Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

«Հրապարակ». Ուտող, զուգարան գնացող մի բիոզանգված են ուզում ստանալ մեզնից

«Հրապարակ». Ուտող, զուգարան գնացող մի բիոզանգված են ուզում ստանալ մեզնից

Thu, 25 Jun 2026 12:45:58 +0400


Հարցազրույց բանաստեղծ Գագիկ Սարոյանի հետ

– Դուք մեր այն մտավորականներից եք, որը ե՛ւ զենքով, ե՛ւ գրչով է պայքարել։ Ի՞նչ կասեք մեր մտավորականների մասին։

– Նախ՝ այնքան է խառնվել այդ՝ «մտավորական» հասկացությունը, որ, օրինակ, ես 50 տարի է՝ բանաստեղծություն եմ գրում, այդպես էլ գլխի չընկա, թե հայ մտավորականն ով է: Դեռ էն սովետի տարիներից սկսած` պետական պարգեւներ էին վերցնում, եւ նման բաներ։ Բայց մի տեսակ կար, որն անվերջ պալատական էր, ով էլ լիներ իշխանության գլուխ, այդ շերտն իրեն բարձր մտավորական էր համարում` «պադավատ» մեքենաներով, պետական մրցանակներով, եւ կար այն մերժված հատվածը, որն էլի իրեն մտավորական էր համարում` իր բոհեմիկ վիճակներում էն տղերքը: Հիմա դրանցից ո՞րն էր մտավորական: Ուղղակի ոսկե միջինի խնդիր կա, որն այդպես էլ մեր մշակույթը չկարողացավ ձեւակերպել իր համար, թե մտավորականն ով է: Այդ ոսկե միջինը չկա: Պրոֆեսիոնալ բանաստեղծ մտավորականը ո՞րն է, արդյո՞ք այն մարդն է, որը պետք է օրական 4-5 ժամ բանվորի պես նստի իր գրասեղանի առաջ ու գրի:

– Մտավորականը պետք է միայն ստեղծագործի՞, երբ պետությունը դժվար վիճակում է, չպե՞տք է խոսի, պայքարի։

– Հենց մտավորականները՝ մե՛նք ենք պարտավոր խոսել: Մեր հայրենիքը հիմա այն վիճակի մեջ է, երբ քեզ հրել նետել են անդունդի մեջ, եւ դանդաղ, կադր առ կադր իջեցնում ես, որպեսզի այդ ընկնելու պահին` այդ դանդաղեցված կադրի մեջ էլ վախից սիրտդ պայթի: Կտրուկ չես ընկնում, որ մեռնես՝ թեկուզ ջախջախվելով ներքեւում եղած սալերին: Ամեն կադրի մեջ, ամեն վայրկյան մենք սրտապատառ ենք լինում: Հիմա մեր սրտերը կանգնած են, մենք չենք հասցնում շնչել, որովհետեւ օր-օրի բան է փոխվում այս երկրում՝ դեպի ավելի վատը, ավելի սարսափելին: Եվ մենք անդունդի հատակը չենք հասել դեռ, չգիտեմ՝ ինչ հրաշք պետք է լինի, որ կանգ առնենք, երեւի Աստված կա, ինչ-որ ուժեր կան, որ փորձում են դեռ պահել մեզ:

– Այս տարիների ընթացքում իրեն ինչպե՞ս պահեց մեր մտավորականությունը, ինչպե՞ս կբնորոշեք այդ կեցվածքը:

– Շատ վատ պահեց: Օրինակ բերեմ գրողներին, որ ավելի լավ գիտեմ․ գրական դաշտը բաժանված է արտադրամասերի, ցեխերի, ամեն մեկն իր տաղանդավոր կամ անտաղադ պոետին կամ արձակագրին վերցնում՝ դրան է տպագրում, դրան է առաջ հրում, հետո էլ էն մյուս փոքր խմբակն է իր հերոսին առաջ մղում: Շատ վատ է բաժանված այդ դաշտը: Ասենք՝ մի խմբակ էլ կա, որ ազգայնական է, ես ինձ համարում եմ դրանց մեջ, եթե դա խմբակ է: Բոլորը բոլորի դեմ պայքարում են, ոչ մեկը մեկին չի սիրում, չի ընդունում, չի հարգում:

– Ինչի՞ հետեւանք է, որ ժողովրդի մի ստվար զանգված չի գիտակցում, երբ երկիր է կորցնում, պետությունն ու պետականությունն են օր-օրի խարխլվում, եւ գնում՝ քվե է տալիս այդ աղետը բերողներին:

– Սա կենսաբանական խնդիր է։ Գիտնականներն ասում են, որ ուղեղն իր բնույթով ծույլ է, հաճույքի հետեւից վազող է, այդ պահին հացը լինի, սուրճը, օղին, ինքը դրանով բավարարվում է։ Ուղեղը սիրում է բազմոցին պառկել եւ իրենից հեռացնել վտանգները: Այո, կան ուժեր, որ մղում են մտավորականին ետ՝ առաջին ձայնը լինելու իրավունքը խլելով նրանից։ Բայց մտավորականն ինքնին ծույլ է, ինքն էլ է մտածում իր հացի, իր հաճույքների մասին կամ ասում է` այսօր չմտածեմ, կարող է վաղն անցնի, քամի է, քշեց՝ կանցնի: Բայց… չէ, գնալով էդ քամին ուժգնանում է, փոթորիկ է, մենք արդեն հողմապտույտի մեջ ենք, մենք ներսից փլուզվում ենք, քայքայվում ենք, ծակոտկեն են մեր սրտերը, հոգիները: Չգիտեմ, շատ վատ է, ամեն ինչ կապել մտավորականության հետ, դա էլ ճիշտ չէ:

– Մենք գրեթե միշտ, հաճախ միասին՝ եղել ենք ընդդիմության հանրահավաքներին, պայքարել ենք, մեր խոսքն ենք փորձել տեղ հասցնել, բայց ունեցանք ընտրությունների այս արդյունքը, ինչպե՞ս կգնահատեք այն:

– Նախ ասենք, որ խայտառակ ընտրություններ էին: Ես գիտեի, որ ՔՊ-ն տանելու է իր 30, առավելագույնը` 35 տոկոսը, էդ 10-15 տոկոսը որտեղի՞ց ավելացավ, չգիտեմ: Կարծում եմ, որ էդտեղ ինչ-որ կեղծիքներ, մախինացիաներ են եղել, ուղղակի չեմ կարող ասել, փաստեր չունեմ: Վարչական ռեսուրսը, բանակը, ուժային բոլոր կառույցներն օգտագործել են, արդարացի չէ, բայց հասկանալի է: Այդուհանդերձ, արդյո՞ք մեր ազգը՝ մոտ 50 տոկոս, լավ, ասենք՝ 25 տոկոսը, այլասերված է: Մենք իրավունք չունեինք, 5 հազար տարվա ընդգրկուն պատմություն ունենալով, այդքան այլասերվել: Երեւի աշխարհը կառավարող ուժեր կան, որոնք իրենց դավադրապաշտությունների տեսությամբ փորձում են մեր կիսափչացած ազգը լրիվ փչացնել: Ուտող, զուգարան գնացող մի բիոզանգված են ուզում ստանալ մեզնից: Ոչինչ չմտածել, այսօր այս սրճարանում նստած հրաշալի անցկացնենք, վաղն էլ՝ մյուս սրճարանում, մյուս օրն էլ՝ բանտում, գերության մեջ կամ չգիտեմ ուր:

– Հանուն արդարության ասենք, որ, այդքանով հանդերձ, իշխող ուժը չկարողացավ 50 տոկոս հավաքել։ Իհարկե, ապշելու է, որ այսքան աղետ բերելուց հետո այս իշխանությունը կարող է 726 հազար ձայն ստանալ։

– Ինձ համար ոչ թե իր հավաքած այդ ենթադրյալ 49 տոկոսն է ամենավտանգավորը, այլ ընտրություններին չմասնակցած այն 40 տոկոսը: Ես չեմ կարող վերջնական կարծիք հայտնել, թե ինչու այդ մարդիկ չգնացին ընտրատեղամասեր, ինչն իրենց ետ պահեց, ինչու են այդքան անփույթ, այդքան չեզոք իրենց երկրի ճակատագրի նկատմամբ, այդպես համակերպված: Ես չգիտեմ, թե ոնց է դասավորվելու հետագա իրավիճակը, բայց մտավորականություն կոչված այդ խավի հիմնական աշխատանքը պետք է լինի այդ 40 տոկոսին ետ վերադարձնել դեպի դաշտ, գան մասնակցեն:

– ԲՀԿ-ին թույլ չտվեցին անցնել ԱԺ, որոշ տեղամասերում չեղարկեցին ընտրության արդյունքները եւ վերընտրություն չնշանակեցին` մարդկանց զրկելով ընտրելու իրավունքից, իսկ ընտրությունների գիշերը ԿԸՀ-ն 8 ժամ ընդհատակ էր անցել:

– Բացարձակ անիրավություն: Երեւի իրենք մեխանիզմները գիտեն, ինստիտուտներ՝ նստած գծում են, թե ոնց կեղծեն: Նաեւ ընդդիմության հետընտրական քայլերը, ճիշտն ասած, չեմ հասկանում։ Չէ՞ որ բոլոր ընտրատեղամասերում վստահված անձեր, դիտորդներ են եղել, արձանագրություններ կան, չե՞ն կարողանում այդ 2005 ընտրատեղամասերի արդյունքները դնեն ու հաշվեն, ինչո՞ւ են խուսափում: Ես իմ ձայնը տվել եմ ընդդիմությանը, սպասում եմ նրա հրամանին, ի՞նչ անենք, ինչպե՞ս տեր կանգնենք մեր ձայնին, չէ՞ որ ձայնը տվել ենք, ասենք` ի՞նչ անենք, հետո եկող մեր քայլը ո՞րն է լինելու: Շատ ավելի բարոյական կլինի, որ չվերցնեն այդ մանդատները, հատկապես որ ԲՀԿ-ին թույլ չտվեցին անցնել ԱԺ: Այսինքն` հիմնավորում կա, ընդդիմությունը բարոյական իրավունք ունի չվերցնելու այդ մանդատները, որովհետեւ, այս ամենով հանդերձ, արդեն լեգիտիմ չէ այս իշխանությունը: Իսկ ժողովրդի հետ ես կռիվ ունեմ անելու, բայց իմ կռիվը ոչ թե ՔՊ-ին ձայն տվողների հետ է, այլ այդ 40 տոկոս չմասնակցածների դեմ է: Ես գիտեմ, որ այդ 35 տոկոսն ախտահարված կերպարի մեջ է, ըստ էության, հավանաբար, բոլոր ազգերի մեջ էլ կան այդպիսիները, ազգերը երբեմն հիվանդանում են, բայց որպեսզի այդ ազգը չմեռնի, այդ 40 տոկոս չեզոք, լոյալ մասսային պետք է բերել եւ մասնակից դարձնել: Այդ տոկոսը հսկայական թիվ է եւ ավելի կարեւոր է, քան ընդդիմությունը, իշխանությունը:

– Իշխանությունը մնաց նույնը, այս ընթացքով ո՞ւր են տանում երկիրը, ի՞նչ է սպասվում մեզ:

– Եթե ՔՊ-ն մարսեց այդ ամեն ինչը, շատ ավելի ծանր իրավիճակում ենք հայտնվելու, շատ վտանգավոր զարգացումներ են սպասվում, շատ: Գլոբալ աշխարհն իր բոլոր մեխանիզմներով հարձակվել է այս փոքր ազգի վրա: Անգամ այդ «զանգեզուրյան միջանցք» կոչվածից, Սյունիքը փլուզելուց բացի մեր հոգեւոր աշխարհն են պղծում, Եկեղեցու դեմ են աշխատում, մշակույթի, ընտանիքի դեմ, այն կարեւոր 3 սյուների, որոնց վրա հենված է ազգը: Այսօր արդեն սկսել են հերոսների նկարները ջնջել պատերից:

– Մենք տեսանք, թե ինչ կատարվեց վերջին 5 տարում` Արցախի հայաթափում, Հայաստանի տարածքից ավելի քան 200 ք/կմ զավթել է թշնամին եւ ամեն օր հոխորտում է, որ վերադառնալու է «Արեւմտյան Ադրբեջան», այսինքն` Հայաստան, եւ դա արվում է պետական մակարդակով: Տեսնո՞ւմ եք այդ ամենն իրականություն դառնալու վտանգ:

– Դառը ճշմարտություններ եք ասում, եւ ցավն այն է, որ մեր մեջ չկա դրա դեմ այն կազմակերպող ուժը, դիմադրության շարժումը, որ պետք է լիներ: Մի պահ՝ Սրբազան շարժման ժամանակ, բոլորս հույսով լցվեցինք: Ի դեպ, այդ ՔՊ իշխանությունների ժամանակ միակ մաքուր, ամենամիակ շարժումը, որի հետ ես հույս էի կապում, Սրբազան շարժումն էր, ափսոս, որ ժողովուրդը չկանգնեց: Մնում է՝ ի՞նչ անել, չգիտեմ այդ հարցի պատասխանը: Ես իմ բաժինը պայքարելու եմ, գրիչով, զենքով, ընտանիքով, ընկերներով․ այդքանը կարող եմ անել, ուրիշ ի՞նչ անեմ: Ձայնս տալիս եմ, չեղյալ են հայտարարում, չի իրացվում իմ ձայնը: Ընդդիմության հանրահավաքներին էլ քայլում էինք, հետո ցրվում տներով, հաջորդ օրը՝ նույնը: 6-7 տարի շարունակ քայլելով՝ հարյուր զույգ կոշիկ մաշեցինք Երեւանի փողոցներում: Գուցե ընտրություններին չմասնակցածները հենց այդ շարժումներից հիասթափվածնե՞րն են նաեւ:

– Բանաստեղծը միշտ մի լուսավոր կետ տեսնում է, ինչպե՞ս կձեւակերպեք Ձեր բանաստեղծական խոսքն այս պահին։

– Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի մեր բոլոր բարձունքները տրվել են Ադրբեջանին, մի հրաշք պիտի լինի, որ մենք կարողանանք դիմադրել: Բայց ամեն ինչ կորած չէ, իշխանափոխություն պետք է լինի, այլ ելք չկա, այլապես Աստծու ծրագիրը սխալ է: Մի ինչ-որ ուժ կլինի, ինչքա՞ն կարելի է թույնն ընդունել եւ չմեռնել, 8 տարի է՝ այդ թույնը խմում ենք եւ դեռ ողջ ենք, մեռած չենք: Իսկ այս իշխանություններն իրենց տերերի կողմից իրենց դեմ դրված ծրագիրը փորձելու են մինչեւ վերջ կատարել, հենց զգան, որ անհնար է, անմիջապես թռնելու են, մնալու են էն խաբված իշխանամետները, տխուր ընդդիմությունը եւ չկողմնորոշված էն 40 տոկոսը: Չգիտեմ, թե էլ ինչ է լինելու, հույսը քիչ է, բայց էն մանանեխի հատիկի չափ հույսը երեւի հնարավորության ինչ-որ դռներ կբացի: Սիրենք մեր հայրենիքը, անկախ իշխանավորներից, անկախ ընդդիմությունից, ով ուզում է լինի։ Ավելի շատ սիրենք մեր հայրենիքը, քան քաղաքական ղեկավարներին, ընդդիմադիր ղեկավարներին, հոգեւոր եւ մտավորական ղեկավարներին: Հենց սիրենք մեր հայրենիքը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մի քիչ դառն է ասելը, բայց այս անվերջ պարտությունների մեղավորը ոչ միայն Նիկոլն է` իր ուժով, այլ նաեւ ընդդիմությունն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դինամիկ զարգացող հարաբերություններ են, մի օր լավ կլինի, մի օր` վատ, հո թշնամի չե՞նք դառնալու

«Հրապարակ»․ Դինամիկ զարգացող հարաբերություններ են, մի օր լավ կլինի, մի օր` վատ, հո թշնամի չե՞նք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով