Նիկոլի երկրորդ լուրջ սխալը

Նիկոլի երկրորդ լուրջ սխալը

Wed, 18 Mar 2026 19:15:48 +0400


Այսօր որոշել էի թարմ ուղեղով կրկին աչքի անցկացնել Արմինե Օհանյանի խմբագրականները, որպեսզի տեսնեմ, թե այդ ինչ կոչ է արել, որ ժամանակին աչքիցս վրիպել է: Այդպես եմ ասում, քանի որ սովորության համաձայն օրվա ընթացքում ընթերցում եմ «Հրապարակի» նյութերը: Եվ այդ թվում նաև գլխավոր խմբագրինը: Սովորությունն էլ գալիս է 25-30 տարի առաջ լրատվական գործակալություններից մեկում աշխատանքի տարիներից: Ինքս ինձ վրա պարտականություն էի դրել՝ օրվա վերջում նյութերը կարդալուց հետո միայն գնալ տուն: Բայց դա չի նշանակում, թե հայկական այլ կայքեր կամ ռուսալեզու (անգլերենիս իմացությունը բավարար չէ) օտար աղբյուրներ չեմ ընթերցում:

Վերադառնանք իբրև թե «բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր պարունակելու» առնչությամբ «Հրապարակի» գլխավոր խմբագրի նկատմամբ վարույթի հարուցմանը: Քանի որ Կարեն Վրթանեսյանն դա արդեն արել էր՝ որոշեցի խոսել դրան առնչվող հանգամանքի մասին: Այդպես էլի է եղել. հոդվածի մտովի մշակված գաղափարը փոխվել է՝ երբ այն հրապարակվել է ուրիշի կողմից: Ինչևէ, ասեմ, որ քրվարույթի հարուցումը գործող իշխանության ղեկավարի ինքնապահպանության բնազդի տիպիկ դրսևորում է: Հատկապես նախընտրական ժամանակահատվածում ցածր վարկանիշի պարագայում: Դրանով փորձ է արվում ոչ այնքան լռեցնել, որքան ստիպել, որպեսզի «Հրապարակի» լրագրողներն անցնեն ինքնագրաքննության խստացված ռեժիմի: Ինքնագրաքննության, քանի չեմ կարծում, թե Նիկոլը չի գիտակցում, որ Արմինեն չի վերածվելու գրաքննիչի: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն «Հրապարակի», այլև մնացած ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներին:

Դա՝ մեկ: Երկրորդ, նիկոլական քննչականի այդ քայլը վնասելու է հենց Նիկոլին: Զարմանում եմ, որ ինքը դա չի գիտակցել, թեև կարծում ենք, թե փիառի պրոֆեսիոնալ է: Բայց փիառի պրոֆեսիոնալ լինելը ենթադրում է ոչ միայն դրա գործիքների իմացություն ու կիրառում: Հատկապես որ դա նրա փոխարեն անում է վարձված ամերիկյան փիառ ինչ-որ ընկերություն: Պրոֆեսիոնալ լինելը ենթադրում է նաև այս կամ այն գործիքի կիրառման նպատակահարմարության հարցը ճիշտ դիտարկելը: Հատկապես այնպիսի գործիքի, ինչպիսին նման հոդվածով գործ կարելն է: Դա ձեռնտու չէ մի շարք գործոններով պայմանավորված: Նախ, ժամանակի առումով. նման գործի քննությունը կտևի ավելի, քան երեք ամիս: Իսկ հունիսի 7-ից հետո, ինչպիսին էլ լինեն քվեարկության արդյունքները, գործ կարելու իմաստը կորչում է: Եթե Հայաստանն ազատվի Նիկոլի իշխանությունից՝ այն մեխանիկոեն կչեղարկվի: Եթե, դժբախտաբար, Նիկոլը վերարտադրվի, դա նրան պետք չի գալու այն իմաստով, ինչ իմաստով կարվել էր: Եվ երրորդ, Արմինեին լռեցնելը. դա, իհարկե, որոշակի օգուտ կտա Նիկոլին, սակայն Արմինեի փոխարեն ու նրանից ավելի կոշտ կգրեն կամ կխոսեն մյուսները: Ու դա կնմանվի «Իմնեմնիմի»-ի դեպքին, երբ ձերբակալվեցին տղաները, բայց նրանց փոխարինողներ հայտնվեցին:

Մի խոսքով, ոնց գցում, բռնում եմ, «Հրապարակի» գլխավոր խմբագրի նկատմամբ քրգործ կարելը կլինի Նիկոլի երկրորդ մեծ սխալը: Առաջինը, հիշեցնեմ, հայոց եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմն էր, որ ավարտվեց բացարձակ տապալմամբ: Ու հենց այդ պատերազմից հետո երկրորդի մեջ թաթախվելը վկայում է, որ Նիկոլի քայլերն արդեն դարձել են հախուռն ու չկշռադատված: Ու այն շատ ավելի կմոտեցնի վերջինիս պարտությունը հունիսի 7-ին: Ինչը պետք է հաղթահարի կոպիտ ընտրակեղծիքներով ու ոստիկանական բռնություններով, բայց դա արդեն կլինի նրա 100 տոկոսանոց վերջը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար․․․». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանին

«Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար․․․». Լևոն Ջավախյանը՝ …