Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Լավ հաշվիր, որ քեզ չհաշվեն

Լավ հաշվիր, որ քեզ չհաշվեն

Fri, 12 Jun 2026 18:45:08 +0400


Հուսամ՝ Վահագն Հովակիմյանն իր խոսքի տերն է լինելու եւ դատի է տալու բոլորին, ովքեր կփորձեն կեղծ թվեր հրապարակել ընտրությունների արդյունքների մասին եւ մոլորեցնել հանրությանը: Պարոն Հովակիմյան, ես մի հարց կուզենայի պարզել․ ե՞րբ եք դատի տալու եւ դատի տալո՞ւ եք, արդյոք, նրանց, ովքեր հանդգնել են թվակեղծարարություն անել դեռ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից առաջ: Ես, օրինակ, ճանաչում եմ մեկին, որ հունիսի լույս 8-ի գիշերը, երբ տեղամասերի 10 տոկոսի արդյունքներն էին միայն ամփոփվել, մամուլի ասուլիս տվեց ու հայտարարեց, որ ինքը 54 տոկոս ձայն է հավաքել: Դիցուք՝ այս մարդուն դատի տալո՞ւ եք, պարոն Հովակիմյան, թե՞ փորձելու եք շրջանցել այս խայտառակությունն ու ընկնել լրագրողների հետեւից, որ, ասացեք խնդրեմ, որոշ անճշտություններ են թույլ տվել իրենց հրապարակած թվերում:

Պարոն Հովակիմյան, իրականում տեղի է ունեցել մի մե՜ծ խայտառակություն: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, պատկերացնո՞ւմ եք, ՀՀ ԿԸՀ նախագահից ավելի շուտ են իմացել, որ Նիկոլը «կրել է» այս ընտրություններում, եւ շնորհավորել են Նիկոլին: Ինչպե՞ս կբացատրեք այս անոմալիան, չէ՞ որ դուք եք այն մարդը, որ առաջինն է իմանում ընտրություններում այս կամ այն ուժի հաղթանակի մասին: Մակրոնն ինչքան էլ շատ սիրի Նիկոլին, Ձեզնից ավելի շատ չի կարող սիրել, այդպես չէ՞: Եվ, ուրեմն, ինչպե՞ս պատահեց, որ նա Ձեզնից շուտ շնորհավորեց Ձեր շեֆին, այն էլ՝ ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ:

Երկրորդ մարդը, պարոն Հովակիմյան, որին պետք է դատի տալ, չզարմանաք, Դուք եք: Բացատրեմ՝ ինչու: Ուրեմն, տեսնելով ընտրատեղամասերից ստացված առաջին արդյունքները, հասկանալով, որ նույնիսկ պարզ մեծամասնություն չեն կարողանում կազմել, ՔՊ-ն անցավ գործի: Ես ասեմ՝ ՔՊ-ն, դու հասկացիր՝ Նիկոլը: Եվ, ուրեմն, Նիկոլն անցավ գործի… Ի՞նչ է հրահանգել Նիկոլն անձամբ քեզ, պարոն Հովակիմյան, կարո՞ղ ես ասել, եթե գաղտնիք չէ: Նա որեւէ հրահանգ չի՞ տվել, չի՞ ասել՝ Վահագ, վիզդ կպոկեմ, եթե 3/5 կամ 2/3 չունենանք, ֆայլաբազարից մարդ կբերեմ, կնշանակեմ ԿԸՀ նախագահ: Ո՞չ: Այդ դեպքում՝ ավելի վատ քեզ համար, պարոն Հովակիմյան, Նիկոլը կգնա քնելու, իսկ դու կգնաս աշխատանքային գաղութ՝ կամայական թվանկարչության հոդվածով: Մի քիչ արագ կողմնորոշվիր, Վահագ, ժամանակը քո դեմ է աշխատում: Նորից կրկնեմ` տեղի է ունեցել խայտառակություն, փոխանակ Նիկոլը հետեւի ԿԸՀ-ի հաշվարկներին, դուք եք հետեւել Նիկոլի հայտարարություններին: Երկուսդ էլ հավասարապես ք.քի մեջ եք, դա չէ հարցը, ուղղակի պետք է հիմա պարզել՝ դու, պարոն Հովակիմյան, ք.քի մեջ ես ընկել Նիկոլի հրահանգո՞վ, թե՞ կամովի՝ Նիկոլի, հետեւաբար նաեւ սեփական պաշտոնի սիրուց դրդված:

Կարծիք կա, պարոն Հովակիմյան, որ ԲՀԿ-ի շուրջ լուրջ «բազարներ» են ընթացել՝ թողնել խորհրդարան, չթողնել: Սա ի՞նչ նոր բան է, դո՞ւք պիտի որոշեիք այդ հարցը: Զադնի-պերեդնի, զադնի-պերեդնի… Մի հատ կողմնորոշվեք՝ դո՞ւք եք որոշողը, թե՞ ԲՀԿ-ի ընտրազանգվածը: Ընդամենը երկու տեղամաս բացեցին, պարզվեց՝ ԲՀԿ-ն անցել է խորհրդարան, ինչի արդյունքում ՔՊ-ն 4 աթոռ է կորցրել: Եվ ես պատկերացնում եմ, թե դեռ ինչեր կպարզվեն, եթե բոլոր 2005 տեղամասերը բացվեն:

Նորմալ երկրներում, Վահագ ջան, այդ երկրների առաջնորդներն ու ԿԸՀ նախագահները տեղում հրաժարականի դիմում կգրեին: Դու եկել, գիտությունով ես չալում, թե բա՝ «տող է թռել», Նիկոլը թառել ամբիոնին՝ հաթաթա է տալիս Գագիկ Ծառուկյանին՝ կնստացնեմ, «ստոյկա կտաս», ֆլան-ֆստան: Չեք կարողանում մարսել 4 աթոռի կորուստը, այո՞: Եվ ոչ միայն դա… Ե՞րբ պիտի հրապարակեք ընտրությունների վերջնական արդյունքները: Խորհուրդ եմ տալիս դա անել համապարփակ ձեւով, այսինքն՝ ըստ կուսակցությունների եւ դաշինքների հրապարակեք ե՛ւ նախնական արդյունքները, ե՛ւ փոփոխված: Ես մեծ ցանկություն ունեմ լսելու թե՛ իրական եւ թե՛ նկարված թվերը: Ուզում եմ դրանք համեմատել, որպեսզի հասկանամ, թե ինչ բոյի է եղել 2026-ի ընտրություններում արձանագրված խայտառակությունը: Ընդդիմադիրներից հարյուրավոր ձայներ են կորել, հազարավոր ձայներ հավելագրվել ՔՊ-ին․ չիմանա՞նք՝ ով է արել, ինչու է արել, ինչպես է արել, մենա՞կ է արել, թե՞ հրահանգով: Ու մեկ էլ իմացիր, հարգելի Վահագն Հովակիմյան, ինչ էլ լինի՝ Նիկոլը չի ընդունելու, որ ընտրակեղծարար է: Այնպես որ, պատրաստվիր՝ այս գործում «կրայնին» դու ես:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնն ունենալ, հաստատ կունենայի

«Հրապարակ». Որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնն ունենալ, հաստատ կունենայի Wed, 19 Aug …