Արցախում Խաղողօրհնեքն էլ ուրիշ տեսք ունի

Խաղողօրհնեք։
Գոնե այսօր`Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, կցանկանայի արցախցիների ընտանեկան սեղաններին խաղող լիներ, հազարավոր արցախցի երեխաներ մրգի քաղցը հագեցնեին խաղող ուտելով։
Աստվածամոր բարեխոսությամբ խաղաղություն եմ ցանկանում հայոց աշխարհին, մեր ժողովրդին։
….

Խորհրդային տարիներին դպրոցականներս մասնակցում էինք խաղողի բերքահավաքին։ Բուհ ընդունվելու համար աշխատանքային ստաժ էր պետք, նորից խաղողի դաշտում էի… Բուհական տարիները նորից մեզ ուղեկցեցին ամեն աշնան խաղողի բերքահավաքին մասնակցելով։ Հետբուհական տարիներին աշխատավորներս ընդգրկված էինք խաղողի բերքահավաքին, օգնում էինք սովխոզի աշխատանքներին։
Հայ դպրոցականի, ուսանողի, աշխատավորի հավաքած բերքը, այդ բերքից պատրաստած խաղողի գինին թե օղին, մուրաբաներ թե հյութեր ադրբեջանական անվանումներ էին ստանում, հարստացնում այդ երկիրը, որը միութենական երկրի հանրապետություններից մեկն էր, իսկ մենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ էինք, որ 88֊ի Արցախյան շարժմամբ ցանկացանք միանալ Հայաստանին` համայն հայության միասնական բռունցքը երկինք հառած։
Անցյալ է դարձել, գլխիվայր շրջվել ամեն ինչ, մասնատված հայության մի ստվար զանգված քեֆ֊ուրախություն է անում` Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Ութ ամիս շրջափակման մեջ, սովահարությանը դեմառդեմ, էներգետիկ թե հումանիտար ճգնաժամի մեջ, զրկված դեղորայքից, վառելիքից…
Հիմա մենք ովքե՞ր ենք, աշխարհի խորթ զավակնե՞րը, որ 35 տարի առաջ միասին «միացում» կանչեցինք, մութ ու սով տարիներ տեսանք, պատերազմներով անցանք, մարդկային ու հայրենյաց կորուստներ ունեցանք ու հայտնվել ենք <«դատապարտվածի» կարգավիճակում ներսի թե դրսի ճիվաղների պատճառով։
Մենք կայինք, քանի դեռ միասնություն կար, քանի դեռ դավաճանություն չկար ազգի ներսում, քանի դեռ բզկտված չէինք, միմյանցից բաժանված։
Խաղողօրհնեք է, բայց Արցախի 30 հազար երեխա խաղողի կարոտ ունի։ Գուցե վերջերս ոմանք հասցրել են համտեսել, բայց թանկ հաճելին բոլորին չէ հասանելի։
Այսօր մտա տարբեր խանութներ, հույսով` գուցե օրվա խորհրդով խաղող լիներ վաճառքում…Խանութների դատարկ դարակներն ինձ դիվավորեցին, հասկացա, որ Արցախում Խաղողօրհնեքն էլ ուրիշ տեսք ունի։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com