«Հրապարակ»․ Վաղը կասեն` գնացինք զագս, հաջորդ անգամ կհայտարարեն, որ եկեղեցի են գնում
Sat, 28 Feb 2026 13:15:47 +0400

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Արկադի Մեհրաբյանն է:
– Իշխանությունները հայկական սիմվոլիկայի դեմ պայքարում աննախադեպ են, անգամ թշնամի երկրներն այսպիսի ինտենսիվությամբ չեն պայքարում Առաքելական եկեղեցու, Մեսրոպ Մաշտոցի, Հայոց պատմության, հայկական զինանշանի ու օրհներգի դեմ: Հայ ավանդական ընտանիքն էլ, թեպետ վաղուց էր իշխանությունների թիրախում` Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաներ եւ այլն, բայց ավանդական ընտանիքի մոդելը մեզանում հարգված էր, եւ հանկարծ հայտարարում են, որ վարչապետի ընտանիքը քայքայվում է: Ի՞նչ տպավորություն ունեք: Որպես հոգեբան` ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այս փուլում նման քայլ անում: Եթե անգամ իսկապես ամուսնալուծվում են, ինչո՞ւ չհամբերեցին մինչեւ ընտրությունները եւ հենց այս շրջանում հայտարարեցին: Ի վերջո, քաղաքական գործիչները չպե՞տք է լինեն ավելի օրինակելի` այս առումով:
– Սկսենք սիմվոլիկաներից: Այն, ըստ էության, նոր բան չէ: Մասիս, Մաշտոց… սրանք վաղուց են թիրախում: Ինչքանով տեղյակ եմ, «իրական Հայաստանի» շրջանակներում է այս ամենն արվում, իրենց համար իրականը միայն այն է, ինչն ամփոփված է ներկայիս Հայաստանի սահմաններում: Ես միշտ եմ եղել այն կարծիքին, որ այս մարդը հրահանգներ է կատարում, կոպիտ ասած` նրան ինչ ասում են, խելոք անում է: Ինչ վերաբերում է հայկական ընտանիքի մոդելին, ապա հիմա ես չգիտեմ, թե որն է հայկական ընտանիքի մոդելը: Օրինակ` Ազգային ժողովի նախագահը մի քանի անգամ ամուսնացել է, ինչն օրինակելի վարքագիծ չէ, սակայն մեր արժեհամակարգն այս առումով՝ պետք է ասեմ, որ բավականին հեղհեղուկ է, մեր ժողովուրդը հիմա չգիտի, թե ինչ արժեքներ է դավանում: Եթե մեր ժողովուրդը հստակ արժեհամակարգերով առաջնորդվի, ապա անպայման դիմադրություն ցույց կտա այն երեւույթներին, որոնք խորթ են իր արժեհամակարգին, բայց քանի որ մեր ժողովուրդը չգիտի այժմ, թե ինչպիսի ընտանիքի մոդել է դավանում, ինչ պոպուլիստական քայլ ասես, որ անում են: Ինչ վերաբերում է քաղաքական գործչի վարքագծին, համեստ լինելուն եւ այլն, ապա այդ ամենը, իրենց լեզվով ասած` իրենց «վրով չի»: Հնարավոր չէ, որ այս մարդիկ իրենց համեստ դրսեւորեն, հակառակը` պոպուլիզմն իրենից ենթադրում է անհամեստություն, բարձրագոչ հայտարարություններ, ստախոսություն եւ այլն, միայն թե այդ ամենն արվի վստահ: Նրանց կողմից տարվող քաղաքականությունն ամպագոռգոռ հայտարարությունների եւ էժանագին ներկայացումների վրա է հիմնված: Ցուցադրականությունն իրենց թիվ մեկ մեխն է, դրա համար էլ շարունակաբար նույն բանն են անում: Օրինակ, նույն Եկեղեցու շուրջ տեղի ունեցողն այնքան ծիծաղելի է, հանել է մի «Բենթլիով» սրբապիղծի` մյուսների դեմ, եւ հայտարարում է, որ Եկեղեցին բարեկարգում են: Լավ, հասկացանք, որ Եկեղեցին այնքան էլ մաքուր կառույց չէ, որ կաթողիկոսն էլ գուցե չի պահպանել Եկեղեցու կանոնները, բայց նույն «բենթլին» մի բան էլ ավելի վատ` չի պահպանել այդ նույն նորմերը, ինչպե՞ս է ստացվում, որ վատագույնով վատի դեմ են պայքարում: Իշխանությունների համար այդ հարցերն էական չեն, նրանք վստահ են, որ այդ քայլերով շոու են ապահովում:
– Իսկ ընտանեկան դրամաներ ցուցադրելու համար սա հարմա՞ր ժամանակ էր, կարող էին, չէ՞, սպասել մինչեւ ընտրությունները:
– Հա, բայց իրենց շոու է հարկավոր: Այն պետք է անդադար լինի, եթե անդադար շոու չիրականացվի, իրենց կարող են մոռացության ենթարկել, խնդիրը սա է: Նրանք ակտուալ մնալու խնդիր ունեն, որպեսզի կարողանան ընտրազանգվածին պահել իրենց վերահսկողության տակ:
– Այսինքն` Դուք էլ չեք հավատում, որ ամուսնալուծվել են:
– Ե՞րբ էին ամուսնացած, որ ամուսնալուծվեն: Հայտարարում են, որ չկա քաղաքացիական ամուսնություն, վաղն այլ բան կհայտարարեն, կասեն` գնացինք զագս, հաջորդ անգամ կհայտարարեն, որ եկեղեցի են գնում` պսակադրվելու: Նրանց հայտարարությունները երբեք վերջնական չեն: Show must go on, ինչպես հայտնի երգում է հնչում: Հաջորդիվ կմտածեն, թե ինչ շոու են ցուցադրելու: Մի քանի օրից կարող ենք այլ թեմայի մասին լսել, եթե նրանք հասկանան, որ ժողովրդի ուշադրությունն այլ հարցի վրա պետք է սեւեռել, ապա դա կանեն, առանց երկար-բարակ մտածելու: Ամենակարեւորը` որ ամեն բան ասվի եւ արվի վստահ, չկա այլ մոտիվացիա: Նորմալ քաղաքական ծրագիր այս մարդը չունի, ամեն ինչ քանդում է, վերցնենք 2021-ի ծրագիրը, խոշորացույցով անգամ եթե փնտրենք, դժվար թե գտնենք մի կետ, որն իրականություն դարձած լինի: Ես՝ ինքս, չգիտեմ նման կետ, եթե ինչ-որ մեկը գիտի, թող ասի: Զրո աշխատանք, պոպուլիզմից բացի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր