Ծեծկռտուքից հետո երեխային տեղափոխել են ուրիշ դպրոց
Sat, 28 Feb 2026 13:45:26 +0400

Մեր տեղեկություններով՝ Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Աշակերտները ծեծել են դասընկերոջը, հարվածներ հասցրել դեմքին, քթին, որից հետո մայրը երեխային հանել է դպրոցից եւ այլ դպրոց տեղափոխել:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Աղասարյանի հետ։ «Երեխաներն իրար վնասել են, ոստիկանություն ենք դիմել: Մեր դպրոցին կցված ոստիկանները ներկայացել են, տարել են երեխաներին եւ ծնողներին, զրուցել են: Հարցը կարգավորվել էր, հետո ծնողը որոշել է, որ դպրոցից տեղափոխի: Չեմ կարող ասել, թե խնդիրը որն էր, ես իրենց ասացի, որ կարող ենք ժամանակ տրամադրել, որովհետեւ երեխաներ են: Այս պահին այդ դասարանում շատ լավ մթնոլորտ է տիրում, որովհետեւ իրավիճակներ կան, որ երեխաները տեսնում են` նոր գիտակցում, ավելի ընկերական ու մտերմիկ են դառնում: Չնայած ծնողը չէր ուզում, բայց ես հասկացա, որ պարտավոր եմ հայտնել, եւ համապատասխան մարմիններն իրենց աջակցությունը ցուցաբերեն: Բոլորս պետք է հասկանանք, որ մեր համագործակցությամբ կհասնենք արդյունքի: Մեր ոստիկանները մեր կողքին են եւ աջակցում են»:
Ոստիկանությունը պարբերաբար դպրոցներում հանդիպումներ է ունենում աշակերտների հետ, տեղեկացանք, որ այս անգամ հանդիպելու են նաեւ աշակերտների ծնողների հետ, ձեր դպրոցում կայացե՞լ է այդ հանդիպումը։ «Վերջին դեպքերից հետո, իմ իմանալով, նախարարությունից հրահանգ են ստացել, որ շրջայց կատարեն: Մենք ունենք դպրոցում կցված համայնքային ոստիկաններ, ովքեր մեզ հետ սերտ համագործակցելով, անդադար աշխատանքներ են տանում, եւ այդ աշխատանքների արդյունքում ունենք բազում հաջողություններ: Այս պահի դրությամբ երեխաներին սովորեցնում ենք միմյանց հանդեպ հարգանք, որովհետեւ դա մեր առջեւ դրված կարեւոր կետերից մեկն է նաեւ»: Տնօրենից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելե՞լ է դպրոց։ «Մեզ մոտ չի եկել, հանդիպում է ունեցել ավագ դպրոցի աշակերտների հետ»: Նկատենք, որ այս նախընտրական փուլում ՄԻՊ-ը հանկարծ «արթնացել է» եւ ակտիվ շրջում է մարզերում, հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների, ավագ դպրոցների աշակերտների եւ տարեցների հետ: Օրեր առաջ էլ Անահիտ Մանասյանը ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանի հետ Հրազդանում էր:
Հասկանալի է, թե այս օրերին ՔՊ-ականներն ինչու են շրջում տարբեր կառույցներով, հանդիպում մանկավարժների, աշակերտների, տարեցների, երիտասարդների հետ, իրենց իսկ խոսքերով՝ «բազմաբովանդակ ու հետաքրքիր զրույցներ ու քննարկումներ ունենում»: Արդյոք մարդու իրավունքների պաշտպանին չէ՞ր հետաքրքրում Հրազդանի թիվ 11 դպրոցում տեղի ունեցած միջադեպը: Գալ Հրազդան ու չայցելել այն դպրոցը, որտեղ խնդիր կա` ծեծ ու անհաշտ մթնոլորտ, չզրուցել աշակերտների եւ ծնողների հետ, չբացատրել երեխաների իրավունքները: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունն այն քիչ ոլորտներից է, որով ՄԻՊ-ը կարող է անարգել զբաղվել` չմտնելով քաղաքական դաշտ: Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի ուժով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989-ի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ՝ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր