Շանը դանակահարող զինվորականը ձերբակալվել է
Tue, 11 Aug 2026 14:39:16 +0400

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երեկ գիշերը Գորգիսյանի այգում թափառական շանը դանակահարող անձը ձերբակալվել է: «Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։
Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակը» հայտնել էր դեպքի մասին, ինչպես նաեւ մանրամասներ էր ներկայացրել: Շանը հարվածող երիտասարդը զինվորական է, ապրում է վարձով, ունի 2 երեխաներ, որոնք, ի դեպ, սիրում են կենդանիներին: Շունը չափսերով մեծ է: Նա 2 հարված է ստացել դանակով՝ որովայնի եւ մեջքի շրջանում: Նա վիրահատվել է «Վետլայն» կլինիկայում, որտեղից տեղեկացնում են, որ ամեն ինչ բարեհաջող է անցել: Կենդանասերները ներկայում փնտրում են բարեգութ մեկին, ով գոնե մեկ ամսով իր վրա կվերցնի կենդանու հետվիրահատական խնամքը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր