Երկուշաբթի , 23 Հունիսի 2025

DATARK

«Գևորգյան» պարային ակադեմիայի սաների շնորհիվ հայկական դրոշը ծածանվեց աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում

Հայտնի է, մշակույթը մարդկային քաղաքակրթության անբաժանելի ու կարևորագույն մասն է, ավելին՝ քաղաքակրթության ծագումն ինքնին կապված է մարդկային մշակույթի ծագման ու զարգացման հետ: Այն ժամանակակից ազգերի ու պետությունների կյանքի անբաժանելի մասնիկն է, որ ձևավորում է ինքնությունը, արժեքներն ու հասարակության ընդհանուր տրամադրությունը և գործում է որպես կամուրջ՝ անցյալը կապելով ներկայի և ապագայի հետ։
Մշակույթի կարևորագույն ճյուղերից է պարարվեստը, որ խորապես կապված է ժողովրդի մշակութային ինքնության, ավանդույթների և հասարակական կյանքի հետ։ Այն արտացոլում է տվյալ ազգի արժեքները, պատմությունը և բնավորությունը, ծառայում որպես հուզական ինքնարտահայտման միջոց, մշակույթի պահպանման ճանապարհ։
Լոս Անջելեսի «Dolby» աշխարհահռչակ համերգասրահում մայիսի 25-ին տեղի ունեցավ «Գևորգյան» պարի ակադեմիայի 30-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական համերգը: Արդեն 3 տասնամյակ է, ինչ այս ակադեմիան իր անգնահատելի ներդրումն է ունենում ԱՄՆ-ում հայի տեսակի պահպանման, ազգային մշակույթի զարգացման ու համամարդկային արժեքների ջատագովման գործում:
Վարդան ու Սիրանույշ Գևորգյաններին, իսկ հիմա արդեն նրանց արժանի զավակներ՝ Սոնայի և Ալեքսի աշխատասիրության շնորհիվ հաջողվել է շարունակել իրենց ծնողների ստեղծած կառույցը, որն էտալոնային է համարվում պարարվեստի բնագավառում՝ կրթելով ու դաստիարակելով բազմաթիվ սերունդներ, այդ սերունդներին հայկական ինքնություն հաղորդելով:
Գևորգյանները հայկական մշակույթի իսկական նվիրյալներ են, որ օտար ափերում մշտապես հանդիսացել են մի յուրատեսակ փարոս, որից արձակված լույսը կողմնորոշիչ է եղել կյանքի փոթորկալից ծովում խարխափող շատ ու շատ հայերի համար՝ չձուլվելու ամենակուլ ամերիկյան մշակույթին՝ պահպանելու սեփական ազգային գույնն ու գենը:
Համերգը, որ հայկական մշակույթի իսկական տոնախմբության էր վերածվել, վարում էր հաղորդավար Ռաֆայել Մնացականյանը, որ իր խոսքին բնորոշ գրավիչ առոգանությամբ ներկայացրեց պարային ակադեմիայի գործունեությունը, անցած ուղին այն անջնջելի հետքը, որ հատուկ է միայն «Գևորգյան» ակադեմիային:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևան քաղաքի զինանշանով» պարգևատրված, «Գարեգին Նժդեհ», «Ֆրիտյոֆ Նանսեն», Մովսես Խորենացու մեդալների արժանացած ու բոլորի կողմից անսահմանորեն սիրված Աշոտ Ղազարյանը:
Համերգին բեմ դուրս եկավ 700 երեխա՝ մեկը մյուսից տաղանդավոր, մեկը մյուսից հիասքանչ ու գեղեցիկ: Դեկորացիան, զգեստներն իսկապես անկրկնելի էին և անմոռանալի տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա՝ ի ցույց դնելով այն պրոֆեսիոնալիզմը, որ բնորոշ է «Գևորգյան» պարի ակադեմիայի ղեկավարությանը՝ բոլոր առումներով:
«Գևորգյան» պարի ակադեմիան, անշուշտ, կատարում է շատ կարևոր մի գործառույթ ևս՝ սփյուռքի հայ երեխաներին կտրում է փողոցից, հաղորդակից դարձնում ազգային մշակույթին, օգնում, ձեռք բերում նոր՝ հայ ընկերներ, ամրապնդում արմատներն ու հաղորդում հավելյալ ազգային իմունիտետ:
Ահա հենց սա է նաև պատճառը, որ ակադեմիայի սաների թիվը շատ մեծ է և տարիների ընթացքում միմիայն աճում է: Այդ վստահությունը կարևոր ցուցիչ է այն գաղափարական աշխատանքի, որի շնորհիվ ակադեմիան Սփյուռքում ունի իր անփոխարինելի տեղն ու դերը:
Գևորգյանների ընտանիքի երկու սերունդ իրեն նվիրել է ազգանվեր մեծ գործին՝ սերունդներ դաստիարակելուն, հայկական պարարվեստին հաղոդակից դարձնելուն: Այսօր էլ Սոնան ու Ալեքսը պատվով առաջ են տանում իրենց վաստակաշատ ծնողների նվիրական գործը՝ 700 երեխայի հայկական մշակույթի դեսպան դարձնելով:
Նշենք նաև, որ համերգին ներկա էին բազմաթիվ երևելի դեմքեր՝ Լոս Անջելեսում ներկա ու նախկին ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքի ազդեցիկ դեմքեր և այլք:
Համերգի վեջում 700 երեխա մի մարդու պես դուրս եկավ բեմ՝ զարդարված հայկական եռագույնով: Տպավարություն էր,ասես թե հայտնվել ես ինչ-որ համազգային յուրօրիանակ մի շքերթում՝ ներշնչված հայկականությամբ ու ազգային ոգով:
Համերգի վերջում բեմ դուրս եկան 700 սաները, Վարդան, Սիրանույշ Գևորգյանների երեք զավակները՝ Սոնան, Նինելը և Ալեքսը, ինչն էլ մեծ ֆուռոր առաջացրեց երեխաների մոտ, որից հետո բեմ հրավիրվեցին «Գևորգյան» պարի ակադեմիայի հիմնադիրներ տեր և տիկին Վարդան և Սիրանույշ Գևորգյանները՝ բարձրացնելով մեծ հուզական ալիք ու ոգևորություն:
Շնորհակալություն «Գևորգյան» պարային ակադեմիային:
Վստահ ենք, որ դեռ շատ առիթներ են լինելու ու շատ հոբելյաններ են նշվելու, քանի որ այն գործը, որ ակադեմիան է անում Լոս Անջելեսում, իսկապես համազգային նշանակության ու անգնահատելի ներդրում է Սփյուռքի պահպանման ու օտար ափերում հայկական մշակույթի պրոպագանդման գործում:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով