Եկեք բանակը քանդենք, սահմանապահներին տուն ուղարկենք, բոլոր ռեսուրսներն ուղղենք ոստիկանությանը
Wed, 04 Mar 2026 20:45:00 +0400
2026թ. փետրվարի 26-ին՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրը, Իլհամ Ալիևն, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության հինավուրց հայկական բնակավայրում՝ Իվանյանում, մասնավորապես, հայտարարել է. «…թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում։ Հենց այդ վախի շնորհիվ է, որ ադրբեջանական ժողովուրդն այսօր ապրում է խաղաղության մեջ»: Դրանից առաջ էլ Արցախի Մարտակերտում Բաքվի բռնապետը հայտարարել էր, որ վերջապես արդարությունը վերականգվել է և թշնամի հայ ժողովուրդը վռնդվել է Արցախից: Սա այն նույն Ալիևն է, որն ըստ Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի պատրաստվում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատել: Այս մասին «Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ:
– Մինչ Հայաստանի իշխանությունները խաղաղասիրության նկրտումներից կուրացել են, Ալիևը արդեն որերորդ անգամ է խոսում հայերին հաղթելու և վախի մեջ պահելու մասին:
– Ոչ մի նոր բան չկա ինձ համար: Սա Ալիևի ոչ առաջին, ոչ էլ երկրորդ հայտարարությունը չէ այդ մասին: Նա երբեք չի թաքցրել իր հայատյաց քաղաքականությունը, նրա պետական և անձնական գաղափարախոսությունը հայատյացությունն է: Այլ հարց է, թե ինչու են մեր երկրի ներսում հանրությանը ցանկանում կերցնել, թե իբրև խաղաղություն է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելով ամեն բան իր տեղը կընկնի: Ադրբեջանը ժամանակավոր հանդարտ պահը օգտագործում է, որպեսզի վերջնական հարված հասցնի Հայաստանին, իսկ ՀՀ իշխանությունները համառորեն ուզում են հավատացնել մեզ, որ խաղաղություն է եկել վերջապես և կարող ենք հանգիստ պերաշկի ուտել և Ադրբեջանի տնտեսությունն էլ ավելի ամրապնդենք մեր հերթին` բենզին գնելով և այլն և այդ ամենի հետ զուգահեռ թուլացնենք բանակը և անվտանգության բաղադրիչները:
– Բայց իշխանությունները պնդում են, որ այս խառնակ ժամանակներում, երբ երրորդ համաշխարհային պատերազմի նախադրյալներ կան, Հայաստանն այն բացառիկ ապահով երկրներից է, որի ուղղությամբ որևէ կրակոց չկա:
– Փաշինյանին վերարտադրվելու ժամանակ է տվել Ադրբեջանը, որպեսզի այս կործանիչ գործընթացը հասցվի ավարտին: Փաշինյանն ու իր ոհմակը այն համարում են հավերժական ձեռքբերում: Այն ստրատեգիական մտածողություն չունեցող մարդկանց գաղափարախոսություն է` հիմա լավ է, ուրեմն միշտ լավ է լինելու: Մի շատ պարզ օրինակ բերեմ` կրթություն չունեցող մի ՔՊ-ական բուժքույր դարձավ Առողջապահության հանձնաժողովի նախագահ, չունենալով ոչ գիտելիք, ոչ փորձ, ոչ հմտություններ, նրան էլ էր թվում, որ հավերժ այդ աշխատանքն է կատարելու, սակայն մի գեղեցիկ օր իրեն տշեցին, թե պաշտոնից, թե կուսակցությունից և թե ամեն տեղից: Ինչու եմ այս օրինակը բերում, որովհետև ստրատեգիական մտածողություն չունենալու արդյունքում այդպես է լինում միշտ: Հիմա սրանք մտածում են, որ եթե մի քանի ամիս Ադրբեջանը չի կրակել, ուրեմն վերջ, ամեն ինչ հրաշալի է: Եկեք բանակը քանդենք, սահմանապահներին տուն ուղարկենք և բոլոր ռեսուրսներն ուղղենք ոստիկանությանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ապահով զգա: Սա է այս մարդկանց տրամաբանությունն ու խելքի աստիճանը: Երկիրը վերածում են ոստիկանապետության, բայց պատերազմն անպայման գալու է, վստահաբար գալու է: Սա բացառիկ ժամանակահատված էր, որպեսզի երկրի անվտանգությունը կարգի բերեին, սակայն նրանք հիմա պերաշկի են ուտում և դեռ մի բան էլ նեղանում են, թե ինչու չենք գնահատում իրենց բերած «խաղաղությունը», որն արժեցավ 5000 և ավելի զոհ: Ալիևն անթաքույց հայտարարում է, որ հայերը չպետք է գոյություն ունենան, որ Հայաստանը պետք է միանա Ադրբեջանին:
– Փաշինյանն այս ամենի հետ հաշտ է, որն է Ադրբեջանի պատերազմ սկսելու մոտիվը:
– Մոտիվը` «Արևմտյան Ադրբեջանի» հաստատումն է: Ադրբեջանին պետք է Հայաստանն իր անծայրածիր ջրային ռեսուրսներով: Հայաստանը տարածաշրջանում միակն է, որն այդքան ջրային ռեսուրսներ ունի: