«Հրապարակ»․ Ովքե՞ր էին Փաշինյանի կուսակիցները` իջեւանցի ծերո՞ւկը, թե՞ արտաշատցի խանութպանը

«Հրապարակ»․ Ովքե՞ր էին Փաշինյանի կուսակիցները` իջեւանցի ծերո՞ւկը, թե՞ արտաշատցի խանութպանը

Wed, 04 Mar 2026 09:15:03 +0400


Սկանդալային բաժանումից անմիջապես հետո հանրությանը զարմացնելու էստաֆետը կնոջ ձեռքից ընդունեց Նիկոլ Փաշինյանը: Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ նա ՔՊ-ականների ուրախ ավտոբուսով ընկավ մարզեմարզ՝ կարճ տեսանյութեր տեղադրելով իր էջում: Արանքում ձեռքի հետ լրագրողի մասնագիտությունն էր հիշել` ՔՊ-ական եղբայրության հետ հարցազրույցներ էր անում, «պեռաշկի» ու «կուկուռուզ» ուտում: Այդ կադրերը դիտելով, իհարկե, մարդիկ չէին մտածում՝ ապրի Նիկոլը, տեսեք` ռեստորան չի մտնում, նախկինների պես խաշ-խորոված չի ուտում, այլ զարմանում էին՝ մեր քթի տակ երրորդ համաշխարհայինն է սկսվել, բարեկամական երկիրը ռմբակոծում են, իսկ նա «պեռաշկի» է ուտում, ասում-խոսում, ծիծաղում այն ժամանակ, երբ բոլոր նորմալ երկրների ղեկավարները դիմում են իրենց ժողովուրդներին ու հակառակորդ կողմերին, փորձում են մի բան անել:

Բայց մենք այդպես էլ չհասկացանք, թե ովքեր էին Փաշինյանի կուսակիցները, որոնց շրջանում նա իբր «ներկուսակցական քարոզարշավ» էր անում: Իջեւանցի ծերո՞ւկը, որը վարչապետից իր դեղերն էր ուզում, թե՞ արտաշատցի խանութպանը, որը թույլ չտվեց նրան իր խանութ մտնել՝ քարոզ անելու, կամ էլ դիլիջանցինե՞րը, որոնց կիրակի օրով, առավոտ կանուխ դիվադադար էր անում վարչապետը՝ շնորհավորելով իշխանության փոխած վերելակը, թե՞ այն երեխեքը, որոնց հետ վարչապետը նկարվեց ու ստիպեց սրտիկ անել՝ մի նշան, որը վաղուց արդեն փչացրել են` քաղաքական իմաստ հաղորդելով, որը խորհրդանշում է ՔՊ-ի երկիմաստ սերը: Բոլոր տեղերում վարչապետը բացահայտ քարոզարշավ էր անում: Մասիսում անցնող-դառնողին բարեւում էր, մոտենում էր ծաղիկ, բանջարեղեն վաճառողներին, քաղաքացիներն իրենց հարցերն էին ուղղում իշխանությանը, նա էլ, թե բա՝ ես ի՞նչ անեմ, հո չե՞մ հրահանգելու, դուք ավագանուն նամակ գրեք` կլուծեն: Իհարկե, երբեմն Փաշինյանը մոռանում էր, որ չպետք է հրահանգի: «Մանկապարտեզի տնօրեն չնշանակեք, չնշանակեք` արգելում եմ»,- ասաց նա միամիտ տավուշեցուն, որն արդարություն փնտրելով, խնդրում էր իր աղջկան մանկապարտեզի տնօրեն նշանակել:
Ըստ էության, ընտրություններից 3 ամիս առաջ պետական միջոցներով ՔՊ-ն իրականացնում է նախընտրական քարոզարշավ՝ քողարկելով այն ներկուսակցական քարոզարշավի անվան տակ: Ընտրությունների օրինականության դիտարկման քաղաքացիական նախաձեռնությունը (ՕՐԻՆ-26) եզրակացրել է, որ վարչապետի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակվում է: Այս նախաձեռնությունը, որը ձեւավորել է նախկին պատգամավոր, «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանը, որը ներկայում ապրում է Լոս Անջելեսում, շաբաթվա կտրվածքով ուսումնասիրում է նախընտրական զարգացումները, քաղաքական ուժերի ակտիվությունը եւ 2 շաբաթում արդեն բազմաթիվ խախտումներ է արձանագրել՝ վարչական ռեսուրսի օգտագործում, թաքնված ընտրակաշառք` ի դեմս մանկապարտեզների աշխատողների աշխատավարձի բարձրացման, թոշակների բարձրացման մասին հայտարարության, ընդ որում՝ առանց կառավարության որոշում ընդունելու:

«28․02․26-01․03․26 թթ․ ընթացքում, ՔՊ ներկուսակցական քարոզարշավի նպատակով, կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, խոսնակը եւ փոխխոսնակը վարչապետի գլխավորությամբ հանդիպումներ ունեցան Մեծամոր, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ քաղաքների, ինչպես նաեւ՝ Տավուշի եւ Լոռու մարզերի բնակիչների հետ։ Այդ ընթացքում ՕՐԻՆ-ն արձանագրել եւ իր թիվ 54 եւ 56 գրություններով ԿԸՀ-ին տեղեկացրել է վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ մոտ 15 փաստի մասին»,- ասված է այս նախաձեռնության տարածած տեքստում: ՕՐԻՆ-ը դիմել է ԿԸՀ, սակայն որեւէ արձագանք չի ստացել, ապա կոչ է արել ԿԸՀ-ին՝ հարգել ՀՀ սահմանադրական կարգը:

Այն, ինչ կատարվում էր շաբաթ-կիրակի, Նիկոլ Փաշինյանի իբր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում, արդյո՞ք սովորական ընտրարշավ չէր, նախընտրական քարոզչություն, նա հանդիպում էր փողոցում մարդկանց, գովազդում կառավարության աշխատանքները՝ վերելակ սարքել, թոշակ բարձրացնել, արդյո՞ք ԿԸՀ-ն այս ամենը վերահսկում է՝ հարց ուղղեցինք ԿԸՀ-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ ԿԸՀ-ն վերահսկում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը՝ թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրությունների պարագայում: «ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ից հունիսի 5-ը, հունիսի 6-ը լռության օր է, հունիսի 7-ին էլ, մինչեւ 20:00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է: Սկսած 20:01-ից՝ ցանկացածը կարող է իրականացնել քարոզչություն, որովհետեւ մեր օրենսդրության մեջ չկա սահմանափակում, դրույթ կամ հոդված, որը որ արգելում է քարոզչությունն այն շրջանում, երբ դեռ նախընտրական ժամանակահատվածը չի սկսվել: Այդ շրջանում ցանկացածն ազատ է քարոզչություն իրականացնել: Նույն հարցը մեզ տալիս են ոչ միայն ՔՊ-ի, այլեւ այլ ուժերի մասին, որ, օրինակ, պաստառ են կպցնում, ավտոբուս է շրջում եւ այլն: Բոլոր այս իրավիճակներում, բոլոր քաղաքական միավորներն ազատ են իրենց գործողություններում: Դա մեր կողմից չի վերահսկվում: Մեր կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը»,- փոխանցեց ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գարիկ Սարգսյանին փոխարինողը երդվել է, բայց քվորում չի ապահովվել

Գարիկ Սարգսյանին փոխարինողը երդվել է, բայց քվորում չի ապահովվել Mon, 17 Aug 2026 15:14:21 +0400…

9 րոպե ago

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում Mon, 17 Aug 2026 15:01:54 +0400 Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ…

21 րոպե ago

Գաղտնի կապ․ ո՞ւմ է դիմել Թրամփը Իրանի հետ բանակցելու համար

Գաղտնի կապ․ ո՞ւմ է դիմել Թրամփը Իրանի հետ բանակցելու համար Mon, 17 Aug 2026 15:00:52…

22 րոպե ago

Մի պահ ինձ թվաց, թե պատերազմ է սկսել, մեկ էլ թե՝ Ազգային ժողովը սկսել ա՜․․․

Մի պահ ինձ թվաց, թե պատերազմ է սկսել, մեկ էլ թե՝ Ազգային ժողովը սկսել ա՜․․․…

38 րոպե ago

Արամ Հովհաննիսյանը նշանակվեց

Արամ Հովհաննիսյանը նշանակվեց Mon, 17 Aug 2026 14:35:25 +0400 Վահագն Խաչատուրյանի հրամանով նախկին ոստիկանապետ Արամ…

48 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ում քննարկում են Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը

#Ուղիղ․ ԱԺ-ում քննարկում են Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը Mon, 17 Aug 2026 14:30:52 +0400 Latest…

52 րոպե ago