«Հրապարակ». Ինչպես են անծանոթ անձինք «գրանցվում» ձեր հասցեում

«Հրապարակ». Ինչպես են անծանոթ անձինք «գրանցվում» ձեր հասցեում

Fri, 27 Feb 2026 11:45:59 +0400


Ամեն անգամ, ընտրություններից առաջ, կինդեր սյուրպրիզի պես մարդիկ մեկ էլ հանկարծ նկատում են, որ իրենց բնակարանում ինչ-որ անծանոթ մարդիկ են գրանցված, որոնց ո՛չ ճանաչում են, ո՛չ էլ անգամ տեսել են, իսկ եթե նույնիսկ ճանաչում են, ապա այդ մարդիկ վաղուց դուրս են եկել հաշվառումից: Օրեր առաջ լրագրող Հռիփսիմե Առաքելյանն էր ահազանգել, որ իր եղբոր բնակարանում ավելի քան 12 մարդ է գրանցվել: «Եղբորս տան վրա, շատ պատահական հայտնաբերեցինք, որ 12 մարդ կա գրանցված։ Եղբայրս, լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որեւէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաստանում մարդկանց տանում, խառը գրանցում են, բնականաբար՝ այլ նպատակներով։ Ուրեմն, երեկվանից այս հարցով ենք զբաղվում, ես փորձել եմ հետնապահ մնալ, որ տեսնեմ՝ սրանք ինչկերպ են իրենց պահելու։ Նոր Նորքի պասպորտ սեղանի ժողովուրդ եւ մասնավորապես` պետ, ես հասկանում եմ, որ խառնվել եք իրար ու ահից լաչառանում եք, բայց դու չէիր կարող պատկերացնել քո վատ երազում, որ դա իմ եղբոր տունն է, որի վրա 12 հոգու բերել գրանցել եք՝ առանց իր գիտության։ Դատախազություն հաղորդում է գնալու, դուք համբերեք, Նելլի Դավթյան, սպասում եմ Ձեր արձագանքին»,- գրել է Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետին։

Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել՝ նշելով. «Հարգելի ժողովուրդ, մտեք elections.am, անցեք «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին, հավաքեք ձեր անվանական տվյալները, ստուգեք, թե ովքեր են գրանցված ձեր տներում ու բնակարաններում, կանխեք այս խայտառակությունը, սրանց փոփոխված «կառավարության որոշմամբ», առանց ձեր գիտության, ձեր տների վրա կարող են ում ասես բերեն ու գրանցեն, որից դուք տեղյակ չլինեք, նաեւ՝ օնլայն տարբերակով: Կրկին ասում եմ՝ այս մեխանիզմն ամրագրված է «կառավարության որոշմամբ», ստուգեք ու ռադ արեք բոլոր անկապ գրանցվածներին: Սրանք պատրաստվում են 2026-ի ընտրություններին: Զգոն եղեք»։

Ցավոք, սա նոր երեւույթ չէ, շատ ենք լսում նման պատմություններ, երբ մարդիկ պատահաբար պարզում են, որ իրենց հասցեում տարբեր անձինք են հաշվառված, թե ինչպես, ով է դրա պատասխանատուն, եւ ինչու է դա այդպես, որեւէ պետական կառույցի չի հետաքրքրում, դեռ մի բան էլ ավելին` իշխանավորներին ձեռնտու են նման դեպքերը, եթե չասենք՝ հենց իշխանությունների կողմից ուղղորդված՝ ընտրական գործընթացների կեղծման նպատակով:

Ներքին գործերի նախարարությունից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն հարցի վերաբերյալ մեզ որեւէ հստակ պարզաբանում չտվեցին, ուղղորդեցին ընթերցել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հայտարարությունը. «Պարզաբանում․ առանց հաշվառվողի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի, որեւէ հաշվառում փոփոխման ենթակա չէ։ Պարզաբանում ենք, որ անձին հաշվառելու ընթացակարգերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ։ Անձը որեւէ բնակելի տարածքի հասցեով կարող է հաշվառվել 2 եղանակով՝ 1. բնակելի տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի գրավոր համաձայնությամբ (տվյալ դեպքում փաստացի բնակության հանգամանքը չի ստուգվում)

2. փաստացի բնակության հիմունքներով։ Այս դեպքում անձը գրավոր հայտնում է իր բնակվելու հասցեն լիազոր մարմնին՝ դիմելով տվյալ հասցեում հաշվառվելու համար։ Անձի՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Այս դեպքում հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը ոստիկանության կողմից ՄՔԾ բաժին տրամադրվելուց հետո:

Նշենք, որ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից կարող է նախապես հայտնվել առարկություն՝ իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ։ Տվյալ դեպքում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին (մասնավորապես՝ նշելով շենքը կամ փողոցը)։

․․․Հաշվառված անձը (եթե վերջինս չունի տվյալ հասցեի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք) հանվում է հաշվառումից սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա։ Հավելենք նաեւ, որ 25․12․2025թ․ ընդունված ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշման մեջ կատարված լրացումների արդյունքում նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստացի հաշվառման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, իսկ հաշվառման կարգը՝ վերոգրյալ պարզաբանումների շրջանակում, փոփոխության չի ենթարկվել։

Ուշադրություն. որեւէ հաշվառում չի չեղարկվում/փոփոխվում, մինչեւ որ դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում կա՛մ հաշվառվողի, կա՛մ սեփականատիրոջ կողմից։ Դիցուք, եթե տեղի է ունեցել բնակելի տարածքի առքուվաճառք, տվյալ տարածքում հաշվառված անձանց հաշվառումները պահպանվում են, եթե նոր սեփականատերը չի դիմում լիազոր մարմնին՝ վերջիններիս հաշվառումից հանելու պահանջով։ Մեկ այլ օրինակ է, երբ փաստացի բնակության հիմքով հաշվառված անձը փոխում է իր բնակության վայրը։ Տվյալ անձի հաշվառումը նույնությամբ պահպանվում է նախկին հասցեում, եթե ո՛չ բնակելի տարածքի սեփականատերը, ո՛չ էլ հաշվառված անձը չի դիմում լիազոր մարմնին՝ համապատասխան փոփոխություններ կատարելու համար։

Այսօր մեդիա տիրույթում տարածում ստացած գրառումներից մեկում նշվում էր անծանոթ անձանց հաշվառված լինելու փաստի մասին։ Հայտնում ենք, որ դրանք տարբեր տարիների՝ 2006-2019 թթ․-ին կատարված հաշվառումներ են, եւ առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապելու որեւէ հիմք չկա։

Մասնավորապես, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար անձի ընտրելու իրավունքը ձեւավորվում է բացառապես 18 տարին լրացած լինելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, հաշվառումը չի ազդում ընտրելու իրավունքի վրա։
Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլյատիվ եւ սադրիչ բովանդակությամբ գրառումներ հրապարակելուց»։
Իսկ ո՞ւմ դիմել, եթե առաջացել է նման խնդիր. ՆԳ նախարարությունից ասացին, որ այդ հարցի հասցեատերն իրենք չեն, իրենք միայն հաշվառողի դերում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԲԴԽ-ն արձագանքում է Ռուբեն Վարդազարյանին

ԲԴԽ-ն արձագանքում է Ռուբեն Վարդազարյանին Fri, 27 Feb 2026 17:45:25 +0400 «Հրապարակի» հետ զրույցում ԲԴԽ…

15 րոպե ago

Առաջին անգամ գերիներ են փոխանակել

Առաջին անգամ գերիներ են փոխանակել Fri, 27 Feb 2026 17:30:05 +0400 Սիրիական փաստացի իշխանությունները եւ…

31 րոպե ago

«Հրապարակը» նպաստե՞ց ամուսնալուծությանը, թե՞ ակամայից իրականությունը բացահայտեց

«Հրապարակը» նպաստե՞ց ամուսնալուծությանը, թե՞ ակամայից իրականությունը բացահայտեց Fri, 27 Feb 2026 17:15:39 +0400 Անցյալ տարի…

45 րոպե ago

Բավրայի մաքսակետը ժամանակավորապես փակ է

Բավրայի մաքսակետը ժամանակավորապես փակ է Fri, 27 Feb 2026 17:00:21 +0400 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում…

1 ժամ ago

Ինչու «Նոան» դուրս մնաց պայքարից

Ինչու «Նոան» դուրս մնաց պայքարից Fri, 27 Feb 2026 16:45:34 +0400 «Նոայի» գլխավոր մարզի Սանդրո…

1 ժամ ago

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է Fri, 27 Feb 2026 16:30:07 +0400…

2 ժամ ago