«Հրապարակ». Ես ցավում եմ երկրիս համար, երկիրս չպիտի մանրախնդիր, մանրապաշտ լինի
Sat, 27 Jun 2026 11:15:00 +0400

Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ թշնամանքի խորացման ճանապարհն են բռնել: Հայտարարություններ եւ գործողություններ են ձեռնարկում միմյանց դեմ: Հանրությունը եւս լարված է: Մի կողմից սրվում են հակառուսական տրամադրությունները, մյուս կողմում, որը դեռ հավատում է ռուսին ու մեղադրում Փաշինյանին, հուսահատված են: Խոսքը հատկապես գյուղատնտեսությամբ ապրողների մասին է: Ե՛վ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի նվերը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին` 7 ծիրանի տեսքով, ե՛ւ Եվրոպա գնացած ծիրանի առաջին խմբաքանակի մասին լուրերը չեն փրկում, որովհետեւ գյուղացու բերքը մնացել է ծառերին: Ֆուռերը մեր գյուղեր չեն մտնում՝ ո՛չ Եվրոպա, ո՛չ էլ Ռուսաստան գնացող: Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, զգալով մոտալուտ խուճապը, անդրադարձավ հայկական ապրանքների արտահանման խնդրին: Ասաց, որ ԵԱՏՄ-ում այս հարցի շուրջ լուրջ քննարկման անհրաժեշտություն կա, բայց կրկին կոշտ հայտարարություն արեց. «Պետք է հասկանանք՝ Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, թե՞ ոչ։ Եթե այս հարցի պատասխանն «այո» է, ապա Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին, եւ մենք պետք է այստեղից հետեւություններ անենք»: Հիշեցնենք․ մայիսի 29-ին ԵԱՏՄ 4 երկիր հայտարարություն էր ստորագրել այն մասին, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ հանրաքվե անցկացնի՝ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրություն կատարելու հարցով: Դեռ ընտրություններից առաջ, Մարտունիում Նիկոլը խոստացել էր մեկնել Մոսկվա ու լուծել հարցերը, ասել էր, որ չի պատրաստվում լեզվակռվի մեջ մտնել Ռուսաստանի հետ, բայց լեզվակռիվը շարունակվում է:
Պետերբուրգում ընթացող միջազգային ֆորումի ժամանակ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ին եւ ընդհանուր առմամբ Արեւմուտքին աջակցելու մեջ՝ ակնարկելով, որ Հայաստանում խամաճիկ ռեժիմ է տիրում: «Մեր երկրի հետ գործընկերության ձգտման մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում մոտեցել է մեր սահմաններին: Որպես գործիք՝ դաշինքն օգտագործում է խամաճիկ ռեժիմներ։ Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14-ին վերածվեց ռուսատյացության օջախի։ Ցավոք, դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի եւ նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,- հայտարարել է նա։
Իսկ Russia Today հոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը նույնիսկ առաջարկում է արգելել Նիկոլի կողմնակիցների մուտքը Ռուսաստան: Սա պատասխան քայլ է․ ինքը՝ Մարգարիտան, ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար եւ Ռուս-հայկական բարեկամության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն արդեն հայկական սեւ ցուցակներում են` նրանց մուտքը Հայաստան արգելված է: Ի՞նչ է սա՝ ՌԴ պաշտոնական քաղաքականությո՞ւն, թե՞ պուտինյան մեդիագործչի էմոցիոնալ քարոզչություն, եւ ո՞ւր է հասնելու ձնագնդիի նման օր-օրի մեծացող թշնամանքը, կարելի՞ է ասել, որ Հայաստանը Ռուսաստանի համար արդեն թշնամական տարածք է, որի անվտանգությանը նա սպառնում է, խոսքը նաեւ տնտեսական անվտանգության մասին է:
Ռուսաստանցի փորձագետ, մեր հայրենակից Կարինե Գեւորգյանը ցավով է անդրադառնում այս հարցերին: Նա յուրահատուկ, «հայկական» հայացք ունի, թեեւ ռուսական քաղաքակրթության մաս է: «Սպասեք՝ այդ ամենը քարոզչություն է, պուբլիցիստիկա, գնահատողական դիրքորոշումներ: Տանգոյի համար երկուսն են պետք, եւ քննարկել հարցը, թե ով է մեղավոր` Փաշինյանը, թե Ռուսաստանը, ես չեմ պատրաստվում: Դա տարօրինակ է: Հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է: Արդյունքն Ուկրաինան է, արդյունքն այն է, որ Միջին Ասիայի երկրներն այնպիսի բաներ են անում, որ Փաշինյանը երազում չի տեսել, իսկ ռուսական քարոզչությունը պատմում է այն մասին, թե ինչ դավաճան է Փաշինյանը եւ ինչ վայրենի ստահակ: Ես նրա կողմնակիցը չեմ, չեմ ճանաչում նրան, չունեմ նրա նկատմամբ անձնական որեւէ վերաբերմունք: Ես հիմա խոսում եմ գործառույթի մասին: Բայց այն, որ ռուսական քարոզչությունը չի ուզում տեսնել, թե ինչ է կատարվում Միջին Ասիայում, իսկ նրանք վաղուց են արդեն քայլում այն ճանապարհով, որի վրա Փաշինյանը նոր-նոր է կանգնում»,- ասում է Կարինե Գեւորգյանը:
Ըստ նրա, եւ նա այս մասին բազմիցս է նշել իր ելույթներում, տարածաշրջանի երկրները (հատկապես Ղազախստանն ու Ուզբեկստանը) փորձում են միաժամանակ մանեւրել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ։ Փորձագետը նախազգուշացնում է, որ «2 կամ 3 աթոռի նստելու» փորձերը կարող են հանգեցնել տարածաշրջանի անկայունացմանը, քանի որ Արեւմուտքն այս երկրներն օգտագործում է Ռուսաստանի եւ Իրանի դեմ պլացդարմ ստեղծելու համար, իսկ Ռուսաստանը դա չի տեսնում:
«Ինձ շատ հայեր են դիմում, նրանք գուցեեւ չեն կարողանում ճիշտ ձեւակերպել, բայց սա զգում են: Եվ սա տեղի է ունենում ռուսական դաշտում: Քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր այս գործելակերպը՝ «ես ձեր գազը կանջատեմ, ես ձեզ սա կանեմ, նա կանեմ», ոչ մի բան չի փոխվի դեպի լավը»,- ասում է փորձագետը:
Միաժամանակ նշում է, որ Ռուսաստանի կողմից էլ է դրական վերաբերմունք եղել, Ռուսաստանը շատ բան է արել Հայաստանի համար, որը չի գնահատվել: «Դա եղել է, եւ երբ որ ամեն ինչ լավ է, դու դա չես նկատում»,- ասում է Գեւորգյանը: Նա բերում է իր մեծ շան օրինակը, որն 90-ականներին, երբ չկար ոչինչ, թալանչիներից տան միակ պաշտպանությունն ապահովողն էր: «Ճիշտ այդպես էլ Հայաստանում չի գնահատվում այն, ինչը որ Ռուսաստանը տալիս էր:
Հիմա կարծես սկսել են հասկանալ. երբ բերքը մնում է դաշտերում, ոչ ոք չի գալիս, որ տանի Ռուսաստան, գյուղացիները տխուր են: Բայց ի՞նչ կարող են անել սովորական մարդիկ՝ ասում եմ: Ես ցավում եմ երկրիս համար: Երկիրս չպիտի մանրախնդիր, մանրապաշտ լինի: Իսկ Ռուսաստանը դերժավա է, քաղաքակրթություն է, դա ոչ ոք չի չեղարկել»: Հարցնում եմ. «Բայց Մեդվեդեւը Հայաստանը համեմատեց խամաճիկ երկրների հետ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, ինչպես ինքն է ասում, եւ ի՞նչ, ստացվում է՝ մեզ ընկալում են որպես թշնամի՞»:
«Ես պատասխանատու չեմ Մեդվեդեւի համար: Դուք ասում եք՝ Ռուսաստանը հայտարարեց: Ես էլ եմ Ռուսաստան: Ո՞վ է Մեդվեդեւը: Ի՞նչ ինստիտուտներ ու մեխանիզմներ ունի իրականացնելու այն, ինչ հայտարարում է: Լավ, ասենք թե հայտարարեց, հետո ասում է՝ անմիջապես շարքով կանգնեք ու կատարեք այն, ինչ ես եմ ասում, նա կարողանալո՞ւ է դա անել: Իհարկե, ոչ: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք նրան քննարկում, եթե իրավիճակը գոյատեւման առումով սարսափելի է, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Ռուսաստանում: Այն, ինչ դուք ասում եք Մեդվեդեւի հետ կապված, վկայում է ռուսաստանյան իշխանության լիակատար մոլորվածության ու ֆիասկոյի մասին, որովհետեւ հետխորհրդային տարածքում քաղաքականությունն այնպես է տապալված, անվտանգային այնպիսի ռիսկերով է հղի Ռուսաստանի համար, որ նման բառեր արտասանվում են միայն թուլությունից եւ հուսահատությունից: Եվ ես ցավում եմ երկրիս համար, որովհետեւ ես ռուսական քաղաքակրթության մարդ եմ, որին օտար չէ հայկական կուլտուրան, համենայնդեպս՝ տեխնիկական եւ գիտական առումով»,- ասում է փորձագետը:
Ըստ նրա, Հայաստանը հիմա գտնվում է պոստտրավմատիկ գործոնի ազդեցության տակ, եւ չի կարելի մեղադրել, քննադատել հայերին, որոնք մտահոգ են իրենց ժողովրդի, հողի, մշակույթի ճակատագրով եւ ունեն երբեմն հիստերիկ դրսեւորումներ: «Ես հայ եմ, որին երբեք չի տանջել հայկական իդենտիկությունը, բայց ես նաեւ կարող եմ դուրս գալ դրա փակագծերից ու տեսնել, որ հայ ժողովուրդը եղել է նման իրավիճակներում, դուրս է եկել հրաշալի կերպով, վերականգնվել է, ինչը նույնիսկ զարմանալի է` չկա այդպիսի երկրորդ ժողովուրդ: Հայերի ռեակցիան աղետներին տարբերվում է այլ ժողովուրդների ռեակցիայից: 88-ին ստացավ սարսափելի սթրես, թվում էր՝ պետք է մահանա, բայց հաղթեց եւ 94-ին վերցրեց Շուշին, հաղթեց: Իսկ հիմա մենք քննարկում ենք, թե ինչ պետք է անի Հայաստանը, որ Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը: Ոչինչ: Որովհետեւ այն հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, չեն ձեւավորել ինստիտուտներ, ներառյալ САР-ը (Հայերի միությունը), որ Ռուսաստանում հասկանան Հայաստանի նշանակությունը որպես բուն Ռուսաստանի անվտանգության հիմնաքարերից մեկը: Սա հայերը պետք է հասցրած լինեին Ռուսաստանի ղեկավարությանը, նա պետք է իմանար այս ճշմարտությունը՝ որպես այբուբեն, պետք է իմանար եւ չգցեր ամբողջ մեղքը Փաշինյանի վրա»:
Կարինե Գեւորգյանը նախկինում բազմիցս զգուշացրել է ՌԴ իշխանություններին, որ կորցնելով Ղարաբաղը, կկորցնեն նաեւ Սիրիան, դիրքերը Մերձավոր եւ Միջին Արեւելքում, հետո կունենան խնդիրներ Սեւ ծովի եւ Ղրիմի հետ կապված` այն, ինչն այսօր կատարվում է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր