Խաղաղությունը դեղորայքից լավ է․ Թեդրոս Ադխան Գեբերեյեսուս
Wed, 04 Mar 2026 19:30:20 +0400

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադխան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայիս էսկալացիայի պայմաններում տուժում են հատկապես բուժհաստատությունները, բուժանձնակազմերն ու բուժառուները։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Նա մանրամասնել է, որ մարտի մեկին Թեհրանի Մոթահարի հիվանդանոցի մոտ որոտացած պայթյունների հետեւանքով վնասվել են հիվանդանոցային շինությունների մի մասը եւ անձնակազմն ու բուժառուները ստիպված են եղել տարհանվել։ Վնասվել են նաեւ երկու անհետաձգելի բուժօգնության կայաններ Սարաբում եւ Համադանում։ Առնվազն երկու բուժաշխատակից էլ տուժել է։
«Ճգնաժամային իրավիճակներում հիվանդանոցներն ու կլինիկաները անհրաժեշտ են՝ ինչպես երբեք։ Դրա համար էլ շատ կարեւոր է, որպեսզի մշտապես ապահովվի նրանց պաշտպանությունը։ Կրկին կոչ եմ անում կողմերին կանխել բուժհաստատությունների, բուժաշխատողների եւ բուժառուների թիրախավորումը»,- գրել է ԱՀԿ ղեկավարը։
Գեբրեյեսուսը ընդգծել է, որ Մերձավոր Արեւելյան ներկայիս էսկալացիան ավելի ու ավելի է արտացոլվում ռեգիոնի առողջապահական հաստատությունների վրա։ Լիբանանում՝ հարավային Տյուրոսի շրջանում, բուժօգնություն ցուցաբերելիս երեք բուժեղբայր է զոհվել, եւս վեցը՝ վիրավորվել են։ «Կոչ եմ անում առավելագույնս զսպվածություն ու իմաստնություն ցուցաբերել, որովհետեւ խաղաղությունը դեղորայքից լավ է»,- ասել է Գերեբեյերսուսն իր գրառման մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր