Մնում է հարցնել այն վերևների օրենք թելադրողներին` այս ինչե՞ր են թաքնված արցախցիների հանդեպ կեղծ հոգատարության քողի տակ

·
Այսօր նորից ՆԳՆ տարածքային անձնագրային բաժնում էի` այս անգամ գիշերվա ժամը 4-ին։ Վերջապես հերթագրվող 30 արցախցիների մեջ ընդգրկվեցի։ Սա թերևս միակ հաջողությունն էր վերջին օրերին։

Թե ինչու է 30 թիվը շոշափելի դարձել մեր խոսքում, կրկնապատկվել, եռապատկվել մեր ձգտումը, որ հայտնվենք այդ 30-ի մեջ, առավել շատ կեսգիշերին հերթագրման եկած արցախցիները կհասկանան, այն էլ` դժգոհ, զայրույթով լցված խոսքերով։
Մինչև գիշերվա ժամը 5-ը ավարտված էր հերթագրումը, բայց հերթագրվածներիս համար մեկ այլ մտահոգություն կար, որ մնայինք անձնագրային բաժնի բակում մինչև լուսանար, որ ժամը 9-ին սկսվեր աշխատանքը ու մեզ ընդունեին։
Այդ 30-ի մեջ երեք արցախցի թոշակառու կին միմյանց հետ ծանոթացանք, հետո փորձեցինք քայլել` ցուրտն ու անձրևից թրջված գետնի խոնավությունը հաղթահարելու համար։ Մի երկու ժամ այդ ցրտին դիմացանք, առավոտ ժամը 6-ից հետո էր, որ երեքով արցախցի տղամարդու մեքենան մտանք…
Մեքենայի տաք ջերմությունը երևի թե միակ փրկությունն էր, որ գոնե մեր ոտքերին հանգիստ տալով` նստած դիմավորեինք լուսաբացը։
Ամբողջ կյանքում ֆիզիկական թե մտավոր տքնանքով եմ հասել հաջողության, բայց չգիտեի, որ Արցախում ընդհատված մեր թոշակներին Հայաստանում տեր կանգնելու համար շատ ավելի ջանքեր են պահանջվելու` եղածին ավելացած մեր հոգեկան ապրումները։
Ու՞մ է պետք այս իրավիճակը հայրենազուրկ արցախցիներիս համար, ովքե՞ր են շահագրգռված մեզ տանում մի ողբերգական վիճակի, որտեղ հաղթող ու պարտվող չկա, ընդամենը նյարդերի լարում է մեզ մատուցած այս արհեստական կրկեսում։ Եվ ովքե՞ր են դիտորդները, որոնց հաճելի է այս խաղը։
Առավոտ ժամը 9-ի մոտ արդեն կանգնած էինք անձնագրային բաժնի դիմաց։ Հերթագրված 30-հոգանոց ցուցակում 5-րդն էի, ու ինձ հետաքրքրում էր, թե որքան ժամանակատար է այդ հաշվառումը, որ այսքան <> է պահանջում։
Կողքից հիշեցրին, որ հերթագրված 30 հոգուն ամեն օր մինչև կեսօր են ընդունում, այդպես է ընդունված բոլոր անձնագրային բաժիններում։
Մնում է հարցնել այն վերևների օրենք թելադրողներին` այս ինչե՞ր են թաքնված արցախցիների հանդեպ կեղծ հոգատարության քողի տակ, ու՞մ են պետք այս արհեստական ծուղակները, որ ամեն առիթով մատուցում են մեզ։
Ընդունված կարգի համաձայն` դիմումի երկու օրինակ լրացրինք, մեր անձնագրերը 10 օրով վերցրին։ Այդ օրերի ընթացքում այսօրվա հաշվառվածներին կայցելեն մեր նշած հասցեներով, որ ստուգեն` թե որքանով է ճիշտ, որ այդ հասցեում է ապրում հաշվառման ներկայացած անձը։
Մենք 10 օրից հետո կգնանք նորից հերթում կանգնելու, որ ստանանք այն փախստականի վկայականն ու մեր անձնագրերը։ Միայն այդ դեպքում առցանց լրացրած դիմումի համաձայն` կորոշվի, թե որքան թոշակ կարող է ստանալ Հայաստան բռնատեղահանված թոշակառուն։
Երևի շատերի մոտ թոշակի գումարը տարբերություն կտա։ Եթե ոչ 30, ամենաքիչը 25 հազար դրամ ես քիչ կստանամ թոշակ, քան Արցախում էր։
Մնում է ասել` այս ի՞նչ երկիր է, որ ժողովրդին աղքատության մատնած` ժողովրդավարության մասին է թմբկահարում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վնաս չէ պատմությունը քրքրելը, բայց հայության միասնությանը սեպ խրելը հարիր չէ երկրի վարչապետին.Նատաշա Պողոսյան

Հայաստանի վարչապետը վերջերս շատ զայրացած էր խոսում արցախցիների մասին, թե որքան գումար են տվել, բայց …