«Հրապարակ»․ Փաշինյանի քարոզարշավն ու Սասունի անհամ պատմությունը
Thu, 26 Mar 2026 11:15:36 +0400

Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ, շաբաթ օրը ՔՊ-ականների «ուրախ ավտոբուսը» հասել էր Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր: Առերեւույթ ամեն ինչ նույնն էր, ուղղակի «պեռաշկուն» եւ «կուկուռուզին» փոխարինել էր «Մարտունա կոռտոլը»: Ճանապարհին ցուցադրաբար՝ տեսախցիկի առաջ, Փաշինյանը կարտոֆիլ էր ուտում եւ Ալեն Սիմոնյանին ասում. «Վան Գոգը «Կարտոֆիլ ուտողները» շատ հայտնի կտավ ունի»: Տեսանյութի տակ օգտատերերից մեկը գրել էր. «Իմիջիայլոց, Վան Գոգը կտրած ականջով էլ հայտնի կտավ ունի»:
Մենք տեղեկացանք, որ նրանց՝ Մարտունի այցից առաջ Մարտունու քաղաքապետ՝ ՔՊ-ական Հովհաննես Հովեյանն արդեն ամեն բան պատրաստել էր՝ ով ինչ էր խոսելու, ով էր Փաշինյանին գրկելու, ով էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ծննդյան օրվա կապակցությամբ ծաղիկներ նվիրելու։ Ծաղիկներն ինքը գնել էր, տվել տաքսիստ Հոմերոսին, որ նվիրի: Մարտունեցիներն ամոթով չթողեցին իրենց քաղաքապետին՝ Փաշինյանին տեղը տեղին հերոսացրին, ասում էին, որ պատրաստ են անգամ փողոցները ՔՊ-ականների անունով կոչել։ Ծեր կանայք գրկում, համբուրում էին Փաշինյանին, աստվածացնում, շնորհակալություն հայտնում, որ իրենց թագավոր Փաշինյանը խաղաղություն է բերում:
Գավառում մի քիչ այլ էր․ Փաշինյանին ընդառաջ եկած բնակիչներից շատերն իրենց հոգսերով ու խնդիրներով էին մոտեցել նրան: Մի ոգեւորված գավառցի էլ Փաշինյանին ասաց. «Փաշինյան ջան, 4 ոտդ գազին կդնես ու գազից չհանես», ինչը սոցցանցերում դարձավ ասելիք՝ անասնապահ գյուղացին երեւի մոռացել էր, որ մարդը 2 ոտք է ունենում, ոչ թե՝ 4:
Իսկ Հրազդանում Փաշինյանին դիմավորելու ծանր պատասխանատվությունը ստանձնել էր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ իր քաղաքապետ որդու հետ: Ի տարբերություն մարտունեցիների, հրազդանցիներն այդքան էլ ոգեւորված չէին Փաշինյանի բերած խաղաղությամբ: Մի բնակիչ, մոտենալով Փաշինյանին, ասաց. «Անհետ կորած ունենք, հիմա չգիտենք, թե ուր է: Երանի թե գերի լինի, գիտենք՝ հույս կա: Ասում եք՝ խաղաղություն լինի, թող լինի, բայց քանի՞ գերի ունենք, անհետ կորածներ կան, ո՞նց եք պատկերացնում այդ խաղաղությունը»:
Մինչ Չարենցավան հասնելը Փաշինյանը կանգ առավ Արզականում, Ալափարսում եւ Բջնիում: Բջնեցիները սեղան էին բացել Փաշինյանի համար: Սասուն Միքայելյանը Բջնիում փորձում էր հաճոյանալ Փաշինյանին, բաժակը վերցրած՝ կենացի փոխարեն մի պատմություն էր պատմում. «Լսի, վարչապետ, մի պատմություն պատմեմ, էս Վեհափառի մասին չէ, էն մյուս: Ես քաղաքապետ եմ, վոբշըմ, Վեհափառը եկավ մեր գյուղի եկեղեցին, արդեն հիվանդ էր, գնացինք հաց ուտելու: Մարզպետն էլ Հովհաննիսյան Հովիկն ա, Ալեն, ուշադիր լսի, որ թարգմանես: 4 շիշ պիվա ասի, դրին Վեհափառի դեմը, Վեհափառիս բեսամթ խմցըրի, գրկինք, դրինք ավտոն»։ Բայց Փաշինյանը ռեակցիա չէր տալիս՝ ինտենսիվ ծամում էր: Սասուն Միքայելյանն իր անհամ պատմությունն ավարտեց, տեսավ, որ Փաշինյանը չի արձագանքում, ճարը կտրած, թե բա՝ «պարոն վարչապետ, Ձեր կենացը», Փաշինյանն էլ, թե՝ «տիկին Ավանեսյանի կենացը խմեք…»։
Մարտունի եւ Հրազդան այցից հետո Չարենցավանում պատկերը հիմնովին փոխվեց: Մենք գրել էինք, որ Փաշինյանի այցից առաջ ոստիկանությունն ակցիա իրականացնող պոտենցիալ ակտիվիստներին փորձել էր չեզոքացնել՝ հրավիրելով քննչական բաժին: Այդ օրը մի ակտիվիստի հետեւից 8-10 ոստիկան էր գնացել: Ակտիվիստներին ոստիկանություն էին տարել այն ժամանակ, երբ Փաշինյանը դեռ ճանապարհին էր: Կարծես թե արդեն ամեն ինչ հարթված էր՝ վտանգը չեզոքացված, բայց Չարենցավանում Փաշինյանին դեմառդեմ հայտնվեց Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ լրագրող Արմինե Սախոյանը։ Նա, հեռախոսը ձեռքին, նկարահանում էր իրենց զրույցը եւ ասում. «Ղարաբաղյան շարժումը շարունակվում է։ Դուք 2022թ. հոկտեմբերի 6-ին գնացիք եւ հայտարարեցիք, որ Արցախն Ադրբեջանի տարածքային մաս է կազմում, եւ Դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ուեցավ մեկօրյա պատերազմ, եւ արցախցիները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը Դուք եք։ 2018 թվականին Դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, խաբեցիք ինձ եւ ինձ նման հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին եկել՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու։ Իսկ Դուք խաբել եք․․․ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք, եւ հենց հիմա ադրբեջանցիները նստած են Սեւ լճում եւ Վարդենիսում։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դավաճանել եք հարյուր-հազարավոր մարդկանց, ովքեր հավատացին, որ Դուք իշխանափոխություն եք անելու եւ Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք»։ Սա սառը ցնցուղ էր Փաշինյանի համար, նա փորձում էր ընդհատել կնոջ խոսքը եւ ինչ-որ հակափաստարկներ բերել: Բայց նրա բոլոր առարկություններին հանրությունը քաջ ծանոթ է, եւ Արմինե Սախոյանը հարց չէր տալիս, այլ տեսակետ էր շարադրում, իսկ Փաշինյանը մթնած դեմքով ունկնդրում էր։
ՔՊ ներկուսակցական քարոզարշավը վերջացավ Չարենցավանից պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի քեռուն պատկանող «Սաֆարի հոլ» հարսանյաց սրահում ուտուշ-խմուշով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր