«Հրապարակ»․ Երբ Իրանը փորձում է լծակներ գործադրել Ադրբեջանի ուղղությամբ, Հայաստանը չպետք է նրա համար փրկության պատուհան բացի
Wed, 11 Mar 2026 10:45:30 +0400

«Հրապարակի» զրուցակիցն է իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին:
– Իրանի նոր առաջնորդն Ալի Խամենեիի որդին է, որը կորցրել է ընտանիքը՝ որդուն, կնոջը, հորը, քրոջը: Նրա նշանակումը բազմաթիվ քննարկումների առիթ տվեց:
– Այս պահին գտնվում ենք պատերազմի մեջ, որը շատ դաժան պատերազմ է, լինել եւ չլինելու հարց է Իրանի համար, եւ այդ պատերազմում ամենալավ ու ամենահարմար թեկնածուն, որ կարող էր հիմա Իրանի ուժայիններին, Իրանի քաղաքական ու ռազմաքաղաքական դաշտը համախմբել, նա է: Եթե այլ թեկնածուներ լինեին, կարող էին ինչ-որ տարաձայնություններ լինել, եւ այս պատերազմի, այս մասշտաբի մեջ դա շատ վտանգավոր կլիներ․ կարող էր պառակտումների հանգեցնել Իրանի ներսում, որից կօգտվեր թշնամին: Հիմա շատ կարեւոր է, որ ներսում համախմբվածություն լինի, եւ լինի մեկը, որը կկարողանա շարունակել Ալի Խամենեիի գործը:
– Անդրադառնանք Մոջթաբա Խամենեիին․ շատերը չգիտեն, որ նա պատերազմի բովով անցած է, լայն կապեր ունի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական շրջանակների հետ:
– Այո, հոր ժամանակ էլ նա շատ մեծ դեր է ունեցել եւ նույնպես համախմբող է եղել, շատ սերտ կապեր ունի հրամանատարների, ռազմական ղեկավարության, Իրանի ազգային անվտանգության եւ հոգեւորականների հետ: Նա բոլոր ոլորտներում մեծ հեղինակություն ունի եւ դրա համար է պատերազմի փուլում ամենահարմար թեկնածուն, որը կկարողանա համախմբել Իրանը եւ այդ պատերազմը շարունակել: Տարիներ շարունակ հոր կողքին է եղել եւ ավելի շատ է տիրապետում Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, քան այլ թեկնածուներ, քանի որ այդ ամենի միջով անցել է, բոլոր նյուանսներին շատ լավ է տիրապետում:
– ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտարարում են, որ ոչնչացված է Իրանի ռազմական ամբողջ ներուժը, հարվածել են նավթային գործարանին: Իրանցիներն ինչպե՞ս են գնահատում՝ ռեժիմի փոփոխությա՞ն, թե՞ այլ խնդիր է լուծվում:
– Նրանք ռեժիմի փոփոխության գաղափարախոսությունն առաջ են մղել, բայց նպատակը Իրանն իրենց վերահսկողության տակ պահելն է, Իրանը թուլացնելն է, իրենց դրածոյին իշխանության դնելը, որն իրենց համար կանխատեսելի ու վերահսկելի կլինի։ Նրանք այդպիսի Իրան են ուզում: Երբ ասում են, որ ոչնչացրել են Իրանի ՀՕՊ-ը կամ ռազմական ուժերը, իհարկե, մենք պատերազմի մեջ ենք, եւ մեկը մյուսին հարվածներ է հասցնում, բայց նրանց հայտարարածը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ Իրանն ինտենսիվ շարունակում է հարձակվել հակառակորդների վրա, պահպանում է հարձակման տեմպը: Նրանք նման հայտարարություն են անում, Իրանն էլ կարող է հայտարարել, որ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արեւելքի բոլոր ռազմաբազաները շարքից դուրս են եկել, Իրանը կարողացել է հասնել բոլոր ռազմական օբյեկտներին, շատ մեծ վնասներ է հասցրել նաեւ Իսրայելին, եւ նրանք ելք չեն տեսնում՝ դուրս գալու այդ պատերազմից, որովհետեւ այլ բան էին նախատեսում․ մտածում էին, որ Իրանի հոգեւոր առաջնորդին թիրախավորելուց անմիջապես հետո Իրանի համակարգը փլուզվելու է, սակայն պատերազմի 10-րդ օրն է, եւ ոչ մի թուլության նշան չենք տեսնում: Իհարկե, այդ մասշտաբի պատերազմի ժամանակ երկու կողմերի ռազմական հնարավորությունները մաշվում են․ դա կա, բայց ԱՄՆ-ն նշում է, որ միայն Իրանի կողմից է դա տեղի ունենում, սակայն դա այդպես չէ, երկու կողմն էլ ունի այդ խնդիրը: Պետք է արձանագրենք, որ մյուս կողմը շատ մեծ ռազմական կորուստներ է ունեցել, Իրանը թիրախավորել է նաեւ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Արեւմուտքի տնտեսական շահերը, նավթի հոսքը, նավթի տրանզիտ ճանապարհն է փակել, Հորմուզի նեղուցն է փակել, ինչի հետեւանքով նավթի գինը հատել է 110 դոլարի սահմանը: Եթե դա շարունակվի, ավելի կբարձրանա՝ մինչեւ 200 դոլար, եւ շատ մեծ վնասներ կհասցվի աշխարհի տնտեսությանը: Այսինքն՝ ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական պատերազմ է մղվում Միացյալ Նահանգների, Իսրայելի, նրանց դաշնակիցների դեմ:
– Ուժային բալանսը, սակայն, հավասար չէ:
– ԱՄՆ-ն ու Իսրայելը միջուկային գերտերություններ են, ամենավերջին սերնդի զենքերն ունեն, բայց Իրանն իր ռազմարվեստով կարող է ինչ-որ չափով հավասարությունը պահել: Իրանը կռվում է 20 հազար դոլարանոց ԱԹՍ-ներով, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դրանցից մեկը խփելու համար ծախսում են 1 միլիոն դոլար, այդպես Իրանը փորձում է հավասարեցնել անհավասար ռեսուրսները: Այսինքն՝ իրենք ավելի շատ ռեսուրս են ծախսում Իրանի դեմ: Իրանը տարիներ շարունակ այդ պատերազմին պատրաստվել է: Երկու կողմն էլ կորուստներ ունեն, եւ այդ կորուստները մեծ են: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե այս պատերազմն ինչպես կավարտվի՝ Իրա՞նը կպարտվի, թե՞ հակառակ կողմը, բայց մի բան հստակ է․ Իրանը 10-րդ օրում մեսիջ է ուղարկել նոր առաջնորդ նշանակելու պահով, որ մինչեւ վերջ գնալու է, եւ ռազմական ուժերն էլ շատ ոգեւորված են այս ընտրությունից, ու ոչ մի թուլության նշան չենք նկատում այսօր:
– Իրանի ռազմական ուժերը նախազգուշացրին Ադրբեջանին, հորդորեցին դուրս բերել սիոնիստական-ամերիկյան ուժերը: Իրանում ի՞նչ են մտածում՝ Իրանի համար դժվար պահին Ադրբեջանը կարո՞ղ է հարվածել Իրանին:
– Ադրբեջանն ինչ քայլ էլ փորձի անել, Իրանը զգուշացրել է: Բացի այդ, հայտարարել է, որ Նախիջեւանի դեպքերն Իրանի հետ կապ չունեն, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը շատ վատ պահեց իրեն՝ սպառնում էին Իրանին։ Եվ դրանից հետո էր, որ Իրանի զինված ուժերը զգուշացրին Ադրբեջանին, որ շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի վրա իրենց այդ պահվածքը, եւ վերջին անգամ զգուշացրին, որ սիոնիստական ռեժիմը՝ Իսրայելը, ակտիվություն ունի ձեր տարածքում, եւ պետք է դուրս բերել այդ ռեժիմի ներկայացուցիչներին Ադրբեջանից, որ ավելի շատ չվտանգեն իրենց ժողովրդին ու Իրանի անվտանգությունը: Դա վերջին զգուշացումն էր, ինչից հետո տեսանք, որ Ադրբեջանը զսպում է իր հռետորաբանությունը՝ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո, ու այսօր էլ շնորհավորել է Իրանի նոր հոգեւոր առաջնորդին՝ ընտրության հետ կապված, եւ դա ցույց է տալիս, որ այդ զգուշացումը տեղ է հասել:
– ՀՀ իշխանություններն Ադրբեջանին ճանապարհ են առաջարկում, ԹՐԻՓ-ից բացի, Նախիջեւանի հետ կապ հաստատելու համար, այս քայլին Իրանն ինչպե՞ս կվերաբերվի:
– Ամեն դեպքում, Հայաստանն ու Իրանը տարածաշրջանում մի անվտանգային միջավայրի մեջ են, եւ պետք է նրանց քաղաքականությունը լրացնի մեկը մյուսին, որ կարողանանք այս տարածաշրջանում ունենալ իրական անվտանգություն եւ չեզոքացնել մեզ սպառնացող վտանգները: Եթե Իրանը ճանապարհը փակում է Ադրբեջանի համար եւ դրանով փորձում է զսպել նրանց քաղաքականությունը, այդ ռազմատենչ քաղաքականությունը, նրանց նկրտումները, որոնք հետագայում կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, շատ ագրեսիվ պահվածքը, եւ երբ Իրանը փորձում է լծակներ գործադրել Ադրբեջանի ուղղությամբ, Հայաստանը չպետք է Ադրբեջանին փրկության պատուհան բացի: Մեր երկու երկրների պաշտոնյաները պիտի ամեն ինչ համաձայնեցնեն, որովհետեւ մենք մի անվտանգային միջավայրում ենք եւ պետք է միասին պահպանենք կայունությունը տարածաշրջանում: Իրանն Ադրբեջանի վրա լծակներ ունի, պետք է այդ լծակները պահպանենք, որպեսզի կարողանանք զսպել Ադրբեջանին:
– Այսինքն, ՀՀ իշխանությունների առաջարկը զրկո՞ւմ է Իրանին՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած լծակներից, ճի՞շտ եմ հասկանում:
– Թուլացնում է Իրանի դիրքերը, պետք է այնպես լինի, որ հաշվարկներն ավելի ուշադիր անեն, քայլերն ավելի զգույշ անեն, որ Իրանին չզրկեն կամ Իրանի դիրքերը չթուլացնեն տարածաշրջանում․ վերջիվերջո, Իրանը շատ կարեւոր դեր ունի այս տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի անվտանգային համակարգի մեջ:
– Արդյոք ՀՀ իշխանությունները կանխատեսելի՞ են Իրանի համար:
– Հայաստանը փորձում է չեզոքություն պահպանել, բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք տեսնում ենք ոչ ճիշտ հաշվարկներ, քայլեր։ Օրինակ, Ադրբեջանը հայտարարել էր, որ Նախիջեւանի վրա իբրեւ թե Իրանի հարձակումից հետո մի շարք երկրներ զանգահարել կամ մեսիջներ են հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին, իրենց զորակցությունն են հայտնել, որ Ադրբեջանի կողքին են կանգնում: Դա անտեղի էր, որովհետեւ Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ չի հարվածել Նախիջեւանին։ Երբ Իրանը հայտարարում է դա, ապա այդ բոլոր զորակցությունները զրոյանում են: Պետք է ավելի խոհեմ լինել, ավելի համբերատար, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններին չվնասենք, բայց, ամեն դեպքում, հիմա Իրանը փորձում է բոլոր հարեւանների հետ պահպանել նորմալ հարաբերություններ: Նման բաներ լինում են, բայց հետագայում պիտի խուսափենք այդպիսի իրավիճակներից, որոնք կարող են ռիսկի ենթարկել մեր հարաբերությունները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր