«Հրապարակ»․ Թուրքիան կհարձակվի՞ Իրանի վրա` ԱՄՆ-ի հետ
Sat, 28 Feb 2026 11:15:34 +0400

«Հրապարակի» զրուցակիցն իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին է։
– Իրանի շուրջ օղակը սեղմվում է․ մի կողմից, շարունակվում են Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, մյուս կողմից, ԱՄՆ նախագահը շարունակում է սպառնալ, որ եթե իրանական կողմը գործարքի չգնա, Իրանին եւ Իրանի ժողովրդին «վատ օրեր կսպասվեն»։ Զուգահեռաբար, ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ Իրանի մատույցներում։ Կհաջողվի՞ կողմերին ընդհանուր հայտարարի գալ։
– Բանակցություններն ընթանում են։ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին դրանք շատ դրական է գնահատել՝ նշելով, որ իրանա-ամերիկյան երկկողմանի համաձայնությունը շատ հասանելի է, կողմերն արդեն տեխնիկական ճշգրտումներ են անում միմյանց հետ, եւ այդ նպատակով երկուշաբթի տեղի կունենա երկու կողմերի մասնագետների հանդիպումը։ Բայց Իրանն իր կարմիր գծերը նշել է եւ չի գնա զիջումների, ԱՄՆ-ին թույլ չտալու՝ իրենց բերել Վաշինգտոնի համար ավելի բարենպաստ դաշտ։
– Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Իրանին հարվածելու հետ կապված՝ որոշակի հակասություններ կան զինվորականների, ռազմական ստրատեգների եւ Դոնալդ Թրամփի միջեւ։ Վերջինս պնդում է, որ հարվածներ հասցնելու միջոցով Վաշինգտոնը կկարողանա ճնշում գործադրել եւ Իրանին ստիպել՝ գնալ զիջումների։ Որոշ գեներալներ, ընդհակառակը, կարծում են, որ նման արդյունքը նույնիսկ հուժկու գրոհից հետո երաշխավորված չէ։
– Թրամփը ռազմական կարճ օպերացիայի կողմնակից է, ինչպես Վենեսուելայի դեպքում։ Բայց Իրանը հայտարարել է, թե դա անհնար է՝ ասելով, որ եթե հարձակում լինի երկրի վրա, տարածաշրջանային երկարատեւ պատերազմ կլինի։ Իրանն իր պաշտպանողական հայեցակարգը փոխել է հարձակվողական դոկտրինի։ Իսկ Թրամփը երկարատեւ պատերազմ չի ուզում, չի ցանկանում զոհեր ունենալ, ընդամենը մտադիր է կարճ արդյունք արձանագրել՝ հաղթանակով դուրս գալով իր բոլոր նախընտրած սցենարներից։ Ամերիկյան ռազմական գեներալները կասկածում են, որ նման կարճ օպերացիայով կարող են նման արդյունքի հասնել։ Այդ տարաձայնություններն առկա են, եւ նաեւ կարեւոր է տեսնել, թե արդյո՞ք Իսրայելը կկարողանա համոզել ԱՄՆ-ին՝ հարձակվել Իրանի վրա։
– Քննարկվող տարբերակների թվում, ինչպես նշել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, Թրամփի սեղանին է նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, նրա որդուն՝ Մաջթաբային, մի շարք հոգեւորականների ֆիզիկապես վերացնելու սցենարը։ Թեհրանում էլ կարծես զգուշանում են նման հեռանկարից․ խոսվում է, որ արտակարգ իրավիճակների համար նույնիսկ հատուկ ծրագիր է մշակվում, այդ թվում՝ Խամենեիի մահվան դեպքում նրան հնարավոր փոխարինողների։
– Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է, պլաններ է մշակել՝ լիարժեք պաշտպանելու իր երկիրը։ Այդ մասին վկայում է այն, որ արդեն նշեցի՝ փոխել է իր ռազմական հայեցակարգը։
– Ուշագրավ է նաեւ, որ ԻԻՀ խորհրդարանի նախկին նախագահ, Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին վերջին շրջանում զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը։ Նա համարվում է Իրանում որոշում կայացնող առանցքային անձ, թեպետ, իբրեւ Խամենեիի հնարավոր իրավահաջորդի, նրա հնարավորությունները գրեթե զրոյական են, քանի որ հոգեւորական չէ։
– Լարիջանին Իրանի սահմանադրությամբ իրավունք չունի փոխարինելու Խամենեիին, քանի որ, այո, հոգեւորական չէ։ Այդ ամենն արեւմտյան քարոզչության հետեւանք է, եւ նման սցենար Իրանում չկա։
– Ամերիկյան Bloomberg-ն ուշագրավ լուր է հայտնել՝ պնդելով, թե Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում թուրքական զորքը կարող է ներխուժել Իրանի տարածք։ Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ն աշխատում է Թուրքիայի անվտանգության տարբեր սցենարների վրա․ տարբերակներից մեկը զանգվածային միգրացիայի ռիսկի դեպքում Իսլամական հանրապետության տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է։ Անկարան հերքում է, իսկ Թեհրանում ունե՞ն նման մտավախություն։
– Իրանը նման մտահոգություն չունի, այն, որ ԱՄՆ-ի հետ պատերազմի դեպքում Թուրքիան կհարձակվի Իրանի վրա՝ ապատեղեկատվություն է։ Ամեն դեպքում, Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է եւ զգուշացրել է բոլոր հարեւան երկրներին, որ ամերիկյան ռազմաբազաները, որոնք գտնվում են իրենց տարածքում, հարձակման օրինական թիրախ են դառնալու։ Բոլոր դեպքերում, Թուրքիան անվտանգության ռեժիմ է սահմանում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանի վրա, եւ այդ ամենին Թեհրանում ուշադիր հետեւում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր