«Հրապարակ»․ Իրենք կողմ են իշխանության ուզուրպացիային
Fri, 06 Mar 2026 09:45:58 +0400
Իշխանությունները վերջին շրջանում շարունակ ասում են՝ «Գյումրի 2» չի լինելու: Մոռանալով, թե ինչ է տեղի ունեցել 2023-ի աշնանը Երեւանի ավագանիում, մատի փաթաթան են դարձրել Գյումրու օրինական ընտրությունները: «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստանի» երկրորդ համարը զբաղեցնող Դերենիկ Մալխասյանին հարցրինք, թե ինչ ասել է «Գյումրի 2 տեղի չի ունենալու», ինչ անօրինական բան է տեղի ունեցել Գյումրիում: Մալխասյանն ասաց. «Իշխանությունը նման քաղաքական եւ քաղաքագիտական հիմարություններ դուրս տալով, ըստ էության, մատնում է իր վախերը: Նրանք շատ են խոսում ժողովրդավարության մասին, ասում են, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, սակայն իրենց ստեղծած արժեքները փաստում են լրիվ հակառակի մասին: Գյումրիում տեղի է ունեցել ընտրություն, որի արդյունքները, իրավական խնդիրները, ազատությունը, անկախությունը, անկաշառությունը որեւիցե մեկի կողմից կասկածի տակ չեն դրվել երբեք, այդ թվում` իշխանությունների: Տեղի են ունեցել նորմալ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել են տարբեր ուժեր, այդ թվում` ընդդիմադիր, իշխանություններն էլ որոշեցին համագործակցել եվրաբաջանաղների հետ, դա էլ իրենց գործն է: Ընտրություններում հավաքական ընդդիմությունը ստացել է 50+ ձայն եւ հաղթել է իշխանություններին: Ժողովրդի կամքով ձեւավորվել է իշխանություն, այսինքն` տեղի է ունեցել սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն Գյումրիում: Կազմավորվել է իշխանություն, քանի որ հաղթել է ընդդիմությունը: Հիմա եթե իշխանությունը վախենում է «Գյումրի 2»-ից, դա նշանակում է, որ նրանք փաստացի վախենում են սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունից: Սա իշխանությունների կողմից առնվազն քաղաքական, քաղաքագիտական տգիտության արդյունք է: Եթե կասկածի տակ են դնում սահմանադրական ճանապարհը, եթե Գյումրու ընտրությունների արդյունքները քննադատում են, դա նշանակում է, որ իրենք կողմ են իշխանության ուզուրպացիային` հակասահմանադրական ճանապարհով իշխանության ձեւավորումն է նրանց համար ընդունելի տարբերակ: Սա է իշխանության հասնելու Նիկոլի պատկերացումը: Նրանք այդպես էլ փողոցով իշխանություն զավթելուց առաջ չգնացին: Եթե քննադատում են Գյումրու ընտրությունները, դրանով իսկ խոստովանում են, որ ամեն բան անելու են իշխանությունը պահելու համար` դիմելու են տարբեր անօրինական մեթոդների, քանի որ Գյումրիում ամեն բան եղել է օրենքի սահմաններում, իսկ այս մարդկանց դա ձեռնտու չէ, նրանք թքած ունեն ժողովրդի կամքի վրա, քվեի վրա, ցանկության վրա: Ասում են` սա եկավ իշխանության` լավ մարդ չէ, նա եկավ իշխանության` վատն է: Ձեր ի՞նչ գործն է, մեծ հաշվով, եթե ժողովուրդն է որոշողը, ո՞րն է խնդիրը»: