալ Նահանգներ-Իսրայել դաշինքը, որոնք ձգտում են կա՛մ կործանել, կա՛մ թուլացնել Իսլամական Հանրապետությունը Իրանում, ի վիճակի են արմատապես փոխել ուժերի բալանսը Մերձավոր Արեւելքում, ռեգիոն, որն աշխարհի ամենից տուրբուլենտ շրջաններից է։

Իրանի ապամիջուկայնացման հեռանկարների քննարկումը հար­ցականի տակ է դնում, թե որքան պահանջված է այսօր միջուկային զսպումը եւ չի՞ հանդիսանում արդյոք «ուրանի զրոյական հարստացում» թեզիսը, որպես հարմար գործիք՝ ապագա հակառակորդին զինաթափելու համար։ Այս համատեքստում չի կարելի մոռանալ Հարավային Կովկասի մասին։ Բացի մշակութային, լեզվական եւ կրոնական կապերից, որոնք առկա են Իրանի եւ Հարավային Կովկասի միջեւ, Իսլամական Հանրապետությունն ունի, ընդհանուր առմամբ, 800 կմ ձգվածությամբ սահման Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Չնայած Վրաստանն էլ Թեհրանի ուշադրության կենտրոնում է մշտապես եղել։ Ու կարեւոր է հասկանալ, թե Մերձավոր Արեւելքում ներկա էսկալացիան որքանով կարող է հետեւանքներ թողնել Հարավային Կովկասի վրա։

Մի քանի օր, ներկայիս էսկալացիայից առաջ, Թեհրանում էր Հայաստանի Պնախարար Սուրեն Պապիկյանը։ Որքան էլ որ խոսենք Երեւանի արեւմտամետ քաղաքական ընտրության մասին, պարզ է, որ Հայաստանի համար Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են։ Թեհրանը դիտարկվում է կամ գոնե մինչեւ վերջերս դիտարկվել էր որպես ռեգիոնալ որոշակի հավասարակշռող ուժ։ Ամերիկա-իսրայելական այժմյան հարձակման ֆոնին էլ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել, որի հանրային հատվածում խոր ափսոսանք է հայտնել ողբերգական իրադարձությունների համար եւ ընդգծել, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել խաղաղությունը։ Գալով Ադրբեջանին՝ Մարկեդոնովն իր վերլուծականում նշել է, որ Իսրայելն ու Ադրբեջանն առաջին տարին չէ, որ ռազմավարական գործընկերներ են, եւ դա մշտապես նյարդայնացրել է իրանական ղեկավարությանը։ Թեեւ պաշտոնապես Բաքուն շատ զուսպ է արտահայտվում, սակայն շատ հայ վերլուծաբաններ մերձավորարեւելյան իրադրությունը մեկնաբանելիս չեն մոռանում նկատել, որ Բաքուն իրականում պաշտպանում է Իսրայելին։ Բաքուն, սակայն, կոչ է արել հարգել պետությունների տարածքային ամբողջականությունը՝ համահունչ ՄԱԿ սկզբունքներին։ Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը ոչ վաղ անցյալում շատ սկեպտիկ կերպով էր արտահայտվում միջազգային իրավունքի, ներառյալ՝ նաեւ ՄԱԿ արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու մասին։

Իրեն բավականին զուսպ է պահում նաեւ Վրաստանը, եւ դա հասկանալի է։ Արեւմուտքի հետ Վրաստանի ներկայիս հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն՝ ամենամեղմ գույներով եթե նկարագրենք։ Սակայն Թբիլիսիում զգուշավոր են եւ Վաշինգտոնին քննադատելիս չափը չեն անցնում։ Միաժամանակ, առիթը չեն էլ օգտագործում, որպեսզի ցուցադրականորեն ցույց տան, թե Վաշինգտոնի հետ միակամ են ու միախորհուրդ։ Պարզ է մի բան․ հարավկովկասյան եռյակին անհանգստացնում է էսկալացիայի շարունակականությունը, քանի որ դա նշանակելու է փախստականների հոսք։ Բացի այդ, առանձնապես ուրախ չեն, որ հարցեր լուծելիս մեծ տերություններն ուժային միջամտության են դիմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս ուժը ջատագով է խաղաղության, բայց ոչ թուլության հաշվին

Այս ուժը ջատագով է խաղաղության, բայց ոչ թուլության հաշվին Tue, 03 Mar 2026 18:49:25 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով