Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

«Հրապարակ». Եվրամիությունը սպառնում է Հայաստանում խոսքի ազատությա՞նը

«Հրապարակ». Եվրամիությունը սպառնում է Հայաստանում խոսքի ազատությա՞նը

Fri, 17 Jul 2026 11:15:28 +0400


Եվրամիությունը տվեց «EUPM Հայաստան» առաքելության մեկնարկը, որն իրականացվելու է ՀՀ իշխանությունների խնդրանքով։ Ինչ է իրենից ներկայացնում այս առաքելությունը։ Գործընկերային բնորոշումը ստացած առաքելությունը հայտարարում է, որ պետք է պայքարի հիբրիդային սպառնալիքների դեմ, կանխարգելի արտաքին ճնշումները եւ ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ Առաքելության գործառույթների մեջ են մտնում նաեւ կեղծ տեղեկատվության (FIMI) եւ կիբեռանվտանգության մարտահրավերների բացահայտումն ու դրանց արձագանքելու կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ՝ անօրինական ֆինանսական հոսքերին դիմակայելը։ Առաքելության մանդատը 2 տարի է, կազմում ընդգրկվելու են ԵՄ անդամ պետությունների փորձագետներ, ղեկավարն է Կոսմին Դինեսկուն, որը նշանակվել է 2026 թ․ հունիսի 11-ին՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններից 4 օր հետո, չնայած առաքելությունը ստեղծվել է 2026 թ․ ապրիլի 26-ին։

ԵՄ կայքում շեշտված է, որ առաքելությունը ՀՀ իշխանությունների խնդրանքով է ստեղծվել։ Արարատ Միրզոյանի՝ Բրյուսել այցելություններից հետո Կայա Կալլասը գոնե երեք անգամ այդ մասին հրապարակային հայտարարել է։ Ո՞վ է Կոսմին Դինեսկուն․ նա ռումինացի դիվանագետ է, դեսպան ՝ շուրջ 25 տարվա դիվանագիտական փորձով, բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռումինիայի ԱԳՆ-ում, նշանակվել է դեսպան Լիտվայում, Լատվիայում եւ Խորվաթիայում։ 3 տարի եղել է Մոլդովայում ԵՄ նույնանման առաքելության՝ EUPM Moldova-ի առաջին ղեկավարը, ղեկավարել է ԵՄ առաջին քաղաքացիական CSDP առաքելությունը, որն ազգային ճգնաժամային կառավարման կառույցներին աջակցելու եւ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար էր ստեղծվել։ Փաստորեն, Կալլասի՝ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ զուգահեռներ տանելը պատահական չէր։

Առաքելությունը պատրաստվում է Հայաստանի ազգային հաստատություններին տրամադրել «ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն եւ օժանդակել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը»: Առաքելության նպատակներին ծանոթանալիս հասկանում ես, որ սա բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում, քանի որ բուն նպատակը հասկանալի է՝ Եվրոպայի թշնամի Ռուսաստանին հեռացնել, ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ ռուսական ազդեցությունից ազատվելու, այն, ինչ արել են Ուկրաինայում։ Եվ այս ամենի մեջ խոսքի ազատության սահմանափակումներ, ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ սանկցիաներ են նշմարվում։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը «Հրապարակի» հետ զրույցում, սակայն, ասում է, որ դժվար թե այս առաքելության տրամադրած խորհրդատվության մեջ լինի մի բան, որը կարող է սպառնալ տեղեկատվական ազատությանը, քանի որ դա դեմ է Եվրոպայի արժեքներին; Այդ խորհրդատվությունը, ըստ Պապյանի, ուղղված կլինի ավելի էֆեկտիվ կոմունիկացիային։ «Գաղտնիք չէ, որ մեզ մոտ մամուլի խոսնակներն ավելի հաճախ աշխատում են ոչինչ չխոսել, եւ ես գիտեմ, որ ԵՄ փորձն այդ առումով կարող է օգտակար լինել՝ ավելի բաց հաղորդակցվելու, տեղեկատվության տրամադրման հարցում։ Իրենց գործունեությունը մենք տեսել ենք հիբրիդային առաքելության կազմում, եկան Երեւան, գնացին, առանձնապես շատ բան չիմացանք, թե ինչ արեցին։ Հայտնի է, որ հիմնականում զբաղվել են նրանով, որ խորհրդատվություն են տրամադրել ԿԸՀ-ին, պետական մարմիններին, որպեսզի իրենց հաղորդակցությունները՝ ընտրությունների հետ կապված, ավելի արդյունավետ լինեն։ Արդյո՞ք դա ռեալ ազդեցություն ունեցել է, թե ոչ՝ դժվարանում եմ դատել, որովհետեւ, իմ տպավորությամբ, առանձնապես շատ բան չի էլ փոխվել, եթե համեմատենք նախորդ՝ 2021 թ․ ընտրությունների հետ»,- ասաց մեդիափորձագետը։ Մեր դիտարկմանը, որ Հայաստանում առաքելության ղեկավարը Մոլդովայում նույն առաքելությունն է ղեկավարել, եւ դրա անվան տակ հակառուսական քաղաքականություն է իրականացվել, վտանգ չկա՞, որ նույնը մեզ մոտ կլինի, Պապյանն ասաց, որ այս առաքելության հետ կապված՝ հիմնականում մտահոգություն են արտահայտում ռուսական լրատվամիջոցները։ «Դա զարմանալի չէ, որովհետեւ իրենք դա դիտարկում են Ռուսաստան-ԵՄ, Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնին, եւ այդ պրիզմայով նայելու դեպքում որոշակի ռիսկ կա, որ սա էլ ավելի կսրի հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»։

Այսինքն, առաքելությունը Փաշինյանը չի՞ օգտագործի անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցներին զսպելու, ազատ խոսքը սահմանափակելու համար։ Մեդիափորձագետն ասաց, որ այդ վտանգը կա՝ անկախ ամեն ինչից, սակայն․ «Եվրոպան խոսքի ազատության պատվարն է, եւ չի կարող եվրոպական որեւէ առաքելություն խոսքի ազատության կամ որեւէ լրատվամիջոցի համար սահմանափակող ինչ-որ բան ներմուծել։ Իրենք դրա առաջամարտիկն են, եւ, իհարկե, կա որոշակի մտահոգություն, որ, օրինակ, կխրախուսեն սահմանափակումներ մտցնել ռուսական ինչ-որ ալիքների, ազդեցության գոտիների դեմ։ Որովհետեւ դա տեսել ենք մի շարք եվրոպական երկրներում, որտեղ ռուսական պետական լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակել են։ Սակայն մինչեւ այս առաքելության գալը մենք տեսել ենք, որ Սոլովյովի հաղորդումը, որի ժամանակ Հայաստանի նկատմամբ թշնամական արտահայտություններ են արվում, արգելափակված է, բայց կան ռուսական ալիքներ, որոնք, եթե Հայաստանը ուզենար, կփակեր։ Նույնիսկ հնարավոր է, որ Հայաստան եկած հիբրիդային առաքելության անդամները խորհուրդ տված լինեն՝ փակել այդ հեռուստաալիքները, բայց մենք տեսնում ենք, որ դրանց հեռարձակմանը ոչինչ չի սպառնում։ Եթե ռուսական լրատվամիջոցների մասով որեւէ նման քայլ չենք տեսնում, մյուսների մասով, կարծում եմ, առանձնապես մտահոգվելու կարիք չկա»։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, որ ԵՄ առաքելությունը լինելու է Եվրամիության աշխարհաքաղաքական գործիք, եւ բնական է, որ աշխատելու է, որպեսզի Հայաստանում առավելագույն գերակայության հասնի իր գլխավոր թիրախի հարցում՝ Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու։ «Ցանկացած ուղղություն, որը ոչ թե կլինի ռուսական նարատիվների շրջանակում, այլ դուրս կլինի Եվրոպական Միության աշխարհաքաղաքական նարատիվներից, բնականաբար, կհայտնվի թիրախում, եւ, իհարկե, կփորձեն Հայաստանի իշխանության վրա ունեցած իրենց ազդեցությունը ծառայեցնել այդ թիրախները չեզոքացնելուն։ Այդ երեւույթը, բնականաբար, կարող է վերաբերել նաեւ Հայաստանի տեղեկատվական դաշտին»,- ասաց Բադալյանը։ Դետալացնել հնարավոր չէ, սակայն ԵՄ աշխարհաքաղաքական նարատիվներից դուրս գտնվող ցանկացած բան կհայտնվի արագ արձագանքման խմբի գործունեության թիրախում եւ Հայաստանի իշխանության միջոցով կհասնի տվյալ միջավայրերի չզոքացմանը՝ կարծում է Բադալյանը։ «Պատահական չէ, իհարկե, որ այդ գործին դրված է մարդ, որն այդպիսի աշխատանքի փորձ է ձեռք բերել Մոլդովայում։ Մնացյալն արդեն, թե ինչին կվերաբերի, ինչին չի վերաբերի, կախված է մի շարք այլ գործոններից։ Եվրամիությունը ձգտելու է դրան, բայց, իհարկե, այստեղ կա նաեւ այն հանգամանքը, թե ՀՀ իշխանությունն ինչ հարցերում տեղի կտա, ինչ հարցեր կհամարի, որ իր շահերից չեն բխում։ Այստեղ պատկերը, իհարկե, չի լինելու միարժեք․ միարժեք է լինելու ԵՄ-ի ձգտումը։ Ի վերջո, պաշտոնական Երեւանը հարաբերվելու է նաեւ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, եւ հասկանալի է, որ անվերապահորեն ԵՄ բոլոր ցանկությունների կատարման ռեժիմն ապահովված չէ, իմ պատկերացմամբ։ Այս տեսանկյունից, իհարկե, Երեւանն ունի այլ անհրաժեշտություններ՝ Մոսկվայի հետ աշխատանքի, Թեհրանի հետ աշխատանքի, նույնիսկ Վաշինգտոնի հետ աշխատանքի իմաստով»,- նկատեց քաղաքագետը։ Եվ որքան էլ սերտ լինեն Բրյուսել-Անկարա հարաբերությունները, այս տեսանկյունից ոչինչ միարժեք չէ։ Միարժեք է ԵՄ նպատակադրումը, դրա իրականացումը կախված է տարբեր հանգամանքներից՝ նկատում է Հակոբ Բադալյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան

Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Thu, 16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով