Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Երբ հարևանդ սգում է՝ պարզապես մա՛րդ եղիր

Երբ հարևանդ սգում է՝ պարզապես մա՛րդ եղիր

Thu, 05 Mar 2026 14:45:54 +0400


Երեկ անցնում էի Իրանի դեսպանատան մոտով, որը մեր շրջակայքում է։ Աստիճաններին դրված էին ծաղիկներ, փափուկ խաղալիքներ, փոքրիկ նվերներ։ Դրանք բերել էին ՀՀ քաղաքացիները՝ իրենց ցավակցությունն ու մարդկային համերաշխությունն արտահայտելու համար։ Այդ տեսարանը լուռ էր, բայց խոսուն․ մարդիկ երբեմն ավելի ճիշտ են խոսում ծաղիկներով, քան քաղաքական հայտարարություններով։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ընթացքում Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցը հարվածի տակ է ընկել, և ըստ իրանական աղբյուրների զոհվել է մոտ 165-180 մարդ՝ հիմնականում 7-ից 12 տարեկան դպրոցական աղջիկներ։ Այդպիսի դեպքը սահմռկեցուցիչ է։ Ոչ ոք չի կարող անտարբեր անցնել դրա կողքով և չխոնարհել գլուխը այդ երեխաների հիշատակի առաջ։
Այդ պահին հիշեցի մի փոքրիկ գրառում։

Mary L. Trump-ը՝ Դոնալդ Թրամփի զարմուհին, եղբոր աղջիկը, արձագանքել էր զոհված երեխաների լուսանկարին և գրել ընդամենը մեկ նախադասություն․

«Ես մարտահրավեր եմ նետում ցանկացածին՝ փորձել արդարացնել սա»։

Մի տողանոց այդ գրառումը, որքան էլ կարճ, բացում է մի պարզ ճշմարտություն․
երբ զոհվում են երեխաներ, քաղաքական ճամբարները, ազգությունները և գաղափարական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը։ Մնում է միայն մարդկային խիղճը։

Ինչու՞ դա հիշեցի։

Որովհետև սգացողը նախ և առաջ կարիք ունի ցավակցության, հոգատարության և մարդկային արձագանքի։ Ցավը պահանջում է ոչ թե ցուցադրական ժեստեր, այլ լռություն, հարգանք և համերաշխություն, համապատասխան վերաբերմունք։
Այս ողբերգությունից հետո Իրանը շատերի աչքում նման է վիրավոր առյուծի։ Երբ ազգի աչքի առաջ սպանվում են իր մանկահասակ աղջիկները, այդ ցավը դառնում է ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային։ Այդ պահին ամենակարևոր հարցը քաղաքական հաշվարկը չէ, այլ մարդկային արժանապատվությունը։

Այդ ֆոնի վրա հատկապես անհասկանալի է թվում այն հրապարակային թեթևությունը, որով Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է։ Այսօր կառավարության նիստում նույն անհոգությամբ հայտարարեց․

«Պարգևավճարների որոշումն ինձ հիմա հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել. Հայաստանը, որպես պետություն, բավարար չափով լրջացել է»։

Բառերը երբեմն դառնում են չափման միավոր։
Նրանք ցույց են տալիս՝ արդյոք իշխանությունը հասկանում է ժամանակի ցավը, թե՝ ոչ։
Հայաստանը և նրա քաղաքացիները վաղուց լուրջ են եղել։

Մեր ժողովուրդը չափազանց շատ է տեսել պատերազմ, կորուստ և սուգ, որպեսզի չիմանա՝ ինչ է նշանակում հարգել ուրիշի ցավը։
Այդ պատճառով այսօր ամենապարզ ու ամենակարևոր պատգամը կարող է լինել միայն սա․ երբ հարևանդ սգում է՝ պարզապես մա՛րդ եղիր ։

Երբ երեխաների հիշատակի առաջ մարդիկ ծաղիկներ են դնում դեսպանատան աստիճաններին, նրանք հիշեցնում են մի կարևոր բան․ քաղաքականությունը կարող է բաժանել պետություններին, բայց ցավը միավորում է մարդկանց։ Եվ եթե մարդկությունը ուզում է փրկվել իր իսկ ստեղծած ողբերգություններից, պետք է սկսի հենց այդ պարզ սկզբունքից․ ոչ մի գաղափար, ոչ մի շահ, ոչ մի իշխանություն չի կարող արդարացնել երեխայի մահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մասնակցելու ենք ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Մասնակցելու ենք ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Thu, 05 Mar 2026 16:22:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով