Խնդրում ենք, կանգնեք մեր ժողովրդի կողքին
Tue, 17 Mar 2026 11:23:11 +0400

Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի լիագումար նիստում ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։
Նա իր խոսքում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից շուրջ 150 հազար հայերի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նրանց անվտանգ վերադարձը։ Քերքոնյանի խոսքով՝ այս գործողությունները հակասում են Միջազգային դատարանի համապատասխան որոշումներին։
Նա նաև հայտարարել է, որ վերջերս տարածքից դուրս են բերվել այնտեղ մնացած վերջին հայերը՝ ինչի արդյունքում տարածաշրջանում հայ բնակչության ներկայությունն ամբողջությամբ դադարել է։ Քերքոնյանը մտահոգություն է հայտնել նաև հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցով՝ նշելով, որ այն ենթարկվում է ոչնչացման։
Իրավաբանը անդրադարձել է նաև կալանավորված անձանց հարցին՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի մի շարք հայեր գտնվում են կալանքի տակ և ենթարկվում են խոշտանգումների ու անարդար դատավարությունների՝ առանց բավարար իրավական երաշխիքների։
Նա ընդգծել է միջազգային կառույցների վերահսկողության կարևորությունը և կոչ արել մարդու իրավունքների ոլորտում գործող մարմիններին աջակցել տեղահանված բնակչության վերադարձի իրավունքին՝ որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկի իրականացման ձև։
«Մենք խնդրում ենք Մարդու իրավունքների խորհրդին կանգնել մեր ժողովրդի կողքին, քանի որ մենք ձգտում ենք իրականացնել մարդու ամենահիմնարար իրավունքը՝ մեր հայրենիք վերադառնալու իրավունքը»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր