Խանութներում պայուսակներ չեն մնացել… Ճամպրուկները կապել, Արցախից հեռանալը թշնամու ծրագիրն է


Զգաստանալ է պետք, մեզ թափ տալ, երբ խուճապը թշնամու «նվերն» է, որ մեզ է փոխանցել, իսկ մենք ի՞նչ ենք անում։
Խանութներում պայուսակներ չեն մնացել… Ճամպրուկները կապել, Արցախից հեռանալը թշնամու ծրագիրն է, մենք ու՞մ ենք օգնում։
Ադրբեջանական անցակետը հայի հնազանդ, ստրկական վիճակի ցուցադրում է թշնամու կողմից, որ նրանք ի ցույց են դնում դիվանագիտական նախատեսված քայլերով։ Մենք կարի՞ք ունենք նման ցուցադրության, թե՞ դժվար կյանքից ենք ուզում փախչել։
Եթե միակողմանի է ճանապարհը բացված, միայն դեպի Հայաստան, ապա ենթադրելի է, որ Արցախի խաղաղ բնակիչների մի հատված գերադասում է անվերադարձ լքել իր տունը, իր հայրենիքը։
Տեսա, որ երկրի ցավով «տառապողներ» կան, որ ժամանակից շուտ ճողոպրել են։ Չզարմանանք, երբ նրանք պատերազմի ժամանակ էլ անհասցե թաքնված էին։
Հարցնում են` Դուք չե՞ք ուզում հեռանալ…Ու՞ր գնալ, որտե՞ղ և ինչպե՞ս ապրել` անտուն, թափառականի ցուպը ձեռքներիս, երբ ապրելու իմաստը այստեղ է` մեր տանը, մեր պատերի ներսում, մեր աշխատանքում, մեր հայրենիքում։
Անհայրենիք կյանքը ո՞րն է…
Գիտենք ան-հաց, ան-աղ, ան-շաքարավազ, ան-յուղ, ան-քաղցրեղեն, ան-միրգ, ան-վառելիք, ան-գազ, ան-լույս կյանքը, բայց երկիրդ, տունուտեղդ անվերադարձ թողնես, թե ինչ է` թշնամու ցանկությունն ես կատարում, ուղղակի մտածելու առիթ է տալիս…
Ոմանք կասեն` հայրենիքը երեխայիս համար հաց չի դառնում, ոչ էլ` ապահով կյանք, իսկ ես գիտեմ, որ սա էլ քննություն է…Հազա՜ր երանի նրանց, ովքեր, հանուն Արցախի, պատվով կհաղթահարեն կյանքի այս մեծ քննությունը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com