Երեկ տեսա ՀՀ ԱԺ-ի «նիստում» Արցախյան ազատամարտով փառահեղ ճանապարհ անցած Սեյրան Օհանյանին` ներքևում նստած, և Արցախ հանձնող վերևում թառած հոխորտացողներին

Անկեղծ ասած, անհնար է նայել ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցող գզվռտոցին։ Եվ ովքե՞ր են «վերին թախտին» նստածները, այն Արցախ հանձնողները, որ քամահրանքով, բարձր դիրքերից են խոսում «ներքևում գտնվողների» հետ։

Վաղը Մարտակերտի ազատագրման օրն է, հիշողությանս մեջ տարիներ առաջ` այդ տոնական օրվա միջոցառումներից մեկն է։ Մեր տեղական իշխանավորներից մեկը զանգեց ինձ ու առաջարկեց ելույթ ունենալ Մարտակերտի հասարակության և Ստեփանակերտից եկած հյուրերի առջև։
Սկզբում դժգոհեցի, որ ժամանակին պիտի ասվեր, ոչ թե միջոցառումից մեկ ժամ առաջ։ Գնացի դասի` մտմտալով ասելիքս, թե այդ դասաժամից հետո բաց երկնքի տակ կազմակերպված միջոցառմանը ինչ կարող եմ ասել։
Երկու հոգի ելույթ ունեցան` կարդալով թղթերում գրածը։ Կարդալու սովորություն չունեի, միշտ բանավոր էր խոսքս, ու նախատեսել էի խոսել մոտավոր չորս-հինգ րոպե։
Խոսելու հերթը հասավ ինձ։ Երկու թե երեք րոպե անց ինձ ելույթի պատվեր տված պաշտոնավորը, որ կողքիս կանգնած էր, ձեռքիս դիպավ` փորձելով ինձ ինչ-որ բան հասկացնել։ Շարունակեցի խոսել… Եվս մեկ րոպե, նորից նույն «զգուշացումը»։
Խոսքս ավարտեցի բուռն ծափահարությունների տակ։ Ներքուստ զայրացած նայեցի կողքիս կանգնած «պատվիրատուին», դժգոհ, բայց շատ կամաց հարցրի, թե խոսելիս ինչու էր ինձ խանգարում։ Նա համարյա շշուկով ասաց. «Նայե՛ք երկուսն էլ մեկ ոտք ունեն, բայց արևի տակ կանգնած են…»։
Շրջվեցի… Մեզ շատ մոտ կանգնած տեսա Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանին և Սեյրան Օհանյանին, ով ՊԲ նախարարն էր։
Տարիներ են անցել, իրավիճակ է փոխվել։
Երեկ տեսա ՀՀ ԱԺ-ի «նիստում» Արցախյան ազատամարտով փառահեղ ճանապարհ անցած Սեյրան Օհանյանին` ներքևում նստած, և Արցախ հանձնող վերևում թառած հոխորտացողներին, ու շատ ավելի պարզ դարձավ, որ կյանքը գլխիվայր շրջվել է։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հ1-ը ջնջել է Արցախն իր ցանկից. իշխանությունները խիստ հրահանգ են իջեցրել

Արդեն մի քանի օր է, ինչ Հ1-ով հաղորդվող եղանակի տեսությունն Արցախի կամ, ինչպես վերջերս են …