«Քովիդ-19»-ի գործը կհասնի՞ դատարան

«Քովիդ-19»-ի գործը կհասնի՞ դատարան

Thu, 05 Mar 2026 18:15:22 +0400


Թերեւս սկսեմ խոստովանությունից: Մեղքս ինչ թաքցնեմ, ես միշտ մտածել եմ, որ սրանք «Քովիդ-19»-ի գործը տակով են անելու, ծածկադմփոց ու գցելու են արխիվ: Եվ, ուրեմն, պատկերացրեք իմ ուրախությունը, երբ իմացա, որ այն օրերի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին հրավիրել են հակակոռուպցիոն դատարան՝ այդ գործով քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք տալու: Մի խոսքով՝ ուրախ եմ: Ուրախ եմ ոչ այն պատճառով, որ Անահիտ Ավանեսյանը, էս է, այնպիսի ցուցմունքներ է տալու, որ բանը հասնի ամենավերին «դիվան Փաշուն», այլ՝ այն, որ «գործը» կա, քննվում է, եւ հալբաթ մի օր մենք դեմքով կճանաչենք մեր ժողովրդի՝ այդ խաղաղ օրերի դահիճներին:

Գործը քրեական է, չէ՞: Այսինքն, մեջտեղում քրեական հանցագործներ կան, այսինքն՝ փրկագնով ու տնային կալանքով ոչ ոք չի պլստալու, չէ՞, մոտ 9 հազար մարդ է զոհվել, ու վաղեմության ժամկետի մասին խոսելն ապուշություն կլինի, չէ՞… Ահա եւ սպասում եմ՝ մեղավորների դեմքերը տեսնելու եւ երեսներին թքելու հույսով: Ախր, սրանք ավելի վատն են, քան 44-օրյա պատերազմի պատասխանատուներն ու մեղավորները: Սրանք ուրիշ «ֆրուկտ» են, սրանց ես գիտեմ ամերիկյան «ուժս» կինոներից, որտեղ զանազան հնարքներով ու դեղերով դանդաղ սպանում են անմեղ մարդկանց: Սրանք պիտի փտեն բանտում եւ աղերսեն, որ մի օր շուտ վերջ տրվի իրենց տանջանքներին:

Տիկին Ավանեսյան, ի՞նչ էիք զգում հակակոռուպցիոն դատարան գնալու ճանապարհին: Հանգի՞ստ էիք… Բա ինչո՞ւ վարորդին չկարգադրեցիք՝ մի հատ «պեռաշկի» առնի, որ ուտելով գնայիք… Ծամելով, գլխով նշան անելով, որ լավն է, համով է… Բայց նեղվելու բան չկա, տիկին Ավանեսյան: Ոչ ոք հակակոռուպցիոն դատարան բարձր տրամադրությամբ չի գնում: Փլավ հո չե՞ն բաժանում այդ դատարանում: Պետք է քեզ զգոն ու ձիգ պահես, ավելորդ բաներ չխոսես: Դա էլ հո բյուջեի քննարկում չէ՞, որ ճտպտաս ու թվեր կրակես: Ցուցմունք տալիս պետք է առնվազն այդ թվերին տիրապետես, պետք է անգիր իմանաս, թե քովիդի օրերին ով առաջինը նկատեց, որ «հոտին անտեր ոչխար է խառնվել», ով ասաց՝ մորթենք, ով ոտքերը բռնեց, ով մորթեց, ովքեր «կերան»: Այս մախինացիաները, տիկին Ավանեսյան, մոտ 9 հազար մարդու կյանք են արժեցել:

Հայկական կինոներում ֆրազներ կան, որոնք երբեք չեն ծերանում ու ամեն առիթով գործածվում են՝ սկսած դատարանից եւ վերջացրած վարչապետի խոսույթով: Ձեզ, տիկին Ավանեսյան, հնարավոր է նաեւ հարցնեն՝ «ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում քովիդի օրերին»: Խորհուրդ կտայի պարտիզանություն չանել եւ խոսել, որովհետեւ այս հարցի պատասխանը ոչ միայն քրեական վարույթի նախաձեռնողներն ունեն, այլեւ՝ ողջ ժողովուրդը: Ո՞վ բերեց քովիդը, ո՞վ ասաց՝ արաղով բուժենք, ո՞վ ասաց` սա սովորական գրիպ է, ո՞վ էր այդ օրերին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ անում: Մի խոսքով՝ շաշկի խաղացողները մեկը կամ երկուսը չեն եղել… Վարչապետ, առողջապահության նախարար, Հայաստանի պարետ, «դիմակահանդեսի» կազմակերպիչներ, թեստավորման կենտրոնների ղեկավարներ, քովիդի քարտեզ հորինողներ եւ անգամ փողոցներում քաղաքացիներին տուգանող ոստիկաններ: Սրանց մի մասին Դուք եք ճանաչում, տիկին Ավանեսյան, մյուս մասին՝ այն օրերի Ձեր անմիջական ղեկավարը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որին, ի դեպ, նույնպես հրավիրել են հակակոռուպցիոն դատարան՝ ցուցմունք տալու: Դրա համար էլ եմ ուրախ:

Թերթերը գրել էին, որ Անահիտ Ավանեսյանը դատարանից 2 անգամ ծանուցում է ստացել, սակայն զբաղվածության պատճառով չի ներկայացել։ Ի վերջո, օրերս ներկայացել է եւ ցուցմունք տվել։ Թե ինչ բովանդակություն են ունեցել ցուցմունքները, եւ ինչ զարգացումներ կարձանագրվեն գործով, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։ Հավելեմ, որ առայժմ չի հաղորդվել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունի գործող նախարարն այս գործով՝ վկայի՞, թե՞ վերադասի հանցանքները թաքցնողի:

Բանն այն է, որ Անահիտ Ավանեսյանն այս գործով ամենակարեւոր «քննվող» անձն է, պատկերացրեք՝ ավելի կարեւոր, քան Արսեն Թորոսյանն ու վերջինիս վերադասները: Ինչո՞ւ: Բացատրեմ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես Թորոսյանին ափալ-թափալ, դեռ քովիդի հաշվետվությունը չներկայացրած, ազատեցին առողջապահության նախարարի պաշտոնից ու վազեցնելով՝ բերին խորհրդարան: Սա հին ու բարի ժամանակների «տրյուկ» է, որին հաճախ են դիմում երկրի ղեկավարները, երբ գիտակցում են, որ բարձրաստիճան պաշտոնյայի «վառած կրակը» կարող է հասնել իրենց փեշերին: Արսեն Թորոսյանին, կարելի է ասել, իջեցրին ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը: Եվ Անահիտ Ավանեսյանի «վտիտ» ուսերին մնաց նրա թողած հետքերի մաքրման դժվարին գործը: Ճիշտ է, պատգամավոր Արսեն Թորոսյանին ԱԺ-ում մի քիչ կսմթեցին, հիշեցրին, որ պետք է դեռ հաշվետվություն ներկայացնի, բայց ավելի առաջ չգնացին: Պատգամավորի պաշտոնում Թորոսյանն իրեն պահեց իսկական «մարտիկի» պես՝ հրաձգություններին պատասխանելով սպառնալիքներով, թե բոլորին եւ հատկապես պարետ Ավինյանի հետ փոխկապակցված մարդկանց ջրի երես կհանի:

Հետո տիրեց մի երկար ու անհարմար լռություն, մինչեւ նրան նշանակեցին սոցիալական հարցերի (թոշակների) նախարար: Թվում էր՝ վերջ, գործը փակեցին, գնաց: Բայց արի ու տես, որ «Քովիդ-19»-ի գործով կա քրեական վարույթ, եւ առողջապահության ու սոցապնախարարներ են կանչվում հարցաքննության: Հրաշալի է: Կեցցեն մեր քննիչները: Ոչ ոք չի պլստալու՝ ո՛չ վարչապետը, ո՛չ պարետը, ո՛չ էլ մյուսները, որ դույզն-ինչ կապ են ունեցել «քովիդի դեմ պայքար» կոչված խեղկատակության հետ: Պետք է գնալ մինչեւ վերջ` «ըստ էության ու ամբողջությամբ» բացահայտել գործը եւ մեղավորներին կանգնեցնել դատարանի առջեւ: Սա կարեւոր է, եթե կուզեք՝ ավելի կարեւոր, քան մարտի »-ի գործը, որ այս իշխանությունների թեթեւ ձեռքով պարտակվեց ու տրվեց մոռացության: Իրենք հո իրենց չէի՞ն դատելու…

Ես ուզում եմ հավատալ, որ «Քովիդ 19»-ը սրանք չեն մարսելու: Իրենք էլ չհասցնեն քննել՝ հաջորդ իշխանությունն այդ քննությունը կհասցնի ավարտին, ու մեղավորներն իրենց պատիժը կստանան: Օգնություն պե՞տք է այս հարցում… Խնդրեմ: Դատարան հրավիրեք քովիդի դեմ պայքարում իրեն լավագույն կողմերով դրսեւորած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նա շատ բան գիտի այն օրերին Հայաստանի բարեկամ երկրներից որպես օգնություն եկած ֆինանսական միջոցների, դեղորայքի, բժշկական սարքավորումների մասին, որոնք փոշիացվել են՝ չհասնելով իսկական շահառուներին:

ՀԳ. Արսեն Թորոսյան, ես քեզ ասե՞լ էի, որ մի օր ստիպված ես լինելու հաշվետվություն տալ: Ասել էի…
ՀԳ 1. Բոլորը գիտեն, որ իմ մեկ հատիկ ձայնն այս ընտրություններում ո՛չ ՔՊ-ի համար վճռորոշ կլինի, ո՛չ ընդդիմության: Տեսեք, ուրեմն, ինչ եմ ասում: Ես պատրաստ եմ իմ մեկ հատիկ ձայնը տալ թիվ 1 ամուրիին, եթե նա մինչեւ հունիսի 7-ը բացահայտի Արսեն Թորոսյան կոչվողի էությունը:
ՀԳ 2. 44-օրյա պատերազմը բոլորովին այլ թեմա է՝ այլ պատասխանատուներով ու մեղավորներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի լրագրողի ընկերությունից խոշոր չափի գողություն է կատարվել

Հայտնի լրագրողի ընկերությունից խոշոր չափի գողություն է կատարվել Thu, 05 Mar 2026 23:30:00 +0400 Ամերիկացի…

14 րոպե ago

Դավիթ Դանիելյանը՝ իր թեկնածության չեղարկման մասին

Դավիթ Դանիելյանը՝ իր թեկնածության չեղարկման մասին Thu, 05 Mar 2026 23:15:46 +0400 Քիչ առաջ ՔՊ…

29 րոպե ago

2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է

2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է Thu, 05 Mar…

38 րոպե ago

Ալեգրիին հրավիրում են «Ռեալ»

Ալեգրիին հրավիրում են «Ռեալ» Thu, 05 Mar 2026 23:00:49 +0400 Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Մասիմիլյանո…

43 րոպե ago

Փաշինյա՛ն, ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը անձամբ դու ես․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյա՛ն, ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը անձամբ դու ես․ Իշխան Սաղաթելյան Thu, 05 Mar 2026 22:45:00…

59 րոպե ago

ԱՄՆ-ն չէր կարող չներքաշվել այս պատերազմի մեջ

ԱՄՆ-ն չէր կարող չներքաշվել այս պատերազմի մեջ Thu, 05 Mar 2026 22:30:00 +0400 Latest news…

1 ժամ ago