Ինչ դեր են խաղալու քրդերը Մերձավոր Արեւելքի նոր էսկալացիայում
Fri, 06 Mar 2026 13:15:10 +0400

Մերձավորարեւելյան լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Իրաքից քրդերը սկսել են մասնակցել Իրանի կրոնապետական վարչակարգի դեմ իրականացվող ռազմական արշավին։ Ըստ հրապարակումների, Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը քրդական զինված խմբավորումներին դիտարկում է որպես գործիք՝ Իրանի դեմ ճնշումն ավելացնելու համար, թեեւ պաշտոնապես քրդական շրջանակներից հայտարարություններ հնչել են, որ չեն ներքաշվելու այժմյան «մեծ հրդեհի» մեջ։ Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից խորհրդակցություններ են անցկացրել Իրաքյան Քուրդիստանի քուրդ առաջնորդների եւ իրանական ընդդիմադիր շրջանակների ղեկավարների հետ։ Խոսքը քուրդ զինված խմբավորումներին ցուցաբերվելիք աջակցության մասին է, որոնք գործում են իրանա-իրաքյան սահմանի երկայնքով։
Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ ռեգիոնում ոչ պակաս, քան հազար իրանցի քրդական զինյալներ կան, որոնց մի մասը պատրաստ է ակտիվ աշխատել Թեհրանի դեմ։ Առհասարակ, եթե ուշադիր լինենք վերլուծաբաններին, ապա քրդական գործոնն ավանդաբար հանդիսանում է առավել զգայուն բաղադրիչներից մեկը ռեգիոնալ քաղաքականության ոլորտում։ Քրդերն ապրում են միանգամից մի քանի ռեգիոնալ երկրում՝ Իրան, Իրաք, Թուրքիա եւ Սիրիա։ Եվ քրդական զինված խմբավորումներին աջակցությունը արտաքին խաղացողների մոտ հաճախ դիտարկվում է որպես տվյալ երկրներից որեւէ մեկի վրա կենտրոնական իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոց։ Իրանի համար քրդական շարժումների ակտիվացումը, ըստ փորձագետների, համարվում է լուրջ ռիսկ՝ ներքին անկայունության համար, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում։ Դրա համար է, որ Թեհրանն ավանդաբար բավականին խիստ ձեւով է արձագանքում ռեգիոնում ցանկացած ռազմական խմբավորման դիրքերի ամրացմանը։ Եթե հաջողվի քրդերին ներքաշել ներկայիս ռեգիոնալ «մեծ հրդեհի» մեջ, ապա հնարավոր է, որ զգալիորեն բարդանա Իրանի իշխանությունների գործը։ Նաեւ՝ կարող է տարածվել հարեւան երկրներում, որտեղ քրդերը զգալի թիվ եւ ուժ են ներկայացնում՝ նշում են վերլուծաբանները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր