Երկարատև և բազմաճակատ պատերազմը քիչ հավանական է

Երկարատև և բազմաճակատ պատերազմը քիչ հավանական է

Sat, 21 Mar 2026 18:45:30 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Իրանում լույս տեսնող «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Արամ Շահնազարյանն է։

-ԱՄՆ-Իսրայել պատերազմն Իրանի դեմ կարծես թե նոր երկրների ներգրավմամբ երկարատև ու արյունալի պատերազմ դառնալու հավակնություն ունի։ Ի վերջո, դա տեղի կունենա՞, թե՞ զսպման մեխանիզմներ կգործադրվեն:

-Իրանական ռազմավարական մտածողության մեջ ԱՄՆ և Իսրայել–Իրան լայնածավալ բախումը դիտվում է ոչ թե որպես դասական պատերազմական սցենար, այլ որպես վերահսկվող էսկալացիաների շղթա, որտեղ Թեհրանը փորձում է բարձրացնել հակառակորդի կողմից վճարվող գինը՝ խուսափելով գոյաբանական պատերազմի մեջ ներքաշվելուց։ Իրանը գիտակցում է, որ ուղիղ և երկարատև պատերազմը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կարող է ունենալ բարձր ռիսկայնություն և հստակ անվտանգային բնույթի սպառնալիքներ, ուստի առաջնահերթությունը «հիբրիդային զսպման» ռազմավարությունն է՝ ասիմետրիկ հարվածների, պրոքսի ուժերի, և տնտեսական ճնշման միջոցով։ Պարսից ծոցի արաբական երկրները՝ Կատարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը և ԱՄԷ-ն Իրանի համար դիտվում են ոչ այնքան որպես ինքնուրույն հակառակորդներ, որքան որպես տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության հարթակներ։ Նրանց էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը Իրանի կողմից ունի երկակի նպատակ. առաջինը՝ ուղերձ փոխանցել ոչ միայն Վաշինգտոնին և Թել Ավիվին, այլ նաև միջազգային հանրությանը, որ ցանկացած հարված իր էներգետիկ ենթակառուցվածքներին կունենա գլոբալ էներգետիկ հետևանքներ, և երկրորդը՝ ստիպել հենց այդ երկրներին և միջազգային հանրությանը ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ էսկալացիան զսպելու համար։ Այս մոտեցումը հիմնված է «ցավի տարածման» տրամաբանության վրա՝ պատերազմը դարձնելով թանկ բոլորի համար։ Այնուամենայնիվ, իրանական դիտակետից լիարժեք երկարատև և բազմաճակատ պատերազմը քիչ հավանական է, քանի որ տարածաշրջանի հիմնական դերակատարները, ներառյալ հենց Պարսից ծոցի միապետությունները, շահագրգռված չեն իրենց էներգետիկ ենթակառուցվածքների կործանմամբ։ Նույնիսկ լարվածության բարձր փուլերում գործում են ոչ ֆորմալ կապուղիներ և միջնորդություններ (հատկապես Օմանի միջոցով), որոնք թույլ են տալիս կողմերին կանգ առնել կարմիր գծերի վերջնական և անվերադարձ հատումից առաջ։ Իրանի ռազմավարությունը կառուցված է պատերազմական «կառավարվող քաոսի» վրա, ոչ թե անկառավարելի պատերազմում խորտակվելու։
Ելնելով պատերազմի ընթացքից, կարելի է ենթադրել, որ ներկայիս զարգացումները կարող են լինել երկարատև, բայց ոչ դասական իմաստով «մեծ պատերազմ»։ Ավելի հավանական է պարբերական էսկալացիաների, սահմանափակ հարվածների և տարածաշրջանային լարվածության շարունակական բարձր մակարդակ, քան լայնածավալ պատերազմ, որտեղ ներգրավված կլինեն բոլոր նշված երկրները որպես լիարժեք ռազմաճակատային կողմեր։

-ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ին դիմելը՝ Իրանի դեմ պատերազմին միանալու համար, Սիրիային դիմելը՝ Լիբանանում իսրայելին օգնելու համար, Կոնգրեսից երկու հարյուր միլիարդ դոլար ուզելը պատերազմը շարունակելու համար ինչի՞ մասին են խոսում։

– ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին դիմելը և Սիրիային ներգրավելու փորձերը պետք է դիտարկել ոչ այնքան որպես անմիջական լայնածավալ պատերազմի նախապատրաստում, որքան որպես «կոալիցիոն լեգիտիմության» ձևավորման փորձ։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը փորձում է միջազգայնացնել հակամարտությունը՝ այն ներկայացնելով որպես ոչ միայն ԱՄՆ և Իսրայել-Իրան պատերազմ, այլ ավելի լայն անվտանգային ճգնաժամ, որտեղ ներգրավվածությունը պետք է կիսվի ԱՄՆ դաշնակիցների միջև։
Իսկ ինչ վերաբերում է Սպիտակ տան՝ Կոնգրեսից ֆինանսական մեծ պահանջներին սա միանշանակ վկայում է փակուղային, գերծախսային պատերազմի թակարդի մասին, որտեղ հայտնվել է Միացյալ Նահանգները: Պատերազմի խորապատկերում, Սիրիայի գործոնը որոշակի նշանակություն ունի: Ելնելով իրավիճակից, կարել է ենթադրելլ, որ Սիրիայի տարածքով Իրանի տարաշարջանային ամենակարևոր դաշնակից ուժի՝ «Հեզբոլլահ»-ի հետ կապն այնուամենայնիվ որոշակիորեն պահպանվում է: Իսրայելին Լիբանանում աջակցելու համար Սիրիայի վրա ճնշումը ուղղված է ոչ միայն ռազմական, այլ նաև հաղորդակցային և լոգիստիկ ուղիների խզմանը, ինչը կարող է սահմանափակել Իրանի ասիմետրիկ հնարավորություններն այս պատերազմում։

-Լարիջանիի մահը ինչպե՞ս կազդի Իրանի պաշտպանական դիմադրողականության վրա։

-Ալի Լարիջաննի մահն անշուշտ ծանր կորուստ է Իսլամական Հանրապետության համար: Նրա կալիբրի և նշանակության գործչի բացակայությունը պարունակում է ուղղակի ռիսկեր երկրի քաղաքական, ռազմական և անվտանգային համակարգերի միջև հնարավոր հավասարակշռության խախտման առումով: Ալի Լարիջանին համարվում էր այն առանցքային գործիչը, որը հաջողությամբ կապում էր պահպանողական և պրագմատիկ թևերը՝ միաժամանակ ունենալով վստահություն թե՛ կրոնական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմաանվտանգային համակարգերի էլիտաներում։ Նրա բացակայությունը կարող է ժամանակավորապես նվազեցնել որոշումների կայացման համակարգային համահունչությունը, հատկապես ճգնաժամային պայմաններում։ Սակայն չպետք է աչքաթող անել երկու կարևոր և առանցքային իրողություն: Առաջին՝ Իսլամական Հանրապետությունը ի սկզբանե կառուցվել է այնպես, որ կարողանա դիմակայել և հաղթահարել նման ցնցումները և կորուստները: Այդ մասին են վկայում այն բոլոր նմանատիպ մարտահրավերները, այդ թվում՝ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի մահը, որոնք հաղթահարել է համակարգը իր գոյության 47 տարիների ընթացքում: Երկրորդ, Իրանի պաշտպանական դիմադրողականությունը կառուցված է ոչ թե անհատների, այլ բազմաշերտ ինստիտուտների վրա, որոնց առանցքում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բարձրագույն ռազմաքաղաքական համակարգը՝ առաջնորդվող Գերագույն հոգևոր առաջնորդի կողմից։ Այս իմաստով, նույնիսկ Լարիջանիի պես ազդեցիկ քաղաքական գործչի կորուստը չի հանգեցնում համակարգային փլուզման, քանի որ ռազմավարական որոշումները բաշխված են և ունեն շարունակականություն։

-Կասպից ծով են հասել բախումները: Արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան էլ կներգրավվեն Իրանի դեմ պատերազմում։

-Կասպիական ուղղությամբ լարվածության տարածումը պետք է դիտել որպես զգայուն, բայց դեռևս սահմանափակվող զարգացում, քանի որ Կասպիան ավազանը Թեհրանի համար ունի կենսական ռազմավարական նշանակություն՝ հատկապես անվտանգային առումով։ Այս տարածքում ցանկացած էսկալացիա ընկալվում է որպես անվտանգային բնույթի շատ լուրջ մարտահրավեր, այնպես որ Իրանը փորձում է կանխել լարվածության տարածումը հյուսիսային ուղղությամբ։ Այդ պատճառով Թեհրանը հակված է այստեղ կիրառել առավել զուսպ և դիվանագիտական զուգահեռ միջոցներ՝ չթույլատրելով, որ առկա էսկալացիան վերածվի բազմաճակատ պատերազմի։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, ապա իրանական դիտակետից դրանք դիտվում են տարբեր մակարդակներում։ Բաքուն ընկալվում է որպես ավելի խոցելի դերակատար, որը, թեև ունի սերտ ռազմավարական մակարդակի համագործակցություն Իսրայելի հետ, բայց ամբողջովին կախված է տարածաշրջանային կայունությունից և շահագրգռված չէ Իրանի հետ մտնելու ուղիղ ռազմական բախման։ Թուրքիան, իր հերթին, թեև ՆԱՏՕ-ի անդամ է և ունի մրցակցային հարաբերություններ Իրանի հետ, բայց առաջնորդվում է պրագմատիկ հաշվարկներով և փորձում է խուսափել պատերազմում ուղիղ ներգրավումից՝ պահպանելով ազդեցությունը առանց բաց ռազմական առճակատման։
Ինչ վերաբերվում է Ռիադում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները միացան արաբական երկրների կոչերին, պետք է նշել, որ այդ հանդիպումը իրանական շրջանակներում մեկնաբանվում է որպես դիվանագիտական ճնշման և դիրքավորման փորձ, այլ ոչ թե ռազմական դաշինքի ձևավորում։ Ռիադում նման հայտարարությունները նպատակ ունեն զսպել Իրանի ակտիվությունը և միաժամանակ ցույց տալ տարածաշրջանային համախմբվածություն, սակայն դա չի նշանակում պատրաստակամություն անմիջական ռազմական ներգրավման։
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ թեև Իրանի դեմ հռետորաբանությունը կոշտանում է և աշխարհաքաղաքական ճնշումը մեծանում, այդուհանդերձ Թուրքիայի և Ադրբեջանի ուղղակի ներգրավումը Իրանի դեմ պատերազմում մնում է քիչ հավանական։ Ավելի հավանական է, որ նրանք կշարունակեն գործել սահմանափակ աջակցությամբ, դիվանագիտական ճնշմամբ և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման հաշվարկով՝ խուսափելով Իրանի հետ բաց ռազմական բախումից, որը կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը։

-Որքա՞ն կարող է դիմանալ Իրանը, հաշվի առնելով, որ հիմնական մրցակիցները գերտերություններն են ու որ Իրանը բավականին լուրջ կորուստներ է կրել։

-Իրանական ռազմավարական մտածողության մեջ հարցը՝ «որքա՞ն կարող է դիմանալ» ձևակերպմամբ չի դիտարկվում ժամանակային պարզ չափանիշով, այլ որպես կարողությունների, դիմադրողականության և հակառակորդի մաշեցման հարաբերակցություն։ Պետք է նշել, որ նույնիսկ այն պարագայում, երբ դիմակայությունը ընթանում է ԱՄՆ-ի և Իսրայելի նման տերությունների հետ, Իրանը կառուցել է այնպիսի բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը թույլ է տալիս երկարաժամկետ դիմակայություն՝ առանց դասական ռազմական հավասարակշռության անհրաժեշտության։ Իրանի հաշվարկը հիմնված է երեք առանցքային գործոնի վրա: Առաջին. ասիմետրիկ ռազմական գործողություններ, երկրորդ. տարածաշրջանային դաշնակիցների և պրոքսի ցանցերի օգտագործումը, և երրորդ, ներքին համակարգի ինստիտուցիոնալ կայունությունը։ Այս տրամաբանությամբ նույնիսկ լուրջ կորուստները չեն դիտվում որպես վճռորոշ պարտություն, այլ որպես «ընդունելի գին» երկարատև դիմակայության մեջ, որտեղ նպատակն է ոչ թե արագ հաղթանակ, այլ հակառակորդի ռազմավարական կամքի կոտրում։ Միևնույն ժամանակ, ինչքան էլ, որ առաջին հայացքից զարմանալի թվա, հենց գերտերության՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունն է որոշակորեն սահմանափակում պատերազմի ինտենսիվությունը: Միացյալ Նահանգենրը, չնայած ռազմական գերազանցությանը, խուսափում է բաց և լիարժեք պատերազմից՝ դրա բարձր գնի պատճառով, իսկ Իսրայելի հնարավորությունները մնում են սահմանափակ առանց ամերիկյան ուղղակի ներգրավման։ Սա Թեհրանում ընկալվում է որպես ռազմավարական «հավասարակշռող գործոն», որը հնարավորություն է տալիս դիմակայել ավելի երկար, քան թվում է մակերեսային գնահատմամբ։ Իրանը կարող է դիմանալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քանի որ դիմադրողականությունը կառուցված է ոչ թե ռեսուրսների արագ սպառման, այլ երկարաժամկետ մաշեցման պատերազմի տրամաբանության վրա։ Թեհրանում համոզված են, որ այս դիմակայությունում վճռորոշը ոչ թե ուժերի համեմատությունն է, այլ դիմացկունությունն ու քաղաքական կամքը, որտեղ Իրանը իրեն տեսնում է առավել մրցունակ դիրքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ կռվողներին այնպես կոչնչացնենք, որ 100 տարով հետ կշպրտվեն

Իրանի դեմ կռվողներին այնպես կոչնչացնենք, որ 100 տարով հետ կշպրտվեն Sat, 21 Mar 2026 19:15:53 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով