Երկուշաբթի , 20 Հոկտեմբերի 2025

Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)

Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։ Այս
ամենը պարզապես եղանակ չէ․ աշունն իր ոսկեգույն շնչով
դարձել է տոն՝ միասնության, սիրո և ազգային հպարտության
խորհրդանիշ։ Այդպիսի մթնոլորտ էր տիրում հոկտեմբերի 18-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում, որտեղ անցկացվեց արդեն ավանդական դարձած աշնանային փառատոնը։

Այս գեղեցիկ նախաձեռնությունը, որը միավորում է
համայնքի երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին և
կամավորներին, նպատակ ունի պահպանելու և սերունդներին փոխանցելու հայի ազգային ոգին ու մշակութային արժեքները՝ անգամ օտար ափերում։

Առավոտյան մեկնարկած դասերի ավարտին տոնական
տրամադրությունը հասավ իր գագաթնակետին։ Առատ
սեղանների վրա բազմած էին հայկական ավանդական
ուտեստները՝ գաթա, հարիսա, հալվա, ղափամա և այլ համեղ
կերակրատեսակներ։ Դրանց յուօրինակ փայլ էին հաղորդում
նաև աշակերտների ձեռքով պատրաստված փոքրիկ
հուշանվերները, որոնք իրենց մեջ կրում էին ջերմություն,
հոգատարություն և ստեղծագործական մի մեծ սեր։
Դպրոցի, եկեղեցու բակում ամեն ինչ հեքիաթ էր հիշեցնում՝
աշնան գույներով զարդարված անկյուններ, բարի ժպիտներով երեխաներ, հայկական երաժշտություն և համեղ բույրերով լցված սեղաններ։
Սկզբում Ս․ Ղևոնդյանց եկեղեցու հովիվ, արժանապատիվ
տեր Խաժակ քահանա Շահբազյանը հանդես եկավ ողջույնի
խոսքով։ Այնուհետև ԱՄՆ Արևմտյան թեմի ժրաջան առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ տրվեց փառատոնի մեկնարկը։ Սրբազան հայրն իր օրհնությունը բաժանեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանին՝ նման գեղեցիկ և հայեցի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Այսօրինակ տոնակատարությունը, որը նշվում էր արդեն երկրորդ անգամ, դարձել է ոչ միայն ավանդույթ, այլև հոգևոր, մշակութային կապի ամրացման միջոց։
Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս բոլոր
դասարանները՝ ուսուցիչների, ծնողների, տատիկների ու
պապիկների աջակցությամբ, մեծ նվիրումով էին պատրաստվել տոնին։ Նրանց համատեղ աշխատանքը, միասնական ոգին և պատրաստակամությունը դարձան միջոցառման հաջողության բանալին։ Այս ամենը վկայում է, որ դպրոցը միայն կրթական հաստատություն չէ, այլ ընտանիք՝ իր սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ։
Փառատոնին միացել էին նաև դպրոցի նախկին
շրջանավարտներն ու կամավորները՝ իրենց պատրաստած
ուտեստներով ու նվերներով։ Նրանց ներկայությունը
խորհրդանշում էր սերունդների շարունակական կապը և
դպրոցի կարևոր դերը համայնքային կյանքում։
Փառատոնի գեղարվեստական մասն ապահովում էր
դպրոցի երկարամյա գործընկեր «Ալեգրետո» երաժշտական
դպրոցը՝ տնօրեն, հայտնի մանկավարժ Հասմիկ Քոթելյանի
գլխավորությամբ, որի տաղանդավոր սաներն իրենց ազգային կատարումներով հիացրեցին ներկաներին։
Օրվա հետաքրքրական պահերից մեկն էլ անակնկալ
այցելությունն էր։ Հայտարարվեց երիտասարդ երգիչ Կարո
Այրումյանի մուտքը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ
դիմավորեցին նրան։ Մի քանի հայտնի կատարումներից հետո, նա սկսեց շփվել երեխաների հետ, կիսվեց իր փորձով և հորդորեց չընկրկել դժվարությունների առաջ, այլ փոխարենը՝ հավատալ սեփական ուժերին և գնալ երազանքների հետևից։
Տոնական ամենաջերմ պահերից մեկն էլ հայկական օջախի
խորհրդանիշ համարվող տատիկ ու պապիկ տիկնիկների մուտքն էր։ Նրանց ներկայությունը վկայությունն էր այն բանի, որ ընտանիքն է մեր մշակույթի, ավանդույթների և հարատևության հիմքը։ Նրանք իրենց հետ բերել էին սեր, բարություն և հոգատարություն, որոնք անմիջապես տարածվեցին բոլորի սրտերում։
Հայ ժողովրդի հյուրընկալությունը վաղուց է հայտնի
աշխարհին, և այդ օրը ևս մեկ անգամ ապացուցվեց այս գեղեցիկ հատկությունը։ Սեղանների շուրջ բոլորը համախմբվել էին սիրով, զրույցով ու ժպիտներով։ «Հյուրը՝ Աստծունն է» ասելով՝ բոլորը մեծ սիրով հյուրասիրում էին միմյանց և միասին վայելում տոնական մթնոլորտը։ Փառատոնը ոչ միայն համերի, այլև հոգու տոնակատարություն էր՝ համախմբող, միավորող և ջերմացնող։
Այն մեկ անգամ ևս ապացուցեց, որ օտար երկրում ապրող հայը չի մոռանում իր արմատները։ Ավանդական կերակուրներ պատրաստելը, ընտանեկան հավաքույթներ կազմակերպելը և ազգային մշակույթը երեխաներին փոխանցելը դարձել են մի յուրօրինակ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև։ Այս միջոցառումը ցույց տվեց, թե ինչպես կարելի է պահպանել ազգային ինքնությունը՝ սիրով, նվիրվածությամբ ևհամախմբվածությամբ։
Օրվա ավարտին կատարվեց ավանդական հանգանակություն, որի հասույթը որոշվեց ուղղել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի փոքրիկներին։ Սա ևս մեկ վկայություն էր այն սիրո և նվիրումի, որով ապրում և գործում է հայ համայնքը օտար ափերում։ Հարկ է նշել, որ Արևմտյան թեմի միօրյա մայր կրթօջախի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի առաքելություններից մեկն էլ հենց սա է։
Հաստատություն, որի հովանու ներքո գործում է 17 շաբաթօրյա վարժարան՝ իր 140 ուսուցիչներով և մոտ 1500 աշակերտներով։
Այս ամենով հանդերձ փոքրիկ հրեշտակների փառատոնը
դարձավ ոչ միայն աշնան գույների, այլև ազգային ոգու,
համերաշխության և հայրենասիրության տոն ու վկայություն։ Այն հիշեցրեց, որ հայը, որտեղ էլ լինի, իր սրտում միշտ կրում է
Հայաստանը՝ իր աստվածատուր լեզվով, հազարամյա
մշակույթով ու սրբազան ավանդություններով։
Լյուբա Ավագյան
Ուսուցչուհի
Լոս Անջելես


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը

«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով