Շատ կզարմանամ, եթե այդ ընդդիմադիր գործիչը հայտնվի
Tue, 03 Mar 2026 12:18:40 +0400

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ դժվար է պատկերացնել ընդդիմադիր գործչի, ով վերապահումով կմոտենա փողոցային պայքարի գաղափարին։ Նրա խոսքով՝ Հայաստանում իրավիճակը փոփոխվում է գրեթե ամեն օր, և նման պայմաններում ընդդիմադիր ուժի կողմից այդ մեթոդից հրաժարվելը անհասկանալի կլինի։
Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանը ընդգծել է, որ եթե գտնվի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որը բացահայտորեն դեմ արտահայտվի փողոցային պայքարին, դա իր համար անակնկալ կլինի։
Միաժամանակ նա նշել է, որ արդեն նկատվում են սադրիչ քայլեր որոշ քաղաքական շրջանակների կողմից։ Ըստ նրա՝ փորձ է արվում Հանրապետական կուսակցությանը ներքաշել փոխադարձ մեղադրանքների դաշտ և դրդել կոշտ արձագանքի։
Մամիջանյանի համոզմամբ՝ այդ փորձերը հաջողություն չեն ունենա, քանի որ ընթացող գործընթացի հիմնական նպատակը ընդդիմադիր ուժերի համախմբումն է և ստեղծված հնարավորությունից առավելագույնս օգտվելը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր