Պոպուլիզմ եւ ընտրակաշառք՝ բոլոր աններելի սխալների դիմաց

Պոպուլիզմ եւ ընտրակաշառք՝ բոլոր աններելի սխալների դիմաց

Thu, 05 Mar 2026 17:15:14 +0400


Այսօր կառավարությունը դե յուրե կընդունի այն, ինչ մի քանի օր առաջ դե ֆակտո վարչապետը որոշել, հայտնել եւ վերջացրել է։ Տագնապն այնպես է պատել իշխող ուժին, որ ամենօրյա ռեժիմով փորձում են ուղղել սխալները, որոնք կարող էին ազդել ընտրողի տրամադրության վրա։ Կան մարդիկ, որ կենսաթոշակի 10 հազարի բարձրացումը, այն էլ՝ ոչ բոլորի համար, գնահատեցին պոպուլիզմ, բայց եղան նաեւ գնահատականներ, թե սա ընտրակաշառք է։ Դժվար է չհամաձայնել թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ։ Սա պոպուլիստական որոշում է, որն իր էությամբ նման է ընտրակաշառքի։
Այսօր բոլոր տեսակի որոշումները երկրում կայացնում է մեկ մարդ, միահեծան։ Կառավարությունը գոյություն ունի նրա մտահղացումներին պաշտոնական դիզայն հաղորդելու համար։ Կառավարության անդամները եւ պատգամավորները պետք են շքախմբով պատարագի կամ ընտրարշավի գնալու, տեղ-տեղ՝ կարկանդակ, մյուս օրը մեկ այլ բան համատեղ ուտելու համար։ Մնացած հարցերը Փաշինյանը որոշում է միայնակ։ Մի գեղեցիկ առավոտ նա կարող է արթնանալ եւ գիշերային մտորումների արդյունքն անմիջապես հայտնել ընտրողին, առանց իր շքախմբին տեղյակ պահելու՝ առանց կառավարության քննարկման, առանց որեւէ մասնագիտական հաշվարկի կամ հիմնավորման։ Այդպես եղավ թոշակի 10 հազարով ավելացումը, որը դեռ պետք է մեկ տարի վճարեն, թե ինչպես՝ թերեւս իրենց էլ դեռ հայտնի չէ։ Մի բան կանեն, այս պահին կարեւորն ընտրվելն է։

Կենսաթոշակները 10 հազարով ավելացնելու խոսքն ուղղված էր 600 հազարի հասնող ոչ թե տատիկ-պապիկներին, այլ՝ կոնկրետ մեծ խումբ ընտրողներին։ Այդ ծախսը չի դիտարկվել բյուջեի պլանավորման ժամանակ եւ տեղ չի գտել բյուջեի մասին պետական օրենքում։ Ճիշտ հակառակը՝ այն ժամանակ ՔՊ-ականները՝ սկսած իրենց ղեկավարից մինչեւ շարքային քարոզիչ պատգամավորը, հիմնավորում էին, թե ճիշտ է եւ արդար, նաեւ՝ արդյունավետ, որ 10 հազարը կենսաթոշակառուներին տալու փոխարեն ուղղեն ապահովագրությանը՝ նրանց առողջական խնդիրների լուծմանը։ Հայտնի բառերը Փաշինյանի՝ այն մասին, թե կենսաթոշակառուները չեն իմանա՝ ինչպես ծախսել այդ 10 հազարը, բոլորը հիշեցին, ու շատերը վիրավորվեցին։ Ի դեպ, այդ գումարն առողջապահությանն ուղղելը սխալ չէր, սխալ էին ձեւակերպումները, հախուռն մտքերը, որոնք ստվերեցին, ըստ էության, այդ քաղաքակիրթ բարեփոխումը։ Ինչեւէ։

Եվ այս փուլում անգամ բառի սխալը շտկելու են՝ ծախսով, ամեն գնով, որեւէ կերպ, որպեսզի ստանան քվե ու էլի տարիներ կարողանան խոսել՝ անհաշվետու եւ հախուռն, գործել՝ անպատասխանատու եւ սխալ, կարեւորը՝ միանձնյա։ Հետո, դե ի՞նչ՝ հետո, նորից ընտրություններից առաջ թոշակ կբարձրացնեն ու կջրեն իրենց բոլոր մեղքերը։
Իսկ ինչո՞ւ հանկարծ բարիացան ու որոշեցին սխալներն ուղղել՝ արագորեն։ Ենթադրում եմ, որ ընտրություններից 3 ամիս առաջ իշխող ուժը նկատում է, որ ունի խայտառակ ցածր վարկանիշ, եւ վագրի թռիչքով փորձում է ներգրավել, գայթակղել մոտ 500 հազար ընտրողի։ Կենսաթոշակառուն, որ վաղուց չէր տեսել թոշակի ավելացում, սա կգնահատի․ հույս ունեն աճպարարությամբ՝ հատիկ առ հատիկ ընտրող սիրող ղեկավարները։ «Մեր տատիկ-պապիկները մեզ սիրում են, մենք էլ իրենց ավելի շատ ենք սիրում»,- ասում է Փաշինյանը՝ անուղղակի շեշտելով, որ այս բարձրացումն այդ սիրո համար է․ պետք է շեշտել ու ամրագրել՝ մենք իրար սիրում ենք, ուրեմն կընտրեք մեզ։
Դե ինչ, անկասկած է, որ կենսաթոշակառուների, այսպես ասած, սիրտները բարակեց՝ ուրախացան, եւ հենց այդ լուրի տարածման օրվանից զգացվեց, որ եղան մարդիկ, ովքեր գնահատեցին սխալի այդ ուղղումը, գոհացան։ Բնականաբար, խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իրենց սերն այդ 10 հազարով ի վիճակի են չափել․ նրանք կարտահայտեն իրենց գոհունակությունը քվեարկությամբ։

Բայց եկեք չբացառենք, որ կան նաեւ կենսաթոշակառուներ, ովքեր տեսնում են այս սիրո կեղծավորությունը, հասկանում են, որ իրենց սիրաշահում են միայն մեկ բանի՝ ընտրվելու համար։ Նրանք կստանան այդ գումարը ու, արդարեւ, իրենց պարտավոր չեն զգա՝ փոխհատուցել քվեով։ Եվ, իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են, թե որքան շատ են խաբվել հենց այս իշխանության կողմից, ինչպես են կորցրել Արցախն ու հազարավոր զավակներին՝ հանուն ոչնչի… ինչպես է հարձակման ենթարկվում ու վարկաբեկվում մեր Եկեղեցին, ինչպես են մարդկանց նետում բանտեր՝ խոսքի համար, ինչպես են իրենց խաբում ու սիրահետում՝ քվեի համար, ինչպես են խախտում օրենքներն ու Սահմանադրությունը եւ միահեծան թագավորության վերածում իրենց իսկ պատճառով վտանգի տակ հայտնված հանրապետությունը… Այդ մարդկանց առնել չի լինի։

Այո՛, կան մարդիկ, ովքեր այլեւս չեն ուզում այս կառավարությանը սիրել ո՛չ 10 հազարի, ո՛չ էլ 100 հազարի դիմաց։ Եվ, ուրեմն, մեկ վագրի թռիչքով կամ ձիու քայլով ում կարելի էր առնել՝ առան։ Լավ է, այդ մարդիկ, իրոք, իրենց պոտենցիալ ընտրողներն են, թող ընտրեն, չլինեն երախտամոռ, ինչպես մի քաղաքացի շեշտեց փողոցային հարցումների ժամանակ։

Բայց հանրույթը բազմադեմ է․ կան, որ երախտամոռ չեն ու ոչ էլ ուրացող են եւ չեն ուրանալու ամեն ինչ՝ միայն բարձրացված կենսաթոշակի համար։ Սխալների ուղղման այս շրջանում էլի բազմաթիվ պոպուլիստական քայլեր կտեսնենք, ու լիքը սիրառատ հայտարարություններ կլինեն։ Բայց կան սխալներ, որոնք նրանք ուղղել չեն կարող, ըստ ամենայնի՝ չեն էլ ուզում։ Իսկ եթե ուզեն էլ՝ չեն կարող։ Աններելի սխալներ՝ ուղղված մեր պատմությանը, մեր հիշողությանը, մեր անցյալին, մեր էությանն ու համազգային իղձերին։ Սխալներ՝ այնքան բեկումնային ու անշրջելի, որ նրանք այս երեք ամսում ուղղել չեն կարող, եւ, ցավոք, գուցե այլեւս ոչ ոք նրանց գործած սխալներից շատերը երբեւէ ուղղել չի կարողանա, ուստի դրանք նրանց ներել որեւէ կերպ հնարավոր չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի լրագրողի ընկերությունից խոշոր չափի գողություն է կատարվել

Հայտնի լրագրողի ընկերությունից խոշոր չափի գողություն է կատարվել Thu, 05 Mar 2026 23:30:00 +0400 Ամերիկացի…

13 րոպե ago

Դավիթ Դանիելյանը՝ իր թեկնածության չեղարկման մասին

Դավիթ Դանիելյանը՝ իր թեկնածության չեղարկման մասին Thu, 05 Mar 2026 23:15:46 +0400 Քիչ առաջ ՔՊ…

27 րոպե ago

2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է

2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է Thu, 05 Mar…

37 րոպե ago

Ալեգրիին հրավիրում են «Ռեալ»

Ալեգրիին հրավիրում են «Ռեալ» Thu, 05 Mar 2026 23:00:49 +0400 Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Մասիմիլյանո…

42 րոպե ago

Փաշինյա՛ն, ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը անձամբ դու ես․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյա՛ն, ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը անձամբ դու ես․ Իշխան Սաղաթելյան Thu, 05 Mar 2026 22:45:00…

58 րոպե ago

ԱՄՆ-ն չէր կարող չներքաշվել այս պատերազմի մեջ

ԱՄՆ-ն չէր կարող չներքաշվել այս պատերազմի մեջ Thu, 05 Mar 2026 22:30:00 +0400 Latest news…

1 ժամ ago