Ինձ ամենից շատ զարմացնում է ծառերի, կանաչի հանդեպ սրանց բարբարոսական վերաբերմունքը

Ինձ ամենից շատ զարմացնում է ծառերի, կանաչի հանդեպ սրանց բարբարոսական վերաբերմունքը

Sat, 28 Mar 2026 23:15:49 +0400


Երևի անիմաստ է ինչ որ բան բացատրել այն մարդկանց, ովքեր ասում են` բոլոր վատ բաները, որ կատարվել են մեզ հետ, Փաշինյանի մեղքով չեն եղել, իսկ մենք «չար ենք ու նախանձ»` նրա արած «դրական, լավ» գործերը չենք տեսնում: Ես շարունակ փորձում եմ մեզանում կատարվող իրադարձություններին նայել այդ մարդկանց աչքերով: Որովհետև հնարավոր չէ համակեցություն պահպանել մարդկանց հետ, ում հետ այսպիսի էական տարաձայնություններ ունես և ում հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում. դու մերժում ես իրենց, իրենք` քեզ: Պետք է հասկանալ այդ մարդկանց մոտիվացիան, մտածողության կերպը, աշխարհընկալումը: Ցավոք սրտի, այդ խավը շատ դժվար է ինչ որ հոդաբաշխ բացատրություն տալիս, նրանց դիրքորոշումն ավելի շուտ տեղավորվում է մի տխուր ասացվածքի մեջ. «սերն աթարին էլ է կպչում»:

Բայց խելամիտ, վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ հստակ տեսնում են այն բոլոր ավերածությունները, որ 18-ին իշխանության եկած այս փոքր խմբակն իրականացրել է 8 տարում. պետության ու միջպետական հարաբերությունների քայքայումից, մինչև պետական ինստիտուտների, հոգևոր ու մարդկային արժեքների, միջանձնային կապերի, հույսի ու հավատի ոչնչացում…

Բայց հիմա մի տարօրինակ բան եմ ասելու. էս ամբողջ քաոսի ու ամեն բան կազմալուծելու- փչացնելու- ավերելու այս մղձավանջի մեջ ինձ ամենից շատ զարմացնում է ծառերի, կանաչի հանդեպ սրանց բարբարոսական վերաբերմունքը, բուսականությունն անխղճաբար ոչնչացնելու այս մարմաջը:

Աշխարհի ամենականաչ ու ամենալավ էկոլոգիա ունեցող երկրներում ես տեսել եմ, թե ինչպես է, բառիս բուն իմաստով, անտառի մեջ ապրող մարդը նաև իր տանն ու բակում բույսեր աճեցնում: Փարթամ կանաչը, ծառն ու ծաղիկը մարդիկ իրենց երեխաներից լավ են խնամում: Գազոնի ամեն սանտիմետրը, սաղարթախիտ ծառի ամեն տերևը մաքրում, ջրում, հիվանդություններից բուժում: Ծառ կտրել հասկացություն ուղղակի գոյություն չունի` հնամենի, ծռմռված, իրենց դարն ապրած ծառերն անգամ աչքի լույսի պես պահում, պահպանում են:
Ասենք, Ակադեմիա, կրթություն, բուհեր, դասագրքեր, եկեղեցի, քննչական մարմիններ, ԲԴԽ ու ՍԴ, խորհրդարան…հազարումի այլ կառույց քանդում, ավերում, ապականում եք` կոնկրետ շահ ունեք, բնության, բույսերի հանդեպ ինչի՞ եք այսքան անողոք: Փաստորեն, բարբարոս եք ամեն ինչի հանդեպ` և հայրենի հողի, և հայ մարդու, և կանաչի:

Աղետալի էկոլոգիական միջավայր ունեցող Երևանում, որտեղ եթե անգամ կես միլիոն ծառ տնկես ու հազարավոր հեկտարներ կանաչ գազոն ցանես էլի քիչ կլինի, սրանք որոշեցին, որ նոր ծառ տնկելու համար անպայման պետք է հին ծառերը հատվեն, որ Երևանում առհասարակ շնչելու օդ չմնա և քաղցկեղն ավելի տարածվի: Հիմա էլ ծառասպանդը կամաց տեղափոխվում է մարզեր` Վանաձոր, Տավուշ: Ո՞վ ունի որևէ հոդաբաշխ բացատրություն, թե ՔՊ-ական իշխանությունն ինչու է այսպես ատում կանաչն ու ծառերը… ես չունեմ…
ՀԳ Նկարի ծառը Սեվիլիայում է, չգիտեմքանի հարյուր տարեկան ծառ է, որն աչքի լույսի պես խնամում են իսպանացիները, չնայած փչակները փուչ էին, ճյուղերը ծռմռված, արմատները հողից դուրս եկած: Մի խոսքով` ավինյանական տրամաբանությամբ հին ու հատման ենթակա ծառ էր, որը համատարած կանաչի մեջ կարող էին հատել և ոչ մի գրամ թթվածին չէր պակասի քաղաքից…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դժվար է, բայց պետք է անել

Դժվար է, բայց պետք է անել Wed, 25 Mar 2026 09:00:28 +0400 Ինձ ամենից շատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով