Փոփոխություններ ՌԴ մուտք գործելու կարգի մեջ ՀՀ քաղաքացիների համար
Mon, 02 Mar 2026 13:45:32 +0400

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականին ՌԴ եւ Հայաստանի միջեւ առանց վիզայի ուղեւորությունների մասին համաձայնագրերում փոփոխություններ կատարելու նախագծին։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, փոփոխություններով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրերով։ Այլ փաստաթղթերը կհանվեն ռուսաստանյան սահմանը հատելու համար թույլատրելի փաստաթղթերի ցանկից: Հայտարարությունում նշվում է, որ կատարվող փոփոխությունները համաձայնեցվել են պաշտոնական Երեւանի հետ եւ կձևակերպվեն նոտաների փոխանակմամբ։ Գործադիրը հավանություն է տվել Ռուսաստանի պատասխան նոտայի նախագծին՝ Հայաստանի առաջարկած փաստաթղթերի թարմացված ցանկն ընդունելու վերաբերյալ, որոնցով Հայաստանի քաղաքացիները կարող էին այցելել Ռուսաստան։
Այսպիսով, Ռուսաստան մուտք գործելու, այնտեղից դուրս գալու և գտնվելու համար Հայաստանի քաղաքացիների փաստաթղթերի ցանկում կմնան՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը, դիվանագիտական անձնագիրը և Հայաստան վերադարձի վկայականը (միայն Ռուսաստանից դուրս գալու համար, օրինակ՝ անձնագիրը կորցնելու դեպքում)։ Նշենք, որ ներկայիս՝ դեռեւս գործող կարգով Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան այցելել նաև ծննդյան վկայականով (մինչև 16 տարեկան երեխաների համար), զինծառայողների և մի շարք իրավապահ ու դատական մարմինների աշխատակիցների վկայականներով, օդանավի անձնակազմի անդամի թռիչքային վկայականով և երկաթուղային տրանսպորտի աշխատողի վկայականով (գնացքների բրիգադների կազմում գտնվելու ժամանակ)։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր