Տնօրենին ստիպել են ազատման դիմում գրել
Fri, 06 Mar 2026 11:51:27 +0400
Մեր տեղեկություններով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։ Նախարարությունից, ըստ լուրերի, պատճառաբանել են, որ Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։ Հիմնադրամում այս փաստը ծանր են տարել, անգամ աշխատակիցները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին, իրենց վրդովմունքն արտահայտելով և խնդրանքով, որ քայլեր ձեռնարկի։ Որպես բողոքի նշան, աշխատանքից ազատվելու իր պատրաստակամության մասին է հայտնել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ նա իրենց մարդը չէ և ցանկանում են յուրային նշանակել այս պաշտոնին։ Թերևս ավելի էական է այն, որ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է Ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչը այս իշխանությունների սրտով չէ և օր առաջ ցանկանում են ազատվել նրանից և մի ապազգային անձ նշանակել։
Զանգեցինք Գզոյանին, նրա հեռախոսին պատասխանած անձը ներկայացավ գիտքարտուղար, ասաց, որ Գզոյանը զբաղված է։ Հարցրեցինք՝ ճի՞շտ են ազատման դիմում գրելու մասին լուրերը, կամուկացով փորձեց հերքել։ Հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ կոլեկտիվը վարչապետին եւ ԿԳՍՄ նախարարին դիմում է գրել՝ բողոքելով տնօրենի ազատման դեմ․«Այդ հարցը մենք մի փոքր ավելի ուշ․․․չէ նման բան չի եղել», ասաց մեր զրուցակիցը հարկ համարելով ավելացնել․«Այս պահին բնականոն հունով աշխատում ենք»։ Իսկ հնարավո՞ր է առաջիկա ժամերին կամ օրերին տնօրենը հրաժարական տա․«Վստահ ասել չեմ կարող», եղավ պատասխանը: