Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել

Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել

Wed, 24 Jun 2026 19:45:09 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

– Ընտրություններից հետո ռեժիմը շարունակում է քաղաքական աննախադեպ հետապնդումները, որոնք ուղեկցվում են նոր ձերբակալություններով, խուզարկություններով, սպառնալիքներով։ Մինչ ընդդիմադիր 7 ուժ դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, Փաշինյանը կրկին սպառնում է «ոչնչացնել, նստեցնել, ունեզրկել» իր հակառակորդներին եւ նոր կալանավորումներ են իրականացվում։ Ինչպե՞ս կգնահատեք հետընտրական իրավիճակը Հայաստանում, ի՞նչ զարգացումներ սպասել։

– Հայաստանում այլևս Սահմանադրությունը չի աշխատում, կամ, կարելի է ասել, հակասահմանադրական կարգեր են հաստատվել: Սահմանադրական իրավունքներն արդեն ոտնահարված են՝ խոսքի ազատությունը, սեփականության անձեռնմխելիության իրավունքը, խղճի ազատությունը, ընտրելու և ընտրվելու իրավունքները, անձնական կյանքի գաղտնիությունն, օրենքի գերակայությունը և այլն: Նման կարգերը բնորոշ են տոտալիտար համակարգերին, միակ մխիթարանքն այն է, որ տոտալիտար համակարգերին բնորոշ գաղափարախոսութուն դեռևս չեն կարողանում հորինել: Մի խոսքով, գնում ենք ԵՄ:

– Հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը վկայում է, որ ՔՊ-ն շարունակելու է ընդդիմադիրներին հալածելու քաղաքականությունը։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն, օրինակ, կատարվածի համար մեղադրում է «Մայր Հայաստան» խմբակցությանը, նշելով, որ նրանց «հերթական սադրանքը պետք է արժանի հակահարված ստանար»։ Քաղաքապետն էլ սպառնում է ընդդիմախոսների «կաշիները քերթել»։

– Մենք արդեն պետք է սովորենք նման երևույթներին, սա դեռ «ծաղիկներն» են, ամեն ինչ նոր է սկսվում: Երբ Սահմանադրությունն ու օրենքներն արդեն չեն գործում, դատական իշխանությունը շարժվում է գործադիր իշխանության հահանգներով, մարդկանց «կաշիներն էլ կքերթեն», «ասֆալտներով էլ քարշ կտան», Աշոցքում էլ «աքսորավայր» կսարքեն, որ կալանավորներն անվճար աշխատեն ռեժիմի համար:

– Արդեն մտավախություններ են հնչում, թե քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը փաշինյանական ռեժիմի կողմից «նախազգուշացում» է այն մասին, որ նույնը լինելու է նաև այն ուժերի հետ, որոնք մանդատներ կվերցնեն և կհայտնվեն խորհրդարանում։

– Ըստ երևույթին ցանկանում են, որ մանդատները չվերցնեն, իսկ եթե վերցնեն, պետք է դաստիարակչական «ծեծ ուտեն»: Նման երևույթներին սովորաբար արձագանքում է Արևմուտքն, առաջին հերթին եվրոպական կառույցները՝ ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլն, սակայն այնտեղից ռեժիմը «կանաչ լույս» է ստացել, աշխարհաքաղաքական շահերը կարևոր են սկզբունքներից: Սա է իրական աշխարհը, և մեր խնդիրները միայն մենք կարող ենք լուծել, կամ էլ՝ չլուծել: Այստեղ պատասխանատվության իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, որն ընտրությունների ժամանակ միասնական շտաբ չձևավորեց, հիմա նույնպես ցաքուցրիվ են գործում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ եմ ես ակնկալում պետությունից

Ինչ եմ ես ակնկալում պետությունից Thu, 16 Jul 2026 14:21:43 +0400 Ինչ եմ ես ակնկալում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով