Փորձ է արվում փոխելու հայ մարդու ինքնաճանաչման հիմքերը

Փորձ է արվում փոխելու հայ մարդու ինքնաճանաչման հիմքերը

Fri, 07 Aug 2026 21:45:42 +0400


Ինքնության հեղափոխություն

Վերջին օրերին նոր ԱԺ-ում մի հետաքրքիր գործընթաց է ուրվագծվում, որին ուղղակի չեմ կարող չանդրադառնալ։ ՔՊ-ական պատգամավորները հիմա էլ իրենց դրել են պատմաբանների, քաղաքագետների ու ազգային ինքնության «գուրուների» տեղ։ Մեկը բացատրում է՝ որն է իրական հայրենիքը, մյուսը՝ ինչ պետք է հասկանալ հայկական ինքնություն ասելով, երրորդը՝ ինչն է մեր պատմության մեջ կարևոր, իսկ ինչը՝ արդեն անցյալ։

Առանձին վերցրած այս հայտարարությունները կարելի է համարել ուղղակի հերթական քաղաքական բանավեճ, բայց երբ դրանք դիտարկում ես համընդհանուր՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, ազգային արժեքների վերաձևակերպման և պատմական հիշողության նկատմամբ նոր վերաբերմունքի հետ, լրիվ այլ պատկեր է ստացվում։

Թվում է՝ իշխանությունը նոր ԱԺ-ում վերցնում է նոր՝ ինքնության հեղափոխության կուրս։ Տվյալ դեպքում խոսքը միայն Հայաստանի մասին պատկերացումը փոխելու մասին չէ, այլ հայ մարդու՝ ինքն իրեն պատկերացնելու ձևը փոխելու։

Բանն այն է, որ դիլետանտիզմ է կարծել, թե հայի ինքնությունն այսօրվա պետության քարտեզն է։ Իրականում այն ձևավորվել է լեզվով, մշակույթով, եկեղեցով, պատմությամբ, հայրենիքի մասին պատկերացումներով, կորուստներով ու հաղթանակներով։ Մարդը չի ծնվում դատարկ էջի վրա, այլ մտնում է արդեն գոյություն ունեցող պատմության մեջ և իրեն ճանաչում այդ պատմության շարունակության մեջ։
Այստեղ «գենետիկ հիշողություն» ասվածը պետք է հասկանալ ոչ թե բառացի՝ որպես ԴՆԹ-ում պահված պատմություն, այլ որպես սերունդների միջով փոխանցվող խոր հիշողություն ու ինքնագիտակցություն։ Այն, ինչ ընտանիքը, լեզուն, մշակույթը և պատմությունը փոխանցում են մարդուն՝ հաճախ դեռ մինչև նա գիտակցաբար կսկսի հարցնել՝ ով է ինքը։

Ցանկացած պարագայում, եթե փոխում ես ժողովրդի անցյալի ընկալումը, ժամանակի ընթացքում փոխում ես նաև նրա ինքնության ընկալումը։

Եթե պատմական հայրենիքի մասին հիշողությունը սկսում ես ներկայացնել որպես հին մտածողության մնացորդ, փոխվում է «հայրենիք» հասկացության բովանդակությունը, եթե պատմական հիշողությունը ներկայացվում է որպես ապագային խանգարող բեռ, թուլանում է մարդու կապը նախորդ սերունդների հետ, իսկ երբ իշխանությունը սկսում է որոշել՝ որն է «իրական» հայկական ինքնությունը, իսկ որը «պատմական», գործ ունենք ոչ թե սովորական քաղաքականության, այլ ինքնության սահմանման փորձի հետ։
Վերը նշվածն էլ խնդրո առարկա ինքնության հեղափոխության էությունն է։

Խոսքը հայի ինքնությունը վերացնելու մասին չէ, այլ ավելի խորքային գործընթացի՝ փոխել ինքնասյուների հենասյուները։ Փոխել այն պատմական ու մշակութային շրջանակը, որի միջոցով հայը հասկանում է՝ ով է ինքը, որտեղից է գալիս և ինչի շարունակությունն է։ Ինքնությունը, իհարկե, կարող է և պետք է զարգանա, բայց կա տարբերություն ինքնության բնական զարգացման և այն իշխանականորեն վերաձևակերպելու միջև։ Մի դեպքում հասարակությունն է ժամանակի ընթացքում փոխվում, մյուս դեպքում քաղաքական իշխանությունն է փորձում հասարակությանը բացատրել, թե ինչպիսին պետք է լինի իր նոր ինքնությունը։
Մի կարևոր արձանագրում անենք. որևէ իշխանություն չի ստեղծել հայի ինքնությունը։ Այն գոյություն ունի իրենից շատ առաջ և, եթե նորմալ է զարգանում, պետք է գոյություն ունենա իրենից հետո էլ։ Այդ պատճառով իշխանությունը կարող է առաջարկել Հայաստանի ապագայի իր տեսլականը, բայց երբ սկսում է որոշել՝ ինչ պետք է հայը հիշի, ինչը մոռանա և ինչ պետք է համարի իր իրական ինքնությունը, դա արդեն բոլորովին այլ գործընթաց է։

Այս կերպ փորձ է արվում փոխելու ոչ միայն Հայաստանի քաղաքական օրակարգը, այլև հայ մարդու ինքնաճանաչման հիմքերը, որովհետև իշխանությունները գալիս ու գնում են, իսկ ինքնությունը, եթե մեկ անգամ փոխվել է, կարող է մնալ սերունդներով։

Արմեն Հովասափյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս տարրական ճշմարտությունը պետք է հասցնել Փաշինյանի ուժայիններին և դատավորներին

Այս տարրական ճշմարտությունը պետք է հասցնել Փաշինյանի ուժայիններին և դատավորներին Fri, 07 Aug 2026 19:45:10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով