Միքայել Մինասյանի ստվերը չի դադարում հետապնդել

Համացանցում են հայտնվել հայաստանյան արդարադատական համակարգի որակի ու անդրկուլիսյան խաղերի մասին պատմող նյութեր, որոնք բացահայտորեն ի ցույց են դնում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գաղտնի հանդիպումը ԲԴԽ շենքից ոչ շատ հեռու՝ Իսահակյան 24/1 հասցեում գտնվող «Rosemary» սրճարանում՝ Մինասյանին պատկանող: Անդրեասյանն ու Մինասյանը հանդիպման վայր են գալիս առանձին-առանձին՝ մի քանի րոպեի տարբերությամբ, հանդիպումն անցկացնում են փակ սրահում, որից հետո դարձյալ մի քանի րոպեի տարբերությամբ լքում են տարածքը, մի դեպքում, երբ հայտնի է, որ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում նմանատիպ հանդիպումներ ունենալու իրավունք նրանք չունեն: Ահա, թերևս, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է նրանց հանդիպումների գաղտնի բնույթը:
Ի՞նչ են նրանք քննարկում նման գաղտնի մթնոլորտում: Ակնհայտ է, որ երկուսն էլ պնդում են, որ իրենց միջանձնային հարաբերությունները չեն ազդում իրենց աշխատանքային գործունեության վրա, բայց կասկած չկա, որ իրականում այդ ու նմանատիպ այլ հանդիպումների հիմնական թեման անցանկալի դատավորներից ազատվելու հարցն է. Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ հրահանգել է ՔՊ-ական իշխանության ամրապնդման նպատակով ձեռք ձեռքի տալ ու մաքրել դատական համակարգն անցանկալի դատավորներից՝ նրանցից, որոնք այնքան էլ հաճույքով չեն պարում ՔՊ-ի դուդուկի տակ:
Ուշագրավ է այստեղ նաև մեկ այլ հանգամանք ևս. Միքայել Միանսյանի ստվերը չի դադարում հետապնդել այս երկուսին, ու չնայած նրանք անում են ամեն ինչ՝ այն իրենցից հեռացնելու, ոչ մի կերպ չասոցացվելու Սերժ Սարգսյանի փեսայի հետ, սակայն այդ ջանքերը կարծես թե արդյունք չեն տալիս: Թերևս հենց այդ ստվերից ազատվելու բուռն ցանկությունն է պատճառը, որ թե՛ Անդրեասյանը, թե՛ Մինասյանը դարձել են Փաշինյանի ամենախամաճիկային ֆիգուրները հայ իրականությունում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com